Լրահոս
Օրվա լրահոսը

Հողատարածքը փակել է «հողի հարեւանը»

Ապրիլ 09,2009 00:00

Սեփականատիրոջ իրավունքը խախտված է

Անշարժ գույքի կադաստրի վարչության պետ Մանուկ Վարդանյանին (արդեն՝ նախկին- Ա. Հ.) դիմել է Երեւան Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքեխվյան փ. 31/1 շենքի 2-րդ բն. բնակիչ Գեորգի Սաղաթելի Առաքելյանը: Նա «Առավոտին» պատմեց հետեւյալը. «Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում փեսայիս՝ Ա. Ղազարյանին, սեփականության իրավունքով պատկանող 8000 քմ հողատարածքը մշակվում է իմ կողմից, որի համար կա համապատասխան լիազորագիր։ Հողատարածք մուտք գործելու ճանապարհը հարեւան հողատիրոջ՝ Արսեն Հակոբյանի կողմից արդեն 8 տարի փակված է, եւ այն ապօրինի օգտագործվում է։ Բազմիցս մի քանի հողատերերով բանավոր դիմել ենք գյուղապետ Ա. Պապիկյանին՝ հարցը կարգավորելու համար, սակայն՝ անարդյունք»։ Հարեւանները 2006 թ. հուլիսին գրավոր դիմել են գյուղապետին՝ հարցին օրենքի սահմաններում լուծում տալու խնդրանքով եւ ստացել պատասխան՝ «ճանապարհը փակել է հողի հարեւան Արսեն Հակոբյանը եւ այն կբացեն միայն նրա երրորդ խոտհունձից հետո»։ Բայց Պապիկյանի կողմից տրված գրավոր խոստումները առ այսօր մնում են թղթի վրա։ 2007թ. Գ. Առաքելյանը դիմել է գլխավոր դատախազություն, սակայն նամակը ուղարկվել է Արագածոտնի մարզպետի քննարկմանը՝ հարցը լուծելու նպատակով։ Մեկ ամիս անց Գ. Առաքելյանը պատասխան է ստացել Արագածոտնի մարզի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ա. Դավայանից, իբր հողատարածքի ճանապարհը բացված է՝ մարզպետի բանավոր հանձնարարականի հիման վրա։ Սակայն պատասխանը ընդհանրապես չի համապատասխանել իրականությանը. 8 մ լայնությամբ ճանապարհի հատվածը Ա. Հակոբյանի կողմից օգտագործվում է որպես հողատարածք։ «Գյուղապետի կողմից իբրեւ 2 անգամ փորձ է կատարվել ճանապարհը բացելու, սակայն չի հաջողվել: Երրորդ անգամ՝ 2008 թ. աշնանը, իբրեւ բացել են ճանապարհը, սակայն ցանկացած մարդ կասի, որ դա ճանապարհ չէ, այլ Ա. Հակոբյանի վարած հողատարածքն է։ Գարնանը Ա. Հակոբյանը ցանք պետք է կատարի, այդ ժամանակ պատկերն ավելի պարզ կլինի»,- ասում է Գ. Առաքելյանը, որը հարցի լուծման համար 2 անգամ դիմել է ՀՀ նախագահին, վարչապետին, ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին, բայց դիմումները, ըստ Գ. Առաքելյանի, հասցեատերերին չեն հասնում, այլ վերահասցեագրվում են մարզպետարան։ Նա խնդրել է այլեւս դիմումները չուղարկել մարզպետարան, քանի որ այնտեղ «հանցավոր համաձայնության են եկել գյուղապետի հետ եւ տալիս են ոչ իրական պատասխաններ»։ «Այս ժամանակահատվածում դիմել եմ կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ պարոն Բաշոյանին, որի բանավոր հանձնարարության համաձայն, դիմել եմ Թալինի կադաստրի պետ Հ. Եղիազարյանին՝ տեղում հարցը պարզելու նպատակով։ Հարց եմ բարձրացրել ճանապարհի, նաեւ հորս կողմից ժառանգություն ստացած հողակտորի հարցով։ Թալինի կադաստրի կողմից ստանալով ժառանգության վերաբերյալ փաստաթուղթը, սեպտեմբերի 14-ին գրավոր դիմել եմ գյուղապետին, հայտնելով, որ իմ հայրը ստացել է մի հողաբաժին՝ 800-երորդական տարածքով։ Գյուղապետը ինձնից պահանջեց վերադարձնել կադաստրի կողմից ինձ տրված վկայականը, հետ ուղարկեց կադաստրի բաժին՝ ճշտելու իմ պահանջը։ Երկու շաբաթ անց՝ ընտրություններից հետո, Արագածավան ժամանեց Հ. Եղիազարյանը՝ չափագրող մասնագետների հետ։ Նրանց նպատակն էր չափագրել եւ ճշտել հողատերերի կողմից յուրացված հավելյալ հողամասերը։ Չափումներ կատարելուց հետո ցույց տվեցին ճանապարհի հատվածը, սակայն մինչ օրս ոչ մի աշխատանք չի կատարվել ճանապարհի հարթեցման նպատակով»,- ասաց Գ. Առաքելյանը։

Իսկ ինչ վերաբերում է ժառանգություն ստացած հողատարածքին, որը հատկացրել են նրան, այն գտնվում է երկու սարերի մեջտեղում, անջրդի է, հետեւաբար՝ անօգտագործելի, հարեւանության հետ կապ չունի: Նույնիսկ խորհրդային տարիներին այդ հողատարածքի վրա ցանք չի կատարվել։ «Մինչդեռ սեփականաշնորհման ժամանակ, երբ հայրս ստացել է հողատարածքը, այն եղել է հարթ, օգտագործվել է որպես ջրովի տարածք։ Այն գաղտնի վարել են՝ հետքը կորցնելու նպատակով»,- հայտնեց Գ. Առաքելյանը։

Նա խնդրում է ուղարկել համապատասխան մասնագետ՝ տեղում հարցը վերջնականապես պարզելու եւ սեփականատիրոջ իր իրավունքները պաշտպանելու համար։ Մեր զրուցակիցը նշեց, որ անարդարության արդյունքում կաթված է ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել