Լրահոս
Օրվա լրահոսը

«Զատիկին մնացել էր մեկ շաբաթ»

Ապրիլ 26,2011 00:00

\"\"

\"\"Սա Եղեռնից փրկվածների առաջին նախադասությունն է: Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներն են ուսումնասիրել ոճրագործության ականատեսների հուշագրություններն ու պարզել այս իրողությունը: Հուշագրություններից տեղեկանում ենք նաեւ, որ Զատկից առաջ երեխաները ձու էին դրել աղի մեջ, իսկ մեծերը հետեւում էին պահքին ու առատության խորհրդանիշ ցորենն էին աճեցնում, չկասկածելով անգամ, որ Հիսուսի նման պետք է դաժան ու տանջալից մահ ունենան՝ միայն ու միայն Հիսուսին հավատարիմ լինելու համար: Երիտասարդ ապագա գիտնականները դեռեւս նոր փաստեր են հավաքում, որ երբեւէ չեն հրապարակվել:
«Այս տարի Մեծ եղեռնի 96-րդ տարելիցն ու Զատիկը նույն օրն էին: Այդ համընկնումը շատերի մոտ խուճապ առաջացրեց, ինչը զարմանալի է: Ոմանք ըմբռնեցին դրա խորհուրդը, ոմանք չկարողացան գտնել բացատրությունը: Մենք պետք է կապը ճիշտ տեսնենք ու ընկալենք: Նրանք, ովքեր ապրեցին, ապրեցրին մեզ, ովքեր նահատակվեցին, մեր ապրելու համար նահատակվեցին, ինչպես Հիսուս իր խաչելությամբ ու մահվամբ մեզ կյանք պարգեւեց, հետեւաբար՝ մահ եւ հարություն»,- ասում է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը:
Վանաձորում էլ երիտասարդները ջահերով երթ կազմակերպեցին՝ Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցուց դեպի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակ, որտեղ կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերի խաչքար-հուշաքար: Երիտասարդները պետք է ապացուցեն, որ մենք պահանջատեր ենք, կգա մի օր ու կվերադարձնենք մեր հողերը, կհասնենք ցեղասպանության ճանաչմանը, վստահ են Վանաձորի բոլոր երիտասարդական կազմակերպությունների անդամները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել