Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՌՅԱԿԻ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ

Մայիս 06,2011 00:00

\"\"Ճանաչված ջութակահար Արտաշես Մկրտչյանը հայրենիքը գերադասեց փառքից ու «տաքուկ» կյանքից

1980-ականների սկզբներին ստեղծվեց Ա. Խաչատրյանի անվան լարային քառյակը, որն իր կազմում համախմբելով տաղանդավոր երաժիշտների (ջութակահարներ Արտաշես Մկրտչյան, Գեորգի Հարությունյան, ալտահար Զարեհ Սահակյանց, թավջութակահար Վարուժան Բարտիկյան), կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում ձեռք բերեց: Արդեն 1983թ. Բորոդինի անվան լարային քառյակների մրցույթում հաղթող ճանաչվեց հայաստանյան քառյակը: 1985թ.՝ Զ. Սահակյանցի մահից հետո, նրան փոխարինեց Խաչատուր Ամիրխանյանը: Մեկնելով հերթական հյուրախաղերի Պորտուգալիա, քառյակի երաժիշտներից վերադարձավ միայն Արտաշես Մկրտչյանը, ում «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախմբում առաջարկել էին կոնցերտմայստերի պաշտոնը, այն էլ՝ չլսված արտոնությունով. ջութակահարը կարող էր, իր հայեցողությամբ, օրինակ, երեք ամիս աշխատել Պորտուգալիայում՝ տարվա մնացած ժամանակահատվածն անցկացնելով հայրենիքում եւ այլն: Երբ Ա. Մկրտչյանը վերադարձավ հայրենիք, դարձյալ բարձրակարգ երաժիշտների, այս անգամ՝ թավջութակահար Մեդեա Աբրահամյանի, ալտահար Ալբերտ Բրուտյանի եւ ջութակահար Դավիթ Մովսիսյանի հետ մինչեւ 1989թ. շարունակեց իր եւ Զ. Սահակյանցի հիմնադրած քառյակի գործունեությունը, միաժամանակ դասավանդելով Կոմիտասի անվան կոնսերվատորիայում:
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Էդ. Թոփչյան), իր ծննդյան 60-ամյակը կտոնի Արտաշես Մկրտչյանը:
Համոզված ենք, որ այսօր՝ իր հոբելյանի օրը, կառավարական մակարդակով չի գնահատվի արվեստագետը, ում դասարանում են սովորել ճանաչված շատ ջութակահարներ, այդ թվում՝ Սյուզի Երիցյանը, Մարտին Յավրյանը, Գեւորգ Կարաբեկյանը, Հրաչիկ Ավանեսյանը եւ այլք:
Իբրեւ մենակատար, Ա. Մկրտչյանի արվեստին ծանոթ են Ֆրանսիայում, Անգլիայում, Իտալիայում, Կանադայում, Հունաստանում եւ այլուր: Հայ կոմպոզիտորների ջութակի եւ քառյակի համար գրված բազմաթիվ ստեղծագործությունների առաջին կատարողն է ջութակահարը, որոնցից մի քանիսն էլ գրվել են հատուկ իր համար: Արվեստագետի համար հավանաբար ամենամեծ պարգեւը իր ուսանողներն են, որոնք դեռեւս 2010թ. աշնանից՝ ժամանակ առ ժամանակ իրենց համերգները նվիրում են սիրելի պրոֆեսորի հոբելյանին: Նույնիսկ ապրիլի 19-ին ինքնատիպ մի համերգ էին կազմակերպել ջութակահար Մերի Մարգարյանը, ալտահար Հայկ Հովհաննիսյանը, թավջութակահար Կարեն Քոչարյանը եւ խնդրել իրենց եռյակին միանալ Արտաշես Մկրտչյանին, փաստորեն՝ երկու տարբեր սերունդներից ստեղծելով լարային քառյակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել