Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

10-Ի ԳՈՐԾ. Ո՞ՒՐ Է ՏԱՆՈՒՄ ՇՐՋԱԴԱՐՁԸ

Հունիս 30,2010 00:00

\"\"Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով հունիսի 28-ի դատական նիստում հերթական անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ այս անգամ վկա Արտակ Սողոմոնյանը. նա գործով միանգամից երկու ամբաստանյալների՝ հայր ու որդի Արսեն ու Բագրատ Սողոմոնյանների՝ համապատասխանաբար որդին եւ եղբայրն է։ Վկան հայտարարեց, որ իր մեղադրական բնույթի նախաքննական ցուցմունքները՝ որպես վկա, կասկածյալ եւ մեղադրյալ, գրել է քննիչների թելադրանքով եւ որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ավելին, վկան հայտարարեց, որ երկու ցուցմունքները գրվել են հունիս ամսին՝ առաջինը քննիչի թելադրանքով, երկրորդը՝ առաջինից արտագրելու միջոցով, ցուցմունքներից մեկը թվագրվել է հետին ամսաթվով՝ փետրվար ամսով։

Ա. Սողոմոնյանը հայտարարեց նաեւ, որ ինքը նախաքննության ընթացքում բռնությունների է ենթարկվել. 2009թ. փետրվարի 26-ին 4-5 հոգի 3-4 ժամ իրեն ոտքերով-ձեռքերով ծեծի են ենթարկել, ծեծը կրկնվել է նաեւ հաջորդ օրը՝ իր զոքանչի տնից իրեն դուրս բերելիս, հարազատների ներկայությամբ, բռնություն գործադրող անձինք իրեն պառկեցրել են մեքենայում, իսկ իրենք երեք հոգով նստել իր վրա։ Մեղադրող Հովսեփ Սարգսյանի՝ «այդ դեպքում ինչո՞ւ չբողոքեցիք» հարցին ի պատասխան, վկան նշեց. «վախեցել եմ իմ ընտանիքի անդամների դեմ շանտաժից»։

Մեղադրող Հ. Սարգսյանը տեղեկացրեց, որ ասվածն ընդունում է որպես հանցագործության մասին հաղորդում, դրա վերաբերյալ համապատասխան վերաբերմունք կդրսեւորվի։

Նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջեւ առկա էական հակասությունների պատճառով դատարանում հրապարակվեցին վկայի նախաքննական ցուցմունքները, որոնք հոր, եղբոր, ինչպես նաեւ մի շարք այլ անձանց դեմ մեղադրական ցուցմունքներ էին։ Ամբաստանյալ Հայկ Մելքոնյանի պաշտպան Ռուբեն Ռշտունին նկատեց, որ հակասություններ կան նաեւ վկայի նախաքննական ցուցմունքների միջեւ, որպես կասկածյալ տրված ցուցմունքում Ա. Սողոմոնյանը նշում է, որ լսել է, թե Արմեն Ավետիսյանի տան վրա կատարած ավազակային հարձակման ժամանակ օգտագործված հանդերձանքն այրվել է Մասիս տանող ճանապարհին, իսկ որպես մեղադրյալ տված ցուցմունքում՝ հանդերձանքն ինքն է այրել Նուբարաշենի աղբանոցում։ Ի դեպ, վերջին ցուցմունքում Արտակ Սողոմոնյանը իրեն մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 334 հոդվածի առաջին մասով (Հանցագործությունը պարտակելը) եւ խնդրել իր նկատմամբ կիրառել համաներման մասին որոշումը, ինչի արդյունքում 2009թ. հուլիսի 27-ին նա ազատ է արձակվել։

Վկա, Գյումրիում տեղակայված ՌԴ զ որամասի պայմանագրային զինծառայող, ՌԴ քաղաքացի Վրեժ Ղարիբյանը հաստատեց իր նախաքննական ցուցմունքները, ըստ որոնց՝ իրեն մի անձնավորություն է մոտեցել, հարցրել զորամասի «շորի պահեստի» բանվոր Աշոտին, տեղեկանալով, որ նա տեղում չէ, խնդրել է իր համարը փոխանցել Աշոտին։ Դատաքննական ցուցմունքում, ի տարբերություն նախաքննական ցուցմունքի, վկան չնշեց անձնավորության անունը, սակայն նշեց, որ թղթիկի վրա հեռախոսահամարին կից անուն էր գրված՝ Արսեն։ Վկան ամբաստանյալների թվում, սակայն, չճանաչեց հիշյալ անձին, նշելով, որ չի հիշում նրան։

Գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց դատավարության մասնակիցներին, որ հարցաքննվել են 19 վկաներից 16-ը, ըստ ոստիկանության ներկայացրած տեղեկանքի, վկա Աղասի Արշակյանը հիվանդ է, իսկ վկա Սերգո Հարութունյանը 15 օր բացակայում է իր բնակության վայրից, որեւէ տեղեկություն չի հայտնվել միայն վկա Հարություն Ալեքսանյանի մասով դատարանի կայացրած բերման որոշման արդյունքների մասին։ Ամբաստանյալ Արա Կարապետյանը նորից պարտադիր համարեց վերջինիս հարցաքննելը, ըստ նրա՝ Հ. Ալեքսանյանի հարցաքննությամբ «շրջադարձային փոփոխությունները ակնհայտ են լինելու»։

Դատարանի որոշմամբ, եթե հաջորդ՝ հուլիսի 6-ի դատական նիստին չներկայանան հիշյալ վկաները, ապա դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը։ Հաջորդ շաբաթվանից դատական նիստերը կդառնան շաբաթական երկու անգամ՝ ցայժմ եղած շաբաթական մեկանգամյա նիստերի փոխարեն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել