Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻՆՈՆ ՀԱՄԱՌ ՏՂԱՄԱՐԴ Է»

Հուլիս 13,2010 00:00

Կամ պատառիկներ «Ոսկե ծիրան» կինոփառատոնից

Հուլիսի 11-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 7-րդ կինոփառատոնը: Այն վարում էր ֆրանսահայ կինոդերասան եւ ռեժիսոր Սերժ Ավեդիքյանը, որը փորձում էր ներկաներին զարմացնել իր «բազմալեզվությամբ»՝ մասնավորապես հայ-թուրքական մերձեցման եւ ֆրանսիացի հյուրերի ժամանման «շրջանակներում»: «Վիվա-Սել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը փառատոնին պարբերաբար աջակցելու համար արժանացավ պլատինե «Մանթաշաց ասպետ» շքանշանի, իտալական կինոյի լեգենդ Կլաուդիա Կարդինալեն՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալին, իսկ Անրի Վեռնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շքանշանին: Փառատոնի բացման ֆիլմն էր Վեռնոյի «Մայրիկը», որի ցուցադրության ժամանակ շատերը լքեցին դահլիճը: Ի դեպ, այս տարի Վեռնոյի ծննդյան 90-ամյակն է լրանում:
Այս անգամ ժյուրիի եւ կինոփառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը Հայաստան է ժամանել ընտանիքով՝ կնոջ՝ Արսինե Խանջյանի եւ որդու՝ 16-ամյա Արշիլի հետ: Ռեժիսորի ծննդյան 50-ամյակի առիթով կլինի էգոյանական բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Ա. Էգոյանն ասաց, որ չէր կարող պատկերացնել, թե Կարդինալեի հետ ներկա կլինի հայաստանյան բեմում, մի կին, որին երիտասարդ ժամանակ միայն էրոտիկ երազներում կարելի էր պատկերացնել:
Կլաուդիա Կարդինալեի հետ երեկ հանդիպում կայացավ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Դերասանուհին ասաց, որ հայաստանյան շոգից բացի, տպավորված է հայերի ջերմությամբ: Նա խոսեց իր արտիստական խենթությունից, ասաց, որ մարդիկ ապրում են մեկ կյանքով, իսկ ինքը 130-ն է ապրել, որովհետեւ այդքան դերեր է խաղացել: «Առավոտի» դիտարկմանը՝ իր քույր Բլանշը նույնքան գեղեցիկ է եղել եւ ունեցել է կինոյում կարիերա անելու մեծ ցանկություն, սակայն չի հաջողել, մինչդեռ իր մոտ ամեն ինչ այլ կերպ է դասավորվել, Կարդինալեն այսպես արձագանքեց. «Նախքան 1957թ. Թունիսի գեղեցկության մրցույթում հաղթելը՝ մտադիր էի ուսուցչուհի դառնալ: Մրցույթի առաջին մրցանակը ուղեւորությունն էր Վենետիկ, որտեղ նկատվեցի իտալական Vides films ընկերության կողմից ու պայմանագիր կնքվեց 7 տարով»: Կարդինալեն ասում է, որ միշտ բոլորին ասել է, թե չի ցանկանում զբաղվել կինոյով ու ինչքան «ոչ» է ասել, կինոն համառ տղամարդու նման այնքան իրեն հետապնդել է: «Քույրս ինձնից գեղեցիկ էր՝ մեծ, կապույտ աչքերով, նա միշտ ավելի շատ ցանկացել է կինոկարիերա անել, սակայն չի հաջողվել»,- հավելեց նա: Հարցին՝ կինոն խանգարե՞լ, թե՞ օգնել է անձնական կյանքին, դերասանուհին պատասխանեց. «Շատ գեղեցիկ խաղընկերներ եմ ունեցել, բայց երբեք թակարդը չեմ ընկել»: Պատասխանելով մեկ այլ հարցի՝ արդյո՞ք հայ մայրիկին մարմնավորած Կլաուդիա Կարդինալեն Հայաստանում եւ արտերկրում զգում է հայ զավակների սերը, անվանի կինոդերասանուհին նշեց. «Իհարկե՝ զգում եմ: Հատկապես Փարիզում, որտեղ վերջին 20 տարիներին ապրում եմ, ամեն քայլափոխի հանդիպում եմ հայերի, որոնք ինձ տեսնելով գրկախառնվում են»: Նա պատմեց, որ որդին դիզայներ է, ապրում է Նյու Յորքում, իսկ դուստրը մերժում է կինոյի հետ կապված ցանկացած առաջարկ, որովհետեւ վստահ է՝ դրանք արվում են իր մայրիկի պատճառով:
Երեկ կայացավ նաեւ «Հայաստան-Թուրքիա» կինոպլատֆորմի բացումը, որն իրականացնում են «Ոսկե ծիրանը» եւ թուրքական «Անադոլու քյուլթուր» հ/կ-ն։ Այս տարվա մասնակիցներն են Հայաստանից՝ Գագիկ Հարությունյանը, Հարութ Կբեյանը, Թուրքիայից՝ Ռուսլաթ Սարաջօղլուն, Սայաթ Դաղլյանը, Ջանայ Օզդենը:
Նույն օրը վարպետության դաս անցկացրեց «Երեւանյան պրեմիերա» ծրագրի մասնակից Ստանիսլավ Գովորուխինը, կայացավ Սեմիհ Կապլանօղլուի «Մեղրը» ֆիլմի պրեմիերան, երեկոյան հարգանքի տուրք մատուցվեց Կլաուդիա Կարդինալեին ու ցուցադրվեց Լ. Վիսկոնտիի «Ընձառյուծը» ֆիլմը: «Մոսկվա» կինոթատրոնի առջեւ էլ ջազ համերգ էր՝ «Ֆիեստե Կալիենտե»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել