Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ 40 ՕՐԸ»՝ ՄՈՒՍԱԼԵՌՈՒՄ

Ապրիլ 24,2010 00:00

\"\"Հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է ոսոխների դեմ՝ հայ մնալու եւ հայրենիքը պահելու համար: Ու մեր պատմության ողբերգական եւ հերոսական էջերը հաճախ միաժամանակ են գրվել: Օրինակ, Հայերի ցեղասպանություն եւ Մուսալեռի հերոսամարտ:
Ես ծնվել եմ Մուսալեռ գյուղում, որ Երեւանից ոչ հեռու, Մասիսի հայացքի ներքո կառուցել են Արեւմտյան Հայաստանի Մուսալեռից գաղթած-փրկվածները: Արդեն 95 տարի է անցել Ցեղասպանության դաժան օրերից, իսկ Մուսալեռը դեռ կանգուն է եւ իր մոտ է կանչում բոլոր հայերին՝ պատմելու մուսալեռցիների քաջության ու անձնազոհության մասին, քառասուն օրերի հերոսական պայքարի եւ հերոսների մասին:
Մուսալեռի ամեն բնակիչ իր կենսագրության նման գիտի նախնիների պատմությունը: Գյուղի դպրոցը անվանակոչված է «Մուսա լեռան 40 օրը» վեպի հեղինակ՝ ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի անունով եւ այստեղ ամեն տարի Եղեռնի տարելիցին միջոցառումներ են կազմակերպվում: Այս տարի բեմադրել էին հատվածներ «Մուսա լեռան 40 օրը» վեպից: Ներկայացումը մանրամասնորեն ի ցույց էր դնում մուսալեռցիների հերոսամարտը: Հայտնի վեպը հետաքրքիր տարբերակով էր մատուցվում. բեմադրությունը սկսվում էր Լեփսիուսի եւ Էնվեր փաշայի երկխոսությամբ, ավարտվում հերոսամարտով եւ «Աշխարհը քարացավ, Մուսա լեռն անմահացավ» խոսքերով:
Աշակերտներն այնքան էին մտել իրենց դերի մեջ, որ մի աղջնակ սկսեց բարձրաձայն արտասվել: Իսկ հոտընկայս ծափերն ու հանդիսատեսի գոհունակությունը ապացուցում էին, որ միջոցառման ասելիքը ընդունվել եւ ընկալվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել