Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՏԱՂԻ ՓՈՂ ԵՄ ՀԱՎԱՔՈՒՄ…»

Նոյեմբեր 03,2010 00:00

Ինչո՞վ կարող եք օգնել

Մեզանից շատերի հետ պատահած կլինի, երբ բնակարանի դուռը թակել են՝ բացել ենք, մեկ էլ մի խեղճուկրակ մարդ ասել է՝ «ազիզ ջան, մատաղի փող եմ հավաքում: Մի 2 կոպեկ չե՞ս տա»: Հաճախ այդ մարդիկ այնպիսի սրտաճմլիկ տեսքով են ներկայանում ու հայտարարում՝ «Աստծուն խոսք եմ տվել՝ մատաղ պիտի անեմ», որ անգամ մտածում ես՝ դե լավ, վերջին գումարը տամ, հանկարծ մեղք չգործեմ: Այնինչ, մեղք են գործում հենց այն մարդիկ, ովքեր Աստծո անունը շահարկելով մարդկանցից գումար են հավաքում՝ մատաղ անելու պատրվակով:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի միաբան Շահեն աբեղա Անանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դատապարտելի է՝ ուրիշից գումար վերցնել, իբր թե մատաղ են անելու. «Եթե ուզում ես մատաղ անել, պարտադիր քո ունեցածից պետք է բաժանես, հատկապես կարիքավորներին: Եվ անպայման չէ մեծ գումար հավաքես ու գնաս մատաղ անես: Դա աբսուրդ է: Նրանք, ովքեր ընկած տնետուն փող են հավաքում, մեղք են գործում, մարդիկ կան, որոնց համար դա բիզնես է դարձել: Պատահում է, որ այդ մատաղի փող հավաքողները հարբեցողներ են լինում»:

Փաստորեն, եթե մատաղի փող խնդրեն՝ կարող ենք չտալ, Աստված դա մեղք չի համարի: Այլ խնդիր է, որ պարզապես կարեկցանքից ելնելով, որպես օգնություն, գումար կամ մեկ այլ բան տանք: Հայր Շահենի ներկայացմամբ՝ ամենեւին էլ պարտադիր չէ մատաղ անել, եթե ուզում եք Աստծուն շնորհակալություն հայտնել օգնության համար՝ կարող եք գնալ եկեղեցի եւ աղոթք անել: Իսկ եթե այնուամենայնիվ որոշել եք մատաղ անել, պարտադիր չէ նաեւ մեծ գումարներ ծախսել՝ գառ կամ աքլոր գնել: Կարելի է, ասենք՝ գաթա թխել, հաց գնել եւ բաժանել կարիքավորներին, աղքատներին: Կարելի է նույնիսկ հագուստ տալ որեւէ աղքատի: Սա եւս, ըստ հայր Շահենի, համարվում է մատաղի ձեւ:

Մատաղի խորհուրդը գալիս է շատ վաղ ժամանակներից: Եղել են մարդիկ, որոնք իսկապես նպատակային մուրացկանություն են արել, ընկել դռնեդուռ եւ փող հավաքել: Այս մարդիկ կոչվել են ճգնավորներ, սակայն նրանք այդ մուրացկանությունն արել են ոչ թե իրենց ստամոքսը լցնելու համար, այլ որեւէ աղքատ ընտանիքի օգնելու նպատակով: «Դրանք այսօրվա մուրացկանները չեն: Նրանք իրենց ամբողջ կյանքը ապրել են լեռներում: Եվ հատկապես Մեծ պահքի օրը իջել են ժողովրդի մեջ, դռներ թակել, փող հավաքել, հետո որեւէ կարիքավոր ընտանիքի օգնել: Մուրացկանություն են արել՝ մյուսին օգնելու համար: Նրանք ոչ թե ժողովրդի գլխին պատուհաս էին դառնում, այլ օգնում էին: Հետագայում, երբ հասարակական եւ սոցիալական փոփոխություն եղավ, մարդիկ եղան, որ այդ հանգամանքը հօգուտ իրենց օգտագործեցին: Եթե հնարավորություն չունեք, պետք չէ մատաղ անել կամ որքան ունեք, այդքանով արեք»,- ասաց հայր Շահենը:

Այն, որ մենք Աստծո առաջ պարտավորվում ենք մատաղ անել, եւ ինչպես շատերը, Աստծո առաջ պայման են դնում, ասենք՝ այսինչ հարցում օգնի, ես էլ մատաղ կանեմ, դա խստագույնս դատապարտվում է եկեղեցու կողմից: Ըստ հայր Շահենի՝ «Աստծո հետ առեւտուր չեն անում: Դա մեղք է, մանավանդ մարդիկ կան, որ մտնում են եկեղեցի եւ խնդրում՝ Աստված ջան, դու արա էսինչ բանը, ես էլ լիքը լավ բաներ կանեմ: Այդպես չի կարելի: Մեր տատիկ- պապիկներն ասում էին՝ եթե այսինչ բանը լինի, կգնանք, ասենք սուրբ Սարգսի վանքը՝ ուխտի, դա ուրիշ բարեպաշտական սովորություն է, որը չի հակասում քրիստոնեությանը: Իսկ առեւտրի մեջ մտնելը մեղք է»:

Ժողովրդի մեջ տարածված այն կարծիքն էլ, որ մատաղը պետք է պարտադիր 7 տուն բաժանել, այդքան էլ ճիշտ չէ: Հայր Շահենի խոսքերով՝ «Եթե հնարավորությունդ ներում է՝ կարելի է նաեւ հազարներով բաժանել կամ մեկին տալ»:

Մեր դիտարկմանն էլ, որ կան մարդիկ, ովքեր մատաղ են անում եւ հենց աղքատներին չեն բաժանում, այլ հարեւան- բարեկամներին, որոնք ամենեւին էլ կարիքավոր չեն, Էջմիածնի միաբանն ասաց. «Այո, կան մարդիկ, որ մատաղ են անում ու մի քանի հոգով նստում՝ ուտում-խմում, բայց դա մատաղ չէ: Սակայն շատ կան մարդիկ, ովքեր աղը բերում են եկեղեցի օրհնում, հետո գառը կամ աքլորը նորից բերում եկեղեցի եւ մեզ հարցնում՝ ո՞ւմ բաժանենք: Մենք էլ բացատրում ենք, որ անպայման բաժանեն աղքատներին ու կարիքավորներին: Մատաղ նշանակում է աղ մատուցել, իսկ աղը բնության մեջ ամենաթանկ եւ մաքուր բանն է»:

Մատաղի գաղափարը գալիս է դեռեւս հեթանոսության շրջանից: Սակայն, ըստ հայր Շահենի, քրիստոնեությունն ընդունելուց հետո այն բավականին վերաձեւավորվել է եւ ձեւափոխվել. «Քրիստոսի ծննդից հազարավոր տարիներ առաջ այդ երեւույթը եղել է Առաջավոր Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում: Մարդիկ ուխտ են արել, եւ Աստծուն ասել՝ եթե սա այսպես լինի, ես քեզ գառներ կամ ոչխարներ զոհ կտամ: Այսօր այդ երեւույթի էական հատկանիշները փոխվել են: Նախ մարդը վտանգից ազատվել է, ինքը անպայման Աստծո կամքն է տեսնում դրա մեջ: Եվ ոչ թե Աստծուն զոհ է անում, այլ մատաղ է անում՝ աղքատներին բաժանելու համար: Աստված ինչպես որ փրկեց նրան, այնպես էլ նա փորձում է օգտակար լինել այլ մարդկանց»:

Այնպես որ, եթե ուզում եք մատաղ անել՝ պարզապես մարդկանց համար օգտակար գործ արեք, կամ էլ ուղղակի որեւէ աղքատ մարդու սրտանց օգնության ձեռք մեկնեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել