Լրահոս
Օրվա լրահոսը

5. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Հոկտեմբեր 02,2009 00:00

\"\"
Նուբարաշենի թիվ 18 հատուկ գիշերօթիկ դպրոցի սաները։

\"\"
Դպրոցի սան Արսեն Առաքելյանը։

\"\"

Մարզիչ Արթուր Զավարյանը կարատե դո բուսիդո մարզաձեւի խմբի անդամների հետ։

Հաջորդ օրը վաղ առավոտյան կրկին բախեցի Հատուկ գիշերօթիկ N 18 դպրոցի պահակի դուռը: Այն բացվեց ու Ասլիբեկ Գեւորգյանի դեմքը լցվեց ժպիտով:

– Համեցեք, ներս գնացեք, դաստիարակների հետ կխոսեք, տնօրենը քիչ հետո կգա:

Նուբարաշենի մասին ժողովրդի մեջ տարածված է «Յոթ «հրաշալիքների» քաղաք» արտահայտությունը: Յոթ «հրաշալիքների» թվում են 11 եւ 18 հատուկ դպրոցները, Երեւանի քաղաքային աղբանոցը, Քրեակատարողական հիմնարկը (Նուբարաշենի բանտ), գերեզմանոցը:

Մինչեւ դաստիարակչուհուն կանչելը ծանոթանում եմ նախասրահի պատերին փակցված նյութերին: Ձախ կողմում երեխաների մասնակցությամբ միջոցառումների լուսանկարներ են: Առանձնանում են սպիտակ կիմանո հագած երեխաների մրցամարտի պատկերները: Լուսանկարների մի մասը պատմում է երեխաների մասնակցությամբ ինչ-որ ներկայացման մասին: Դիմացի դռանը աստվածաշնչյան տողերն են. «Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դուք արեք նրանց»: Աջ կողմի պատին գրված է.

«Հետեւի՛ր մտքերիդ. դրանք դառնում են խոսքեր,

Հետեւի՛ր խոսքերիդ. դրանք դառնում են գործունեություն,

Հետեւի՛ր գործունեությանդ. դրանք դառնում են սովորություն,

Հետեւի՛ր սովորություններիդ. դրանք դառնում են բնավորություն,

Հետեւի՛ր բնավորությանդ. այն դառնում է քո ճակատագիրը»:

Եկավ դաստիարակ Գայանե Եղիազարյանը: Նա զրույցի համար ինձ ճաշասրահ հրավիրեց: Երեխաները ավարտել են նախաճաշը, իսկ մինչեւ ճաշ բավականին ժամանակ կա:

– Հետաքրքիր է, թե ինչպե՞ս եք այս դպրոցում ընդունվել աշխատանքի: Այսինքն՝ պատահակա՞ն է եղել դա, թե՞ ընտրության ճանապարհ եք անցել:

– Ես ավարտել եմ Ճարտարագիտական համալսարանի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը, -ասաց Գայանե Եղիազարյանը, -սակայն աշխատանքից ազատ ժամանակ Հայ ավետարանչական ընկերության կողմից կիրակի օրերին կամավոր գալիս էի այս դպրոցը, երեխաներին օգնում տարբեր հարցերում, նույնիսկ շորերը կարկատում: Երեխան մեր հասարակության ամենաթույլ, անպաշտպան օղակն է, խարխլված, տրոհված ընտանիքներից երեխաները հայտնվում են փողոցում, մուրացկանություն անում: Նա հոգեբանորեն խախտված է, չափից դուրս ագրեսիվ: Եթե մենք նրանց մեջ տեսնում ենք երեխայի, ապա ոստիկանությունը տեսնում է պոտենցիալ հանցագործի: Բայց եւ հասարակությունն էլ է նպաստում, որ նա խախտվի: Ամենաբարեկեցիկ ընտանիքներն անգամ ապահովված չեն, որ իրենց երեխան միանգամայն այլ միջավայր կընկնի: Ինտերնետ ակումբներում երեխան շատ հեշտ գայթակղվում է, քրեական ֆիլմերով է ճանաչում կյանքը: Այս պայմաններում հեշտ չէ փրկել երեխային: Մենք՝ դաստիարակներս, գիտենք, որ ամենաճիշտ ազատությունը երեխաների համար կարգապահությունն է: Մեր դպրոցի հիմքը կարգապահությունն է: Տասը տարվա ընթացքում այստեղ հինգ տնօրեն է փոխվել: Փառք Աստծո, հիմա կարգավորվել է ամեն ինչ: Երեխան տեսնում է, որ հոգ ենք տանում իր մասին, ձգտում օգնել:

– Պատմեք երեխաների մասին:

– Տասնչորս տարեկան երեխա ունենք, որը տառաճանաչ չէ: Մայրը բացատրում է, որ դպրոցում ուսուցիչը փող է պահանջել, չի կարողացել տալ, ստիպված դպրոցից դուրս է բերել: Երեխան տնային տնտեսությամբ է զբաղվել: Բավականին բարդ է այդ երեխային կրթել: Ահա այսպիսի խնդիրներ էլ ենք լուծում:

Դպրոցի տնօրեն Ծովինար Գեւորգյանին հանդիպեցի նախասրահում: Բացատրեցի այցելությանս նպատակը:

– Երբեմն լրագրող է գալիս, կարծես թե ամեն ինչ ընկալել է, բայց մի այնպիսի անգրագետ, անտեղյակ նյութ է հրապարակում՝ զարմանում ես:

– Ես նախ պետք է ամեն ինչ հասկանամ,- ասացի ես,- հետո մտածեմ, թե ինչով կարող եմ օգտակար լինել: Մամուլն էլ խոցելի է, մանավանդ որ, ոչ լիարժեք լրագրողները քիչ չեն: Ի վերջո, մամուլը հասարակության հայելին է ոչ միայն արտացոլելու իմաստով, այլ՝ իր ներքին որակով: Ծուռ հայելիներ՝ ինչքան ուզեք:

– Երկու տարի առաջ եմ ընդունել դպրոցը,- ասաց տնօրենը,- այն, ինչ կար՝ աշխատանքային մեթոդները, միջավայրը, դաստիարակության ձեւերը, ես չէի ընդունում: Սկսեցի կադրային փոփոխություններից: Իննսուն տոկոսով կազմը փոխել եմ: Երեխան պետք է հավատա եւ վստահի մեզ: Կարող եմ ասել, որ հիմա արդեն վստահում է:

– Կոլեկտիվն ու երեխաները հե՞շտ համակերպվեցին ձեր պահանջներին:

– Հիշելիս անգամ վատ եմ զգում: Երեխաների միջոցով արեցին ամեն ինչ, որ հեռանամ ու չխանգարեմ իրենց: Իսկ իրականում դպրոց չկար: 15-16 տարեկան չորս երեխաներ եկան ինձ մոտ, հայտնեցին, որ ինձ որպես տնօրեն չեն ընդունում: Պայթուցիկներ էին խփում իմ գրասենյակի դռանը, պատերին: Խմիչք էին տվել երեխաներին, որ ավելի համարձակ գործեն: Անընդհատ սպառնալիքներ էին հնչում իմ հասցեին: Հեշտ էր թողնել ու հեռանալ: Բայց մտածեցի, որ իրավունք չունեմ երեխաներին, այս կարեւոր դպրոցը ճակատագրի քմահաճույքին ու մանավանդ նրա նախկին կոլեկտիվի կամքին թողնել: Ոստիկանությունից եկան: Սակայն թույլ չտվեցի, որ տանեն երեխաներին: Ես եկել եմ փրկելու նրանց եւ ոչ թե պատժելու: Հետո դպրոցի ապակիները ջարդեցին: Ես ոչ մի տեղ չհայտնեցի այդ մասին: Ով պատերազմի երեխաների հետ՝ նա կպարտվի: Երեխաներին բացատրեցի, որ եկել եմ իրենց օգնելու: Իսկ այս դպրոցի նպատակը մեր հասարակության խոցելի մի շերտը շտկելն է, փողոցում հայտնված վարքային շեղում ունեցող երեխային հասարակության լիարժեք անդամ դարձնելը: Երեխաները ընդունեցին ինձ ու իմ ստեղծած նոր կոլեկտիվին: Ես առաջարկում եմ սա «Սասնա ծռեր» դպրոց անվանել, որպեսզի երեխան այստեղ իրեն որպես բանտում չզգա: Ամեն երեխա իր արժանապատվությունն ունի: Իսկ այն կոտրելը շատ վտանգավոր է: Մեզ մոտ անհատական մոտեցում է իրականացվում յուրաքանչյուր երեխայի նկատմամբ:

– Քանի՞ սանիկներ ունեք դպրոցում:

– Յոթանասունվեց երեխա, որից տասնչորսը՝ աղջիկներ: Ճիշտ չէ միայն տղաներ ունենալը: Երկսեռ դպրոցը ավելի ճիշտ կառուցվածք է: Ի վերջո, մենք երեխաներին պատրաստում ենք հասարակության մեջ ինտեգրվելուն: Եթե նրանք լիարժեքորեն պատրաստ չլինեն՝ անպայման կոմպլեքսավորման, թերարժեքության զգացման բարդություններ կունենան: Կրթության նախարարությունը, մանավանդ նոր նախարարը, հասկանում եւ գնահատում է մեր աշխատանքը, ձգտում ամեն ինչում օգնել մեզ:

– Ես մինչեւ այստեղ գալս հետաքրքրվել եմ դպրոցի ճակատագրով: Կան ուժեր, որոնք մի բարձրաստիճան պետական այրի օժանդակությամբ ուզում են փակել տալ դպրոցը, տեղում հյուրանոցային համալիր կառուցել: Կարող եմ ասել այդ պետական պաշտոնյայի անունը:

– Ինձ էլ է հետաքրքիր: Տարածում են այն գաղափարը, թե դպրոցը չի արդարացնում իրեն: Դա դիտավորյալ են անում: Մենք դպրոցի համար սկաուտական-սեպուհական մարզական դպրոցի նոր կանոնադրություն ենք մշակել, որի հիմնական ուղղություններն են՝ հանրակրթական, ռազմական կրթություն, մարզական եւ մշակութային: Նախարարությունը, հուսով եմ, կընդառաջի եւ կօգնի: Այս դեպքում ընտանիքից ու հասարակությունից դուրս մնացած երեխաներն իրենք կգտնեն մեզ, կիմանան, որ երկրում մի օջախ կա, որը ոչ միայն մտահոգված է իրենց խնդրով, այլեւ օգնում է հասարակություն վերադառնալու:

– Եթե շարունակվեն հալածանքները, ես կհրապարակեմ շահագրգիռ անձանց անունները՝ ինչ պաշտոնի էլ լինեն,- ասացի ես, – ավելի շուտ՝ կառաջարկեմ այցելել դպրոց, թող տեսնեն, թե իրականում ումից են ուզում խլել այն: Ես հիմա կցանկանայի հանդիպել երեխաների հետ:

Երկրորդ հարկի սրահում հավաքվեցին տարբեր տարիքի տասնհինգ երեխաներ:

– Ո՞վ կարող է բանաստեղծություն արտասանել,- դիմեցի ես:

Առաջինը ձեռք բարձրացրեց 14-ամյա պատանին.

– Նվեր Ռզգոյան,- ներկայացավ նա ու պաթետիկ շնչով հայրենասիրական բանաստեղծություն արտասանեց:

– Բանաստեղծություն շա՞տ ես սիրում:

– Այո, շատ:

– Փորձե՞լ ես ինքդ գրել:

– Փորձել եմ, բայց դեռ ոչինչ չի ստացվում, -խոստովանեց Նվերը:

Երեխաների մի մասն ընդգրկված է թատերական խմբակում: Արդեն բեմադրել են Արտաշես Քալանթարյանի «Սահակ» պիեսը: Գլխավոր դերերում Արամայիս եւ Արսեն Առաքելյան եղբայրներն են: Երեխաները այս ներկայացմամբ կմասնակցեն «Նռան հատիկ» հանրապետական մրցույթին:

– Ձեզանից ո՞վ է ծառ տնկել,- հարցրի ես:

– Ես խաղողի վազ եմ տնկել,- ասաց Արամայիսը,- ամեն անգամ ստուգում եմ, թե ինչքան է աճել:

– Ուր էլ գնաս, իմացիր, որ այդ խաղողի վազի գրաված հողը քոնն է,-ասացի ես:

Դիմեցի վերջերս Արարատից Նուբարաշենի հատուկ դպրոց եկած եղբայրներին.

– Այստեղի ճաշն է լա՞վ, թե՝ տան ճաշը:

– Տանը լավն է,- պատասխանեց վեցամյա երեխան:

Երեխաների մայրը ամբողջ օրը դաշտում է աշխատում, ու երեխաները դուրս են մնացել հանրակրթությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել