Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի այցի արձագանքներ

Ապրիլ 21,2010 00:00

Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հասարակական կազմակերպությունը երեկ մամուլի հաղորդագրություն է տարածել, որը վերաբերում է ՀՀ բնապահպանության նախարարի՝ անցած շաբաթ Կապան կատարած այցին: Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ 14.04.2010թ.-ին Սյունիքի մարզ էր ժամանել ՀՀ բնապահպանության նախարարը: Պարզվեց, որ նախարարի գալու մասին նաեւ տեղյակ չէր պահվել տեղի մի շարք լրագրողների, բնապահպանական հասարակական կազմակերպությունների եւ Կապանի «Օրհուս» կենտրոնի ներկայացուցչին: Մեր կազմակերպությունում համոզված են, որ չեն տեղեկացվել եւ հրավիրվել այն մարդիկ ու կազմակերպությունները, որոնց օբյեկտիվ հարցերը կարող էին անհարմար դրության մեջ դնել ՀՀ բնապահպանության նախարարին: Մասնավորապես, խոսելով Սյունիքում ուրանի հանքավայրի հնարավոր շահագործման մասին, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասել է, որ խնդիրը դեռ քննարկման փուլում է.«Այժմ գործընթացը փաստաթղթային փուլում է, եւ առաջին հերթին պետք է ընթանան պաշարների ուսումնասիրության աշխատանքներ: Ուսումնասիրում ենք նախկինում արված աշխատանքների արխիվները, որից հետո հետագա անելիքների մասին որոշում կկայացվի: Ինչպես գիտեք, ուրանը վտանգ է ներկայացնում հարստացման ժամանակ, այսօր այդ խնդիրների քննարկման ժամանակը չէ»: Տեղացիները՝ Լեռնաձոր համայնքում գիտեն դեռ սովետական տարիներից, որ ուրանը այդ տարածքում կա եւ ուսումնասիրություն անվանելով եւ ժողովրդին սարսափի մեջ պահելով՝ խոչընդոտվում է մարդկանց սահմանադրական իրավունքը: ՀՀ բնապահպանության նախարարը ուսումնասիրող ընկերությանը տալիս է մենաշնորհի իրավունք: Իսկ ինչ վերաբերում է Սյունիքի մարզի կենսաբազմազանության կայուն զարգացմանը՝ մենք հայտարարել եւ հայտարարում ենք, որ ավելի ճիշտ է չթողնել ծառ կտրեն, քան ծառ տնկեն, այսինքն՝ կենսաբազմազանության կայուն զարգացմանը Սյունիքի մարզում խոչընդոտում են հանքարդյունաբերական ընկերությունները եւ ողջունելի է, որ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF), Նորվեգիան կամ մյուս զարգացած երկրները մեծ գումարներ են տրամադրում Հայաստանում բնության պահպանման համար, բայց դատապարտելի է, որ մի շարք զարգացած երկրների ընկերություններ բարբարոսաբար ոչնչացնում են Սյունիքի մարզի հրաշալի բնությունը»:

Հավելենք, որ ՀՀ բնապահպանության նախարարի այցի մասին «Առավոտը» գրել է ապրիլի 16-ին՝ «Հանուն Սյունիքի կենսաբազմազանության»: Չնայած բնապահպանության նախարարի այցի մասին տեղյակ չէր պահվել նաեւ «Առավոտի» Սյունիքի մարզի թղթակիցը: Ավելին, տեղի բնապահպանական տեսչությունը փորձել է խոչընդոտել մեր թղթակցի աշխատանքը, մասնավորաբար՝ այլ լրատվամիջոցների տրամադրվել է նախարարի այցի ծրագիրը, իսկ մեր թղթակցին՝ ոչ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել