Լրահոս
Օրվա լրահոսը

Տիչինայի բնակիչները պատասխանի են սպասում

Մայիս 29,2009 00:00

Տեւական ժամանակ է, ինչ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Տիչինայի փողոցի բնակիչները մատնվել են խուճապի: Քաղաքապետարանից ինչ-որ մեկը նրանց ասել է, որ տները քանդելու են, իսկ բնակիչներին՝ տեղափոխելու: Երկու տարի առաջ լսած լուրը օր-օրի թարմացվում է ու նոր հնչերանգներով հասնում բնակիչներին: Տիչինայի փողոցում բացառապես առանձնատներ են եւ բնակիչները տարիների ընթացքում երկրորդ, երրորդ հարկ են ավելացնում կամ նորոգում եղածը: Առանձնատնային փողոցներում եւ թաղամասերում՝ այդ թվում եւ Տիչինայի փողոցում, շինարարությունը անընդհատ պրոցես է: «Հիմա չգիտենք՝ շարունակե՞նք մեր սկսած շինարարությունը, թե՞ նստենք-սպասենք՝ ինչ է լինելու»,- ասաց Գ. Սարգսյանը, ով 2000 թվականից տուն է սարքում՝ հույսով, որ 10 տարվա ընթացքում կավարտի: «Իմ ու կնոջս աշխատանքով մանր-մանր հավաքել, ամեն անգամ մի բան սարքել ենք: Հիմա էլ ասում են, թե պիտի քանդեն: Բա ըտենց ոնց կիլնի… Կամ եթե քանդելու են, բա մի ղեկավար չգա ասի՝ ժողովուրդ ոչինչ չձեռնարկեք, ոչ մի շինարարություն չսկսեք, որովհետեւ, էդ տունը, որտեղ ապրում եք՝ ձեզնից առնելու ենք…»,- ասաց բնակիչը:

Նրա փոխանցմամբ, տեղեկության արժանահավատությունը ճշտելու փորձեր են արել քաղաքապետարանից, բայց ոչինչ չի ստացվել: Ստիպված՝ ապավինել են «Առավոտի» միջամտությանը:

Իսկ «Առավոտը» տեղեկությունը ճշտելու համար դիմեց նույն քաղաքապետարանին: Ու թեեւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը պարտավորեցնում է տեղեկատվությունը տրամադրել հարցումը ստանալուց հնգօրյա ժամկետում, սակայն մայիսի 12-ին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն ուղարկած հարցմանը առայսօր պատասխան չենք ստացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել