Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՒՏՔԸ՝ ՆԵՐՍԻ ԿՈՂՄԻՑ

Ապրիլ 03,2009 00:00

ԴԱՐԵՀԻ ՈՍԿԵ ԿՈՃԱԿԸ

Անշուշտ, մարդը մենակ է ծնվում եւ մեռնում է դարձյալ մենակ: Ու մարդու ապրածն ընդամենը կյանք-մահ կարճատեւ ճանապարհն է, որը ըստ էության փախուստ է մենությունից, այսինքն թե՝ մահվանից, որի դեմ ամեն ոք մենակ է յուրովի: Եվ եթե այդ ճանապարհին ձեւակերպվել, հաստատվել է ապրողի եսը, կամ եթե չի հաստատվել ու մնացել է աննկատ, միեւնույն է՝ վերջաբանը նույնն է, սակայն բառերի մեջ ձեւակերպումներն են տարբեր…

Մանկությանս տարիներին՝ արեւոտ անձրեւից հետո, կիսաքանդ աստիճաններով բարձրանում էի տանիք, որի կանաչ անվերջությունը ձգվում, հասնում էր մինչեւ հորիզոն, ուր կապույտի մեջ ծփում էին հեռո˜ւ, անտառապատ լեռներըը իսկ ամենավերջում՝ գրեթե սարերին քսվող, փոքրիկ սեղանն էր, որի շուրջ նստած իմ դասընկեր Գրիգորի հաշմանդամ քույրերը բոված գարուց սուրճ էին խմում: Ես վազում էի, չգիտեմ՝ դեպի նրա՞նց, թե՞ կապույտ լեռները. հիշում եմ միայն, որ ինձ թվում էր, թե ուր որ է թեւեր կառնեմ ու կթռնեմ նրանց վրայով դեպի կապույտ սարերը: Ինձ թվում էր… Բայց այդպես էլ չթռա, այլ մնացի նրանց հետ՝ շարունակելով, սակայն, թռնել երազներիս մեջ: Եվ մի օր, չգիտեմ՝ թռիչքի ահագնությո՞ւնն էր մեղավոր, թե՞ ես վրիպեցի, ու ընկա կիսախավար մի փոս, ուր ինձ մոտեցավ մեկը, որի դեմքը անտեսանելի էր, բայց ձեռքերը՝ տեսանելի: Եվ փողի դիմաց ինձ ոսկե դրամներ առաջարկեց ու մաշված, խունացած դրամապանակից հանեց եւ ինձ ցույց տվեց Մակեդոնացու ոսկեդրամը, հետո ինձ անհայտ եւս չորս թագավորների դրամներ ցույց տվեց, վերջում՝ մի տարօրինակ ոսկյա առարկա, հարցրի՝ սա էլ է դրա՞մ, ասաց՝ ոչ, դա Դարեհ թագավորի խալաթի ոսկե կոճակն է: Ես տվեցի նրան իմ մոտ եղած փողը եւ, չգիտեմ ինչու, զարմացած էի, որ Տիգրան Մեծի դրամը չկար: Հետո արդեն՝ հրաժեշտից առաջ, նորից հնչեց նրա ձայնը. Մի՛ մոռացիր արքային հաղորդել, որ զգույշ լինի ներքեւից դեպի վերեւ իրեն նայողներից եւ զգուշանա պնակալեզներից…

Հնչեց հեռախոսի զանգը, ու ես արթնացա, քնաթաթախ դուրս նայեցի պատուհանից եւ տեսա, որ ծիրանենին ծաղկել է: Տե˜ր Աստված, ինչ լավ է, որ նորից գարուն է, իսկ ես դեռեւս թռչում եմ երազներիս մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել