Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԵՑԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Հունիս 04,2011 00:00

\"\"

Հունիսի 1-ին Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի թիմի հաղթանակով ավարտվեց Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ արդեն ավանդական դարձած մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ-2011» երկրորդ մրցաշարը: Եզրափակչում ԱԹԱ-ն համառ պայքարում 8:5 հաշվով հաղթեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության թիմին: Երրորդ տեղի համար անցած տարվա հաղթողները` «Մեդիամաքս» գործակալության տղաները 12:3 խոշոր հաշվով պարտության մատնեցին «4-րդ իշխանություն» թերթի թիմին:
Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ստանձնել էր մրցաշարի հովանավորությունը:
Մրցաշարն ուղղված է առողջ ապրելակերպի քարոզչությանը եւ ֆուտբոլի մասսայականացմանը: Մրցումներին մասնակցում էր լրագրողական 8 թիմ՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերություն, «4-րդ իշխանություն» օրաթերթ, «Հայաստան՝ ֆինանսներ եւ էկոնոմիկա», «Արեւածաղիկ» ամսագրեր, «Մեդիամաքս» լրատվական գործակալություն, «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիա» հ/կ, «epress.am» եւ «lragir.am» կայքեր:
Մրցաշարի փակման արարողությունը տեղի ունեցավ հունիսի 1-ին՝ Խուլերի միավորման մշակույթի եւ սպորտի պալատում: Հաղթող թիմը՝ ԱԹԱ-ն, պարգեւատրվեց «ՎիվաՍել-ՄՏՍ-2011» մեծ գավաթով, պատվոգրով եւ մեդալներով, երկրորդ եւ երրորդ տեղեր զբաղեցրած թիմերը եւս ստացան գավաթներ, պատվոգրեր եւ մեդալներ: Մրցանակների արժանացան նաեւ՝  մրցաշարի լավագույն խաղացող Սամվել Ջինանյանը («Երկիր մեդիա»), դարպասապահ Վահրամ Մկրտչյանը (ԱԹԱ), պաշտպան Մանուկ Մխիթարյանը (ԱԹԱ), հարձակվող Վահե Բոյաջյանը («4-րդ իշխանություն»), լավագույն ռմբարկու Արտավազդ Գրիգորյանը («Երկիր մեդիա»), ամենագեղեցիկ գոլի հեղինակ Արման Ալավերդյանը («Մեդիամաքս»), թիմի լավագույն  ղեկավար Դավիթ Ալավերդյանը («Մեդիամաքս»), մրցաշարը լավագույնս լուսաբանող ԶԼՄ-ն («Երկիր մեդիա»)  եւ ֆուտբոլում ունեցած մեծ վաստակի համար՝ ՀՀ վաստակավոր մարզիչ Սեմյոն Իսրայելյանը: Հատուկ պատվոգրի արժանացավ նաեւ մրցաշարի հովանավոր «ՎիվաՍել-ՄՏՍ»  ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Փակման արարողությունը ավարտվեց  հրավառությամբ եւ ավանդական գարեջրային հյուրասիրությամբ:
Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան, որը երկրորդ տարին անընդմեջ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հովանավորությամբ կազմակերպում է Հայաստանի լրատվամիջոցների միջեւ մինի-ֆուտբոլի մրցաշարը, ունի սիրողական մրցումների կազմակերպման մեծ փորձ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել