Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ ՉԻ՞ ԵՂԵԼ

Ապրիլ 13,2011 00:00

Ես եղել եմ ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի գիտահետազոտական ինստիտուտի 3-րդ լաբորատորիայում կրտսեր գիտաշխատող Կարեն Կարապետյանի աշխատանքային իրավունքների իրավախորհրդատու։

Դիմու մի այս ձեւի ընտրությունն ինձ հարկադրել է այն իրավիճակը, որ հանրապետության վարչապետ Տ. Սարգսյանին 09.09.2009թ. հղած Կ. Կարապետյանի դիմում-բողոքի ընթացքը մինչեւ օրս չի լուծվում, չնայած այն հանգամանքին, որ այն մի քանի անգամ անցել է ՀՀ ԿԳ նախարարության, ԳԱԱ նախագահության, ՀՀ գիտության պետկոմիտեի՝ առանց դիմումատուի քննարկման բովով, իսկ արդյունքում այն ուղարկվել է ՌՖԷԻ տնօրինություն, որին մի շարք անգամ դիմել է դիմումատուն եւ ստացել բավականին ակնառու անօրինական գրավոր եւ բանավոր պատասխաններ։ Չնայած Գիտութան պետկոմիտեի հստակ ցուցումին՝ հարցադրումները քննարկել դիմումատուի մասնակցությամբ ու գրավոր պատասխանել դիմումատուին եւ կոմիտեին, տնօրինությունը նշված դիմումը ուշացումով ուղարկել է Գիտության պետկոմիտե՝ իրենց օրինախախտումը քողարկող պատասխան, որը համարյա չի տարբերվում նախորդ «պատասխաններից»:

Հարցի էությունը հետեւյալն է. Կարեն Կարապետյանն 2004թ.-ից աշխատում է նշված ինստիտուտում։ Նրա հետ 2008թ. կնքվել է աշխատանքային պայմանագրի վերաբերյալ համաձայնագիր: Նա, չիմանալով ինստիտուտում աշխատավարձերի տեսակների (բազային եւ թեմատիկ

ծրագրերով) գոյության մասին եւ հաշվի առնելով, որ աշխատում է պետական կազմակերպությունում, ստորագրել է այն, ինչը համապատասխանում է ՀՀ կառավարության 17.11.2001թ. 1121 որոշմանը։ Համաձայնագրի համապատասխան կետով սահմանված է աշխատավարձ՝ 36 000 դրամ, առանց որեւէ պարզաբանումների, որն իրավական խախտում է։ Այդ նույն ժամանակահատվածում իրենց լաբորատորիայի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Ռ. Վարդանյանի գլխավորությամբ հայտ է ներկայացվել կառավարություն՝ համապատասխան կարգով (ՀՀ կառավարության 17.11. 2001թ. 1122 որոշում) եւ կառավարությունն այդ թեմայի գծով (որի կատարման մեջ մասնակից է նաեւ Կ. Կարապետյանը) հատկացնում է համապատասխան գումար, ինչը համարվում է մասնակից աշխատողների համար լրացուցիչ աշխատավարձ՝ հաստատված թեմատիկ ծրագրով կատարվող աշխատանքների դիմաց։ Սակայն ինստիտուտի տնօրինությունը (տնօրեն՝ Ա. Հախումյան) այդ գումարը չի թողել թեմայի ղեկավարի տնօրինությանը, այլ հայտարարել է, որ տվյալ թեմատիկ ծրագրով ՀՀ ԳՊԿ-ի կողմից հատկացված գումարը միացրել է ինստիտուտի բազային ծրագրով հատկացումներին եւ բաժանել է այն ըստ իր հայեցողության, առանց այդ մասին տեղյակ պահելու համապատասխան աշխատողներին, ինչն անօրինական է։

Կ. Կարապետյանը հայտնաբերելով այս փաստը, դիմում է տնօրինությանը՝ համապատասխան աշխատավարձ վճարելու նաեւ իրենց տվյալ թեմայով կատարվող աշխատանքների դիմաց, որի չափը պետք է որոշվեր թեմայի ղեկավարի կողմից։ Սակայն ինստիտուտի տնօրինությունը շուրջ 2 տարի է՝ չի վճարում, դեռ ավելին՝ կատարել ու կատարում է զանազան օրինախախտումներ, դրանք ներկայացնելով որպես օրինական գործողություններ, իսկ նա պարտավոր է աշխատողներին աշխատավարձ սահմանել ու վճարել ՀՀ կառավարության 1121 եւ 1122 որոշումներով ու Գիտպետկոմի ցուցումներով։

Այս հարցադրումների պարզաբանման խնդրանքով Կ. Կարապետյանը բազմաթիվ դիմումներ է ուղարկել եւ ՀՀ գիտպետկոմ, եւ ԳԱԱ, սակայն հատկապես վերջինիս կողմից ուղիղ մեկ տարի դիտավորյալ ձգձգվում է դիմումներում բարձրացված հարցադրումների վերջնական պարզաբանումը։ Դեռ ավելին, ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը ստորագրել է ԿԳՆ ուղարկված մի այնպիսի նամակի տակ, որտեղ նշված է, որ Հայաստանում այս պահին գիտության ֆինանսավորման թերի համակարգի պատճառով ինստիտուտի տնօրինությունը բազային եւ թեմատիկ ծրագրերով նախատեսված աշխատավարձերի գումարները միացրել է իրար, դարձրել աշխատավարձի մեկ ֆոնդ եւ բաժանում է ըստ իր հայեցողության։

Նշված պարբերությունը ես մեջբերեցի ըստ բովանդակության՝ այն պատասխանից, որը պարոն Մարտիրոսյանը հիմք ընդունելով ինստիտուտի տնօրինության մտացածին մեկնաբանումը, հղել է պարոն Ա. Աշոտյանին, իսկ նամակի վերջում գտնում է, որ «հարցի քննարկումը վերջնական է ու չկա առաջիկայում նորից քննարկելու հիմք»։ Այստեղ է ասված՝ «այ քեզ աբսուրդ, այ քեզ ակադեմիական մտածողություն»։

Այսպես՝ Կ. Կարապետյանից աշխատավարձի սխալ հաշվարկի հետեւանքով, հօգուտ պետբյուջե պակաս է գանձվում ամսական մոտ 6000 դրամի չափով ու այդպես էլ մյուսներից, որը կազդի նաեւ նրանց թոշակի կուտակային ֆոնդի վրա։

Ելնելով ստեղծված իրավիճակից, հարցերի պարզաբանման անհրաժեշտությունից, Կ. Կարապետյանին խորհուրդ տվեցի դիմել ՀՀ աշխատանքի պետական տեսչություն։ Տեսչությունը ինստիտուտի տնօրինությանը տվեց պարտադիր կատարման հանձնարարական։

Բայց, ավաղ, ինստիտուտի տնօրինությունը նորից չի կատարել ու չի էլ ուզում կատարել պարտադիր կատարման ենթակա հանձնարարականը: Կ. Կարապետյանն իր հասանելիք աշխատավարձի վճարման հայցով կարող է դիմել դատարան, բայց ինչո՞ւ, երբ օրինախախտումներն ակնհայտ են, հաստատված նույնիսկ Աշխատանքի պետական տեսչության կողմից: Գուցե նշվածի հետեւանք է, որ մի շարք խելոք գիտաշխատողներ տարագրվել են Հայաստանից եւ դեգերում են օտարության մեջ: Ես, բնականաբար, պարզելով անիրավական փաստը՝ ահազանգել եմ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին: Մինչ այդ դիմել եմ գիտության վերադաս օղակներ, որոնք, պարզվում է, այս իրողության մասին տեղյակ են ու ի նպաստ իրենց այդ մասին լռել են, չմտածելով ոչ պետության, ոչ գիտության, ոչ գիտաշխատողների մասին:

Վերադասության կարգով դիմեցի նաեւ ՀՀ գլխավոր դատախազությանը, բայց արի ու տես՝ այստեղ էլ կոռուպցիոն սկզբունքի տեր դատախազներ կան, ու սկսվեց քաշքշուկ: Գործը ճմռթվելուց հետո որոշում կայացվեց, որ ամեն ինչ կատարված է օրինական հիմքերով, հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժվեց: Իմ բարձրացրած հարցը կարելի է պարզել միայն մասնագիտական ստուգմամբ, որը պետք է անել հանուն գիտության եւ ինքնուրույն պետական գոյության: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել