Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է զարկ տանք ռազմաարդյունաբերության զարգացմանը»

Ապրիլ 30,2010 00:00

Ոլորտի պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արթուր Բաղդասարյանը

Հայաստանի ազգային անվտանգության գերակայություններից մեկը ռազմական անվտանգությունն է, որի ապահովման գործում վճռորոշ նշանակություն ունի ռազմաարդյունաբերական համալիրը: Հանրապետության նախագահի կարգադրությամբ ստեղծվել է ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ: Ըստ ԱԱԽ մամուլի ծառայության, երեկ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է պաշտպանության նախարարության հետ համագործակցող 39 ձեռնարկությունների ղեկավարների հետ՝ քննարկելու ռազմաարդյունաբերության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նա նշել է, որ միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրն է՝ մշակել Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման հայեցակարգ, պետական ծրագիր, ինչպես նաեւ՝ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման գործնական քայլեր ձեռնարկել: «Ազգային անվտանգության խորհրդում լուրջ ուսումնասիրություններ են կատարվել՝ պարզելու, թե ինչպես է զարգանում ռազմաարդյունաբերական համալիրն այլ երկրներում: Արեւմտյան Եվրոպայի զարգացած երկրներում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման վրա պետությունը ծախսում է բյուջեի 10-15 տոկոսը, որովհետեւ ռազմաարդյունաբերական համալիրի գործարկումը նշանակում է նաեւ այլ ճյուղերի զարգացում, արդիականացում: ԽՍՀՄ-ում մեծ տեղ էր հատկացվում ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը, այդ ձեռնարկությունները նաեւ քաղաքացիական նշանակության ապրանքներ էին թողարկում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում կա կուտակված ներուժ, ուստի պետք է լիակատար հաշվառենք առկա ներուժը՝ լավ արդյունքների հասնելու համար»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Արամ Թանանյանը ներկայացրել է անվտանգության խորհրդում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: Պաշտպանության նախարարության ռազմաարդյունաբերական վարչության պետ Մուրադ Իսախանյանը ներկայացրել է ռազմաարդյունաբերության զարգացման հայեցակարգային ուղղություններում առկա խնդիրները, այն է՝ արդյունաբերության ոլորտում միկրոմակարդակում հետազոտությունների եւ վերլուծությունների պակասը, տեղեկատվական բազայի բացակայությունը, ինչպես ընդհանուր արդյունաբերության, այնպես էլ՝ ոլորտային զարգացման ծրագրերի բացակայությունը, ընկերությունների ռազմավարական զարգացման ծրագրերի բացակայությունը, ցածր մրցունակությունը, ներքին շուկայի ոչ լիարժեք պաշտպանվածությունը, հիմնականում ներմուծված հումքի վրա արտադրության հիմնվածությունը, Հայաստանում արտադրվող հումքային արտադրատեսակների վերջնական արտադրանքի վերածման շղթայի բացակայությունը, բարձր տրանսպորտային ծախսերը, հարկային եւ մաքսային վարչարարության խնդիրները, հատկապես՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից մարքեթինգի իրականացման ցածր կարողությունները եւ այլն: Ձեռնարկությունների տնօրեններն էլ ներկայացրել են իրենց հուզող խնդիրներ, դրանց լուծման եղանակներ առաջարկել:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Արթուր Բաղդասարյանը կարեւորել է առկա խնդիրների վերլուծությունն ու զարգացման ճիշտ ուղիների մշակումը. «Մեր հանդիպումները ռուսական եւ բելառուսական ընկերությունների հետ արդեն տալիս են առաջին պտուղները, կան նախնական պայմանավորվածություններ, ստորագրված փաստաթղթեր, համաձայն որոնց՝ կխթանվեն կապերը Հայաստանի եւ այդ երկրների ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների միջեւ: Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդներում ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որն զբաղվելու է նաեւ այս ոլորտում կոնկրետ առաջընթաց ապահովելու խնդրով: Վստահ եմ՝ մեկ տարվա ընթացքում կկարողանանք մի քանի ուղղություններով լուրջ առաջընթաց ունենալ»:

Որոշվել է ձեռնարկությունների ղեկավարների ներկայացնելիք անձնագրերի հիման վրա ստեղծել տվյալների ամբողջական բազա եւ գործնական նախաձեռնություններ մշակել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել