Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԵԼԻ ՔԱՆ ՎՍՏԱՀ ՀԱՂԹԱՆԱԿ

Հոկտեմբեր 13,2010 00:00

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթանակով ավարտեց 2010 թվականը: Իսկ հանդիպումից հետո ֆուտբոլասերները «Հա-յաս-տան» հպարտ վանկարկումներով հեղեղել էին Երեւանի փողոցները:

\"\"Դեռ ուրբաթ օրը «Եվրո 2012»-ի ընտրական փուլում «B» խմբի առաջատար, ՀԱՀ-ում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի մասնակից Սլովակիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակից հետո ոչ ոք չէր կասկածում, որ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի սաներն առավելության կհասնեն նաեւ եվրոպական ֆուտբոլի չափանիշներով կիսապրոֆեսիոնալ անդորրացիների նկատմամբ: Նման խաղերում, սովորաբար, կարեւորը խփած առաջին գոլն է լինում: Եվ քանի որ մեր ֆուտբոլիստները դա արեցին 4-րդ րոպեին, հանդիպումից արդեն խոշոր հաշվի հոտ սկսեց գալ:

\"\"Եթե Սլովակիայի մարզիչ Վլադիմիր Վայսը մերոնց հետ խաղից առաջ ամենից ավելի զգուշանում էր մեր Մխիթարյան-Մանուչարյան-Մովսիսյան հարվածային եռյակից, Անդորրայի համար անկասելի էին մեր ընտրանու բոլոր 11 խաղացողները, որոնցից յուրաքանչյուրը խաղադաշտում մեկ գլխով բարձր էր մրցակցի ֆուտբոլիստներից: Ի դեպ, Հայաստանի ազգային հավաքականի ցուցադրած վերջին երկու խաղերի մասին երեկ արդեն հիացմունքով էին խոսում նաեւ Ռուսաստանի լրատվամիջոցները՝ նշելով, որ եթե անդորրացիների փոխարեն երեկ իրենց ընտրանին խաղար հանրապետականում, ապա Դիկ Ադվոկատի տղաներն էլ ծանր վիճակում հայտնված կլինեին, ու չէր բացառվի, որ այս անգամ էլ սլովակներն ու իռլանդացիները հայերին շնորհակալություն հայտնեին:

Հանդիպումն անթերի սպասարկած լեհ մրցավար Տոմաշ Միկուլսկու՝ հանդիպման մեկնարկն ազդարարած սուլիչի ձայնից ընդամենը չորս րոպե անց նախորդ խաղի հերոսներից Գեւորգ Ղազարյանը դիպուկ հարվածով բացեց հաշիվը, թեեւ դարպասի առգրավում կարող էր արձանագրվել երկու րոպե ավելի շուտ, երբ Էդգար Մանուչարյանի կատարած գլխով հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: 16-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկեց հաշիվը, իսկ ընդմիջումից 12 րոպե առաջ դանիական «Ռանդերսի» հարձակվող Յուրի Մովսիսյանը հաշիվը դարձրեց 3:0:

Հանդիպման ելքն արդեն վճռված էր: Սակայն ի զարմանս եւ հուրախություն մարզասերների՝ մեր ֆուտբոլիստները ոչ թե հանգստացան արդեն արվածով, այլ ընդհակառակը՝ երկրորդ խաղակեսն սկսեցին այնպես, ասես լուսատախտակի վրա դեռ մեկնարկային զրոներ էին վառվում: Ընդմիջումից հետո առաջին յոթ րոպեներին գնդակը հազվադեպ էր հայտնվում անընդհատ իր ետեւից անօգուտ վազող հյուրերի մոտ, մինչեւ հանդիպման լավագույն խաղացող ճանաչված բրազիլացի Մարկոս Պիզելլին, աջ հարձակվողի գոտում գնդակն ստանալով, տեղափոխվեց կենտրոն եւ հեռահար դիպուկ հարվածով անդորրացիների դարպասապահ Խոսե Անտոնիո Գոմեսին հարկադրեց չորրորդ անգամ գնդակը հանել սեփական դարպասից: Միայն դրանից հետո մեր տղաները որոշեցին մի փոքր դանդաղեցնել խաղի տեմպը՝ չնայած շարունակում էին ավելի շատ տիրել գնդակին: Չորրորդ գոլից հետո մրցակցի միակ երազանքը գոնե չորս բաց թողած գոլով տուն վերադառնալն էր, ինչի հնարավորությունն էլ մերոնք նրանց տվեցին:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել