Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՌԱՋԻԿԱ ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՅԾԱՌ ԱՊԱԳԱ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Հունիս 18,2010 00:00

Կանխատեսումների հեղինակը չի մոռանում ՀԴՄ տալ

\"\"
Աստվածաշունչը մերժում է, Անահիտը գուշակում սրբապատկերների «աչքի» առաջ:

\"\"
Անահիտը՝ սրահի խորհրդանիշի հետ:

Եթե ժամանակին շատ աղջիկներ դիմում էին գուշակներին, իմանալու, թե երբ սիրած տղան իրենց կհասնի, կամ ինչպես անել, որ տղան իրենց սիրահարվի, ապա այսօր գուշակներին շատ տարբեր մարդիկ են դիմում ու այլ նպատակներով: Օրինակ, ի՞նչ է լինելու հիմնած բիզնեսի ճակատագիրը, ե՞րբ է ավարտվելու տնտեսական ճգնաժամը, ի՞նչ է սպասվում Հայաստանին եւ անգամ ո՞վ է լինելու ՀՀ հաջորդ նախագահը:

Գուշակ Անահիտին հենց այս հարցերով են դիմում հայաստանցիները, առանց տարիքային խտրականության: Նրա խոսքով, անգամ սփյուռքահայերին է հետաքրքրում Հայաստանի ապագան:

Անահիտի փոխանցմամբ, իրեն դիմում են տարբեր դիրքեր զբաղեցնող մարդիկ՝ գործարարներ, ԱԺ պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ: Նրա խոսքով, դիմող պաշտոնյաները հիմնականում գալիս են գաղտնի՝ ամաչելով շրջապատից. «Հաճախ զանգում են կամ խնդրում, որ իրենց փոխարեն ուրիշն այցելի կամ էլ անանուն են ներկայանում: Իմ հաճախորդներից են եղել, օրինակ, Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը…»:

Գուշակի հավաստմամբ, ինքը չի ուզում իր գործը քաղաքականացնել, սակայն՝ «գալիս հարցնում են՝ ես էլ կանխատեսումներ եմ անում, բայց հաճախ խուսափում եմ քաղաքական հարցերին պատասխանել»:

Չնայած գուշակը քաղաքականությամբ չի հետաքրքրվում եւ աշխատում է չխառնվել այդ անցուդարձին, այնուամենայնիվ, «Առավոտի» հետ կիսվեց Հայաստանի ապագայի մասին իր կանխագուշակումներով:

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության առաջիկա երեք տարիներին՝ ասաց. «Քանի որ ներկայիս նախագահը բավական հմուտ կարգով է ղեկավարում հանրապետությունը, իմ կանխատեսումներով, նա այս տեմպերով շարժվելու դեպքում կկարողանա Հայաստանը դարձնել առաջատար պետություն: Հայաստանի վիճակը գնալով լավանալու է եւ կտեսնեք, հասարակությունը այդ մասին դեռ խոսելու է»:

Գուշակ Անահիտը հույս հայտնեց նաեւ, որ առաջիկա երեք տարիներին մինչեւ անգամ հայ-թուրքական հարաբերություններն են կարգավորվելու, եւ հայկական հարցը լուծում է գտնելու, ինչի հետ կապված էլ ասաց. «Ներկայիս նախագահը այդ հարցի հետ կապված ճիշտ ուղու վրա է: Միանգամից այդ հարաբերությունները չեն լուծվելու, բայց ամեն ինչ լինելու է օգուտ Հայաստանի: Եթե հիմա մեր իշխանությունները կտրուկ քայլերի գնան, Հայաստանը մեծ անախորժությունների մեջ կընկնի: Թուրք ժողովրդի մեջ ես լավ տրամադրվածություն եմ նկատում հայերի հանդեպ: Եվ հայ-թուրքական հարցերի լուծումը տեսնում եմ միայն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: Այսքան տարի ուսումնասիրում եմ հայ-թուրքական խնդիրը, եւ ինձ համար արձանագրում եմ, որ մեր պետությունը շատ փափուկ եւ դիպլոմատիկ ձեւով հասնում է լուծումներին: Կտեսնեք, հասնելուց հետո էլ այնպես ենք հասնելու մեր ուզածին, որ աշխարհը երկար ժամանակ խոսելու է Հայաստանի մասին»:

Գուշակի կանխատեսումներով, հաջորդ նախագահական ընտրությունները թեժ են լինելու. «Շատ կարեւոր մարդիկ են իրենց թեկնածությունը դնելու: Օրինակ, Սլավոնական համալսարանի ռեկտոր, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանը եւ էլի շատերը»:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա գուշակ Անահիտի կանխատեսումները խոսում են այն մասին, որ նա է լինելու ՀՀ չորրորդ նախագահը. «Եթե նա դրեց իր թեկնածությունը, ես վստահեցնում եմ՝ 80 տոկոս ձայների մեծամասնությունով դառնալու է նախագահ»:

Տիկին Անահիտը բոլոր մյուս գուշակների պես իր տուն չի հրավիրում այցելուներին, սենյակում մոմեր չի վառում, սեւ պաստառներով չի շրջափակում իր տարածքը եւ խունկ չի ծխում այցելուների գլխին: Նրա ծառայություններից օգտվելու համար այցելում են իր գուշակության սրահ: Նշենք, որ գուշակի ծառայության դիմաց վճարումը կատարվում է այն ժամանակ, երբ կանխատեսումներն ի կատար են ածվում. համենայնդեպս՝ այսպես ասաց տիկին Անահիտը:

Հետաքրքրվեցինք, աշխատելիս խնդիրներ չի՞ ունենում հարկային դաշտի հետ եւ արդյո՞ք այցելուներին ՀԴՄ կտրոն է տալիս «գուշակված» ծառայությունների դիմաց. «Ես ոչ մի խնդիր չունեմ: ՀԴՄ կտրոն տալիս եմ՝ առանց հաճախորդների պահանջի: Բայց հաճախ նրանք այդ մասին չեն էլ հիշում: Սակայն շատ անգամ ես ինքս չեմ ուզում իմ հաճախորդներին վերադարձնեմ առօրյա կյանք եւ նման կենցաղային խնդիրների մեջ չեմ ներքաշում: Ես պարտաճանաչ հարկատու եմ եւ շատ լավ հարաբերությունների մեջ հարկային դաշտի հետ: Այնպես որ, ինձ երբեք ոչ ոք չի ճնշել եւ չի կարող ճնշել հարկերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել