Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՅՈՒՐԱՎՈՐ ԱՆՏՈՒՆՆԵՐ, ՏԱՍԸ ԲՆԱԿԱՐԱՆ

Դեկտեմբեր 18,2010 00:00

\"\"Վանաձորցիները համառորեն չեն ուզում դուրս գալ տնակներից, քաղաքապետարանը համառորեն ուզում է հանել տնակները

Երեկ Վանաձոր համայնքի ավագանին արտահերթ նիստ էր գումարել: Նախ որոշվեց Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի պահպանման ծախսերի համար առանձնացնել 680 հազար, համայնքային փողոցների լուսավորության համար՝ 2,230 միլիոն, քաղաքի 7 նախակրթարանների համար՝ 4,269 միլիոն, Վանաձորի կերպարվեստի թանգարանի համար՝ 288 հազար, այլ մշակութային կազմակերպությունների՝ «Հորովել» երգի- պարի համույթի, Վանաձորի երգի թատրոնի համար՝ 3,29 միլիոն դրամ: Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական եւ համայնքային լողի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի համար էլ՝ 2,316 միլիոն դրամ:
Ավագանին նաեւ փոխեց իր 2006 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 104 որոշումը: Այսուհետ «Բազմաբնակարան շենքերում Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող լքված, թալանված բնակարանները» որպես բնակելի տարածություն կհատկացվեն միայն Վանաձոր համայնքի բնակիչ քաղաքացիներին: 2003թ.-ին նման 23 բնակարան է հատկացվել:
Երկրաշարժից հետո բնակիչները, այլ թաղամասերում բնակարան ստանալով, իրենց ձեռքով հանեցին հին տան դուռ ու լուսամուտները, թողնելով միայն պատերը: Հետագայում այդ շենքերի վթարայնության աստիճանը փոխվեց, քանդման ենթակա կառույցից դառնալով ամրացման ենթակա: Բնակարանները տրվում են 6-ամսյա ժամկետով, եւ ներքին հարդարման աշխատանքներից գոհ մնալու դեպքում քաղաքապետարանի հանձնաժողովը կթույլատրի սեփականաշնորհել տարածքը:
Ավագանին որոշեց, որ այս ծրագրից կարող են օգտվել նաեւ բնակարանային պայմանները բարելավել ցանկացող քաղաքացիները՝  առաջին հերթին՝ երկրաշարժի պատճառով բնակարան կորցրածների հերթացուցակում ընդգրկված 62 ընտանիքները, ապա տնակային ավանների այն բնակիչները, որոնց տարածքները ենթակա են ազատման: Հետաքրքիր է, որ Քիմշեն թաղամասի 4 տնակային ավանների 95 բնակիչները, լավ իմանալով, որ թաղամասը 1000-ական քմ կտորներով վաճառվել է չորս սեփականատերերի՝ հրաժարվում են այս տարբերակից: Սեփականատերերի պահանջով տնակներում բնակվողներին նույնիսկ ջրազրկեցին («Առավոտ», 07.02.10՝ «Տնակները խանգարում են»), բայց բնակիչները անդրդվելի են:
Վանաձորի 10 տնակային ավանում 585 ընտանիք է բնակվում: Բնակարանի կարիք ունեցողների ցուցակում են Վանաձորի 2 հանրակացարաններում բնակվող 157 ընտանիքները, եւ նրանք, ովքեր ապրում են վարձակալությամբ կամ արտերկրում գտնվող բարեկամների բնակարաններում: Եթե հաշվի առնենք, որ առայժմ բնակֆոնդի հաշվառման եւ բաշխման բաժնում ընդամենը 10 լքված, թալանված բնակարան կա, ապա դժվար չէ հաշվել, թե քաղաքը տնակներից քանի տարի հետո կազատվի, հաշվի առնելով, որ արդեն 5 տարի Վանաձորում որեւէ շենք չի կառուցվել, այս տարի էլ բնակարանների գնման միայն չորս վկայագիր՝ ԲԳՎ է տրամադրվել:
Մինչ բնակիչները բողոքում են, Վանաձորի քաղաքապետարանում համոզված են, որ այս որոշումը կօգնի քաղաքը հնարավորինս շուտ տեսքի բերելու համար: «Բնակարանները տրվում են անվարձահատույց, սակայն շահում է ոչ միայն բնակիչը, այլեւ քաղաքապետարանը: Միանգամից մի քանի հարց է լուծվում՝ անօթեւանները բնակարան են ստանում, տնակներից ենք ազատվում, բնակֆոդն է պահպանվում եւ քաղաքի արտաքին տեսքն է փոխվում»,- վստահ է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել