Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի այցեքարտը»՝ 7-րդ անգամ

Մայիս 21,2011 00:00

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը միշտ լեփ-լեցուն դահլիճներում է:

\"\"
Փառատոնի հիմնադիրներ Գ. Նազարյանը (ձախից) եւ
Մ. Շահինյանը՝ տեր եւ տիկին Յիրիկյանների հետ:

«Առավոտը» տեղեկացրել էր ապրիլի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մեկնարկած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 7-րդ փառատոնի մասին:
Օրերս կապվեցինք փառատոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի հետ, ում 90-ամյա հոբելյանին է նվիրված այս փառատոնը: Կոմպոզիտորի խոսքերով՝ «տարիների հեռվից առանց երկմտելու կարող ենք ասել, որ ունենք կայացած ու սիրված փառատոն, որի համերգները կայանալով Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում, երաժշտության եւ կերպարվեստի միաձուլման շնորհիվ ստեղծում են ուրույն միջավայր, հանդիսատեսին տեղափոխելով արվեստի հրաշագործ աշխարհ: Ասածիս վկայությունն են ամեն տարի լեփ-լեցուն սրահում շուրջ մեկ ամիս շարունակվող երեկոները: Փառատոնը միշտ ներկայանում է իր ոգուն եւ էությանը համապատասխան՝ նոր բացահայտումներով ու թարմ ստեղծագործական գաղափարների իրականացմամբ, որի հեղինակներն են հիմնադիրներ Մարիամ Շահինյանը եւ Գարիկ Նազարյանը: Այս պահին դժվարանում եմ հիշել, թե վերջին անգամ որ թվականին է հանդես եկել գալարափողը՝ իբրեւ մենակատար: Ինքս անհամբերությամբ եմ սպասում մայիսի 25-ին կայանալիք համերգին, որտեղ առաջին անգամ հայ հանդիսատեսը, մասնավորաբար՝ երիտասարդները, շնորհիվ «Նոր Ռուսաստան» նվագախմբի մենակատար, ճանաչված գալարափողահար Գլեբ Կարպուշկինի, գուցեեւ իրենց համար հայտնաբերեն սիմֆոնիկ նվագախմբի ընտանիքից անբաժան այս նվագարանը»: Մեր զրուցակիցը հատկապես առանձնացրեց փառատոնի շրջանակներում մինչ այսօր ելույթ ունեցած դաշնակահարներ Սվետլանա Նավասարդյանի, Հայկ Մելիքյանի, Ջուլիետա Վարդանյանի, ջութակահարներ՝ ֆրանսաբնակ Ալեքսանդր Բրուսիլովսկու, գերմանաբնակ Նիկոլայ Մադոյանի եւ այլոց ելույթները, հատկապես շեշտելով փառատոնի կամերային նվագախմբի անունը (գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Արամ Թալալյան):
Փառատոնի հիմնադիրները մեզ փոխանցեցին, որ իրենց մտահղացումները չէին իրականանա, եթե չլիներ մշակույթի բարեկամ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության շարունակական աջակցությունը: Ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն իր ուղերձում ասել է. «Այս փառատոնն ինքնատիպ այցեքարտ է Հայաստանը մշակութային ասպարեզում հարիր մակարդակով ներկայացնելիս»:
Հավելենք, որ երեք տարի է՝ ինչ փառատոնի հիմնադիրները արտերկրում «Հայաստանի պատանի տաղանդներ» խորագրով անցկացնում են բարեգործական համերգներ: Այս առիթով Մ. Շահինյանն ասաց, որ այդ ծրագիրն էլ իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի լոնդոնյան մասնաճյուղի ատենապետ Արմինե Կարապետի հոգածությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել