Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏԻԿՆԻԿՆԵՐԻՆ ԿԴԱՐՁՆԵԻ ԸՆՏԱՆԻՔԻՍ ԱՆԴԱՄ»

Ապրիլ 17,2009 00:00

\"\"Ասում է տիկնիկավար, ՀՀ վաստակավոր դերասանուհի Լուսինե Սարգսյանը

Հայաստանում խամաճիկային թատերարվեստն ունի շուրջ 20-ամյա պատմություն եւ միայն վերջերս Երեւանի խամաճիկների թատրոնի տիկնիկավար դերասանուհի Լուսինե Սարգսյանն առաջինը արժանացավ վաստակավորի կոչման:

Տիկնիկավարն ուսանել է Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայի մարիոնետային բաժնում, ճանաչված տիկնիկավար, բեմադրիչ եւ մանկավարժ Նիկոլայ Նաումովի արվեստանոցում: Վերջինիս հայ հանդիսատեսը ծանոթ է Երեւանում նրա իրականացրած «Արքայադուստրը եւ արձագանքը», «Սիրո պատմություն», «Ծիտը» բեմադրություններից: Անվանի արվեստագետը մեզանում հայտնի է նաեւ երկրաշարժից հետո իր յուրատեսակ օգնությամբ. 1989թ. նա եկավ եւ Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի մարիոնետային բաժնում ուսանելու նպատակով քննություն ընդունեց շնորհալի երիտասարդներից, որոնք, թվով 20 հոգի, մեկնեցին Սանկտ Պետերբուրգ: Նրանց թվում էր Լուսինե Սարգսյանը: «Առավոտի» զրույցը արդեն վաստակավոր դերասանուհու հետ սկսեցինք հետեւյալ հարցով. ի վերջո, ո՞ւր անհայտացան Սանկտ Պետերբուրգում պատրաստված եւ Ն. Նաումովի կողմից Երեւանի խամաճիկների թատրոնին նվիրած տիկնիկները, հնարավոր չէ՞, արդյոք, վերականգնել դրանք, հետեւաբար եւ ռուս արվեստագետի կողմից արված երեւանյան բեմադրությունները: Լ. Սարգսյանը նախ կեսկատակ-կեսլուրջ հայտնեց, որ եթե հնարավոր լիներ, սիրով այդ տիկնիկներին իր տան անդամ կդարձներ, հետո էլ ասաց. «Նման տիկնիկներով կարող էին հպարտանալ Օբրազցովի, չինական խամաճիկների թատրոնները: Դրանք թանկ տիկնիկներ էին, յուրաքանչյուրն արժեր մի քանի հազար դոլար: Տիկնիկների ճակատագրի մասով ոչինչ ասել չեմ կարող, դրանք պարզապես անհայտացել են…»:

Դառնալով տիկնիկավար դերասանի մասնագիտությանը՝ հետաքրքրվեցինք՝ հե՞շտ է լինել հենց այդ թատրոնի դերասանուհի, որտեղ քո փոխարեն գործում է խամաճիկը, իսկ հանդիսատեսի հետ շփման միջոցը ընդամենը տիկնիկավարի ձայնն է: «Մեր թատրոնի խաղացանկում կան ներկայացումներ թե մանուկների եւ թե մեծահասակների համար: Առաջին հայացքից դժվար է թվում, իսկ երբ տարիների ընթացքում հմտանում ես, որոշակի վարպետություն ձեռք բերում, ապա աշխատանքդ դառնում է այնպիսին, ինչպիսին, օրինակ, դրամատիկական թատրոնի դերասանինն է»,- ասաց արվեստագետը: Դիտարկմանը, թե այսօր խաղացանկային թատրոնների դերասանները հաճախ բողոքում են բեմադրությունների քանակից, զրուցակիցս պատասխանեց. «Մեր թատրոնում նման խնդիր չկա, խաղացանկում ունենք 25-ից ավելի ներկայացում: Գիտեմ, որ, օրինակ, Աննա Էլբակյանի «Հույսի աստղը» կամ «Աշխարհի արարումը» մեծ պահանջարկ են վայելում: Մյուս բեմադրությունները՝ կատարված Ռուբեն Մարուխյանի, Արմեն, Լիլի Էլբակյանների եւ մյուսների կողմից, ապահովում են լեցուն դահլիճներ»: Հավանական է, որ Խամաճիկների թատրոնի արդեն նախկին գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանն առաջիկայում կստանձնի Գ. Սունդուկյանի անվան թատրոնի նույնանուն պաշտոնը, մտատանջո՞ւմ է այս լուրը տիկնիկավար դերասաններին: Լ. Սարգսյանը պատասխանեց. «Այդ հարցը թատրոնում քննարկման առարկա չի դարձել: Մյուս կողմից՝ հանրահայտ ճշմարտություն է. ցանկացած արվեստագետ՝ որտեղ իրեն լավ է զգում, այնտեղ էլ պետք է արարի»:

Տեղեկացնենք նաեւ, որ Լ. Սարգսյանը Համաշխարհային տիկնիկային գործիչների միության (նախագահ՝ Արմեն Սաֆարյան) հայկական կենտրոնի անդամ է: Կազմակերպությունը բարեգործական նպատակներով իրականացնում է հիմնականում մասսայական միջոցառումներ: Մեծ արձագանք է ստացել վերջին տարիներին Թումանյանի ծննդավայր Դսեղ գյուղում կազմակերպված Հեքիաթի տոնը, որին սիրով մասնակցում է նաեւ Լ. Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել