Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԱԽՏԻ ԽԱՂԸ» ԱՄՈԹՈՎ ՉԹՈՂԵՑ

Ապրիլ 14,2010 00:00

Դարցի մրցաշարի հաղթողները գտնում էին, որ դիպուկ հարվածելու համար պետք է բախտ ունենաս

Հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը հաշմանդամության խնդրով զբաղվող հ/կ-ների եւ ԶԼՄ-ների մոտ 40 ներկայացուցիչների շաբաթ օրը բերել էր «No Problem» ժամանցի կենտրոնում անցկացվող դարցի 3-րդ մրցաշար եւ ուժերը փորձել տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող մարդկանց հետ:

Մրցաշարին մասնակցելու էր եկել նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը: Նա վստահեցնում էր, որ եկել է ոչ որպես չինովնիկ, այլ՝ սովորական մասնակից, որը պիտի փորձի ամոթով չմնալ: Հասմիկը ողջ խաղի ընթացքում կրկնում էր՝ «դարցը բախտի խաղ է, ով բախտ ունի՝ կհաղթի» եւ հենց նա էլ արժանացավ կանանց մրցաշարում առաջին մրցանակային տեղին՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ իսկապես մեր երկրում գործադիր իշխանության ներկայացուցիչները «բավականին բախտավոր» են: Երկրորդ տեղը գրավեց «Հույսի կամուրջ» հ/կ-ի հատուկ մանկավարժ Սոնա Ավետիսյանը, իսկ 3-րդ մրցանակային տեղին արժանացավ Հանրային ռադիոյի «Մարզական խաչմերուկ» հաղորդաշարի լրագրող Գոհար Նալբանդյանը:

Մրցաշարի առաջին փուլից դուրս մնացած Արմինե Կարախանյանը թեեւ շատ էր տխրել, որ այդ օրը չստացվեց դիպուկ հարվածներ ուղղել, սակայն ընդհանուր առմամբ շատ ոգեւորված էր միջոցառումից. «Շատ եմ սիրում դարց: Երկու օր առաջ եկել եմ, պարապել եմ, այդ օրը լավ էր ստացվում, բայց այսօր, ցավոք, չստացվեց: Ինձ համար ամենակարեւորը այս միասնական ջերմ մթնոլորտն է, մեծ ադրենալին ստացա»:

Սպինալ հաշմանդամների «ՍԿԱՌՊ» հ/կ նախագահ Աշոտ Մկրտչյանը դարցի նախորդ մրցաշարին տղամարդկանց խմբի չեմպիոն էր դարձել, բայց այս անգամ նա մրցանակային տեղ չգրավեց: Ա. Մկրտչյանի խոսքերով՝ «Սպորտային տրամադրության առումով շատ եմ տխրել, բայց միաժամանակ շատ ուրախ եմ, որ մասնակցել եմ»: Աշոտը նախկինում զբաղվել է ծանրամարտով ու չնայած հիմա սայլակով է տեղաշարժվում, դա նրան բացարձակապես չի խանգարում լավ մարզավիճակում լինել եւ սպորտային ոգին չկորցնել:

Տղամարդկանց խմբում 1-ին եւ 2-րդ տեղերը գրավեցին «Մեդիամաքսից» Կարեն Անտոնյանը եւ Դավիթ Ալավերդյանը, 3-րդ տեղին արժանացավ Հանրային ռադիոյից Սերգեյ Կիրակոսյանը:

Հաղթողները ստացան «Ակվատեկ» մարզաառողջարանային համալիրի զեղչային քարտեր:

«Սպորտը՝ հանուն հավասար հնարավորությունների» խորագրով մրցաշարը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները, որոնք հատուկ շնորհակալագրեր եւ հուշանվերներ էին պատրաստել նաեւ «No Problem»-ի, Հայաստանի դարցի ֆեդերացիայի եւ «Ակվատեկի» համար: Նշենք, որ այսօր մեր երկրում քիչ գործարարներ են գիտակցում, որ կարելի է լավ, գեղեցիկ գաղափարների համար մի փոքր զիջումների գնալ, տարածք տրամադրել կամ զեղչեր կիրառել ու PR անել: «Առավոտի» հետ զրույցում «Հույսի կամուրջ» հ/կ-ի ներկայացուցիչ, «Արեւածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանն իր մտահոգությունը հայտնեց, որ հաշմանդամների համար մարզական միջոցառումներ կազմակերպելիս հաճախ են մերժումներ ստանում մեր բիզնեսմեններից, երբ խոսք է գնում զեղչեր կիրառելու մասին: «Հույսի կամուրջը» նման մի միջոցառման համար ստիպված է եղել մոտ 600 հազար դրամ վճարել «Միկա» մարզահամալիրի սեփականատերերին. նրանք զլացել են գոնե մի քիչ ընդառաջել՝ հաշմանդամ մարդկանց մի փոքր ադրենալին տալու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել