Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր մտահոգությունները՝ մի նամակում

Հուլիս 08,2009 00:00

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին

Մեծարգո նախագահ, հարգարժան վարչապետ եւ նախարար, մենք, քաջ գիտակցելով, որ մեր ձայնը հնչելու է որպես «ձայն բարբառոյ հանապատի», չենք ուզում բարձրացնել ազգակործան հետեւյալ հարցերը:

ա) Մեր դպրոցը կանգնած է անդունդի եզրին, եթե չի գլորվել արդեն այդ կործանարար վիհը:

բ) Կրթությունը հանրապետությունում դարձել է հիմնավոր բիզնես (հատկապես բուհերի ընդունելության քննությունները), վկան՝ գլուխկոտրուկ թեստերը՝ կեսգիշերին աճուրդի հանված, առաջին անգամ ազատ եւ անկախ մեր հայրենիքում անցկացված հայոց պատմության տապալված քննությունը 9-րդ դասարանում (երեխաները քննության էին եկել՝ պատասխանները գրպաններում եւ ներկայացրել անթերի աշխատանքներ)։ Ի դեպ, բազմաթիվ դպրոցներից նախարարության «թեժ գիծը» ահազանգեր է ստացել, բայց չի պատասխանել, թե ինչ սկզբունքով պետք է ստուգվեն այդ աշխատանքները։ Չէ՞ որ կատարվել է պետական հանցագործություն, իսկ ԶԼՄ-ները լռում են… թե՞ թշնամու ամենակարող դեսանտ էր իջել ՀՀ-ում, որ այդպես տապալեց հայոց պատմության քննությունը:

գ) Հանրապետության դպրոցների տնօրենների, փոխտնօրենների, մեթոդմիավորումների մեծ մասը (եթե ոչ բոլորը) կարող էր կազմել այն ուսուցիչների ցուցակը, որոնք կարող են աշխատել ավագ դպրոցում, մինչդեռ այսօր ավագ դպրոցում աշխատելու համար վերապատրաստվում են ավագ դարձած դպրոցների բոլոր ուսուցիչները, խելքի՛ աշեցեք…

դ) Ամեն օր մրցույթում հաղթող, ազգային հորջորջվող վայ-դասագրքերը (առանց լավ դասագրքերի՝ խոսք չի կարող լինել ազգային դպրոցի մասին):

ե) Այդ ո՞ր հանճարեղ ուղեղի շնորհիվ խնդիրներ լուծող (խոսքը մաթեմատիկայի միասնական պետական քննության թեստի չորս առաջադրանքների մասին է) աշակերտի գնահատականը մեխանիկորեն մեկ միավորով իջավ չլուծող կամ սխալ լուծող աշակերտների համեմատությամբ:

զ) Տասնյակ ու տասնյակ դպրոցների տնօրենների կամայական վերաբերմունքը, կեցվածքն ու վարվելակերպը, անհամապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին:

է) ….

Հարգարժան նախագահ, վարչապետ եւ նախարար, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մեզ հուզող հետեւյալ հարցերը:

ա) Շուրջ երկու տարի է՝ հանրապետության ուսուցիչների մեծ մասն աշխատում է առանց «ազատ» աշխատանքային օրվա, այսինքն՝ մենք իրավունք չունենք հիվանդանալու, բժշկի դիմելու, փաստաթղթային հարցեր կարգավորելու ու, վերջապես, հանգստանալու։ Դրան ավելացան նաեւ ուսուցչի՝ մինչեւ ժամը չորսը դպրոցում մնալու անհեթեթ հարկադրանքը (կարծես թե 5-6 ժամ պարապող ուսուցիչը, որն այսօր աշխատում է 30-36 աշակերտանոց դասարաններում, կարող է առանց սնվելու ու հանգստանալու եւս երկու ժամ մնալ եւ աշխատել դպրոցում)։ Երեւի մտածում են, որ ուսուցչի աշխատանքը ներկարարի, խառատի կամ հող փորող բանվորի աշխատանք է։ Չէ՞ որ ուսուցիչների մեծ մասը շարունակում է աշխատել տանը, հաճախ մինչեւ կեսգիշեր, ո՞վ է սահմանել ուսուցչի համար 14-16-ժամյա աշխատանքային օր։ Ակնհայտ է, որ աշակերտների հետ լավագույնս կարող է աշխատել ֆիզիկապես եւ հոգեպես առողջ ուսուցիչը. ինչո՞ւ եք մի ամբողջ երկիր զրկել այղպիսի ուսուցիչներ ունենալու հնարավորությունից:

բ) Հիմնական դպրոցներն այսօր հայտնվել են աղետալի վիճակում. դրույքը 18 ժամից՝ 20, ապա 22 դասաժամ դարձնելով՝ դուք դպրոցները դրել եք այն վիճակում, որ մի շարք առարկաների համար դպրոցին անհրաժեշտ է…0,5 ուսուցիչ։ Այժմ էլ, ավագ դասարաններից զրկվելով, հիմնական դպրոցները հայտնվել են իրենց ուսուցիչներին «կրճատելու» հրամայականի առջեւ: Գուցե մի 5-6 տարի ժամկետով վերանայվի՞ դրույքաչափը:

գ) Խնդրում ենք մշակել ու դպրոց ուղարկել այն չափանիշները, որոնցով կարող է պատժվել կարգազանց աշակերտը։

Բարոյազրկումը սկսվում է դպրոցից, եւ վա՜յ այն երկրին, որի աշակերտները դպրոցում արդեն անցնում են ամենաթողության եւ անարդարության միջով եւ պիտի դառնան տվյալ երկրի «արժանավոր» քաղաքացիներ։ Նման հանրապետությունը ինքն է իր կործանման փոսը փորում։

Հարգարժա՛ն նախագահ, վարչապետ եւ նախարար, մենք՝ հանրապետության ուսուցիչներս, դասավանդած լինելով 18-20 միավոր ստացած աշակերտներին, ամենայն լրջությամբ եւ պատասխանատվությամբ հավաստիացնում ենք, որ նրանց 80%-ը նույն քննությունը վերահանձնելու դեպքում (եթե հնարավոր լինե՛ր…) կտապալվեր։ Ահա ձեզ կաշառակերության եւ ինֆորմացիայի արտահոսքի վառ փաստը, այդ ինչպե՞ս պատահեց՝ դպրոցում հազիվ 10-12 միավորի սանդղակում գտնվող աշակերտները միասնական քննության արդյունքում դարձան 18-20 միավոր վաստակողներ։

Նամակի տակ ստորագրել է այս օրերին վերապատրաստվող՝ թվով 36 ուսուցիչ, ստորագրությունները խմբագրությունում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել