Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնակոչ եւ աշխարհիկ մեթոդներով

Հունիս 07,2011 00:00

Տեր Աբելը սպառնում է դատի տալ Վեհափառին

Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հունիսի 1-ի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Շվեյցարիայի հայոց թեմի ինքնակոչ առաջնորդ տեր Աբել քահանա Մանուկյանը: Պատճառը, ըստ Մայր աթոռի, «նրա կողմից շարունակվող կարգազանց անուղղեա ընթացքն է», Հայոց կաթողիկոսի տնօրինությանը չենթարկվելը, իր եւ տարբեր անձանց միջոցով Վեհափառ հայրապետի դեմ ուղղված՝ իրականությանը չհամապատասխանող հրապարակումներ ուղարկելը:
Մայր աթոռի դիվանապետ տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, երեկվա ասուլիսում մեկնաբանելով Ամենայն հայոց կաթողիկոսի որոշումը, նշեց. «Կատարվել է եկեղեցական իշխանության նկատմամբ ոտնձգություն: Եկեղեցին նվիրապետություն է, որը խարսխված է եկեղեցական բարձրագույն հեղինակության նկատմամբ հնազանդությամբ եւ եկեղեցական ավանդական կարգերի նկատմամբ դրսեւորված հավատարմությամբ: Տվյալ պարագայում այս վարքագծով անհնազանդություն դրսեւորողները իրենք իրենց դրել են եկեղեցական իշխանությունից դուրս եւ եկեղեցական իշխանությունը՝ Վեհափառի գլխավորությամբ, հարկադրված է եղել համարժեք քայլեր ձեռնարկել հիշյալ անհնազանդությունը կանխելու համար»:
Արշակ սրբազանը նշեց, որ տեր Աբել քահանա Մանուկյանի անհնազանդությունները գալիս են դեռ 1990-ականներից. 1992 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի որոշմամբ Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ստեղծվեց եկեղեցական թեմ. «Մինչ այդ ընդամենը ծուխ է եղել: 1993-ին նորաստեղծ թեմի վարչությունը փոխվել է, իսկ նոր վարչությունը հրաժարվել է թեմն ընդունել՝ առաջնորդվելով նախկինում գործող ծխական կանոնադրությամբ: 1994 թվականին, մինչ այդ Կանադայում պաշտոնավարող տեր Աբել քահանա Մանուկյանը, առանց կաթողիկոսի հավանության եւ գիտության, ժամանել է Շվեյցարիայի թեմ՝ հովվություն անելու նպատակով: Աբել քահանայի հետ հանդիպելու համար կաթողիկոսի կողմից Շվեյցարիա է գործուղվել Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, սակայն կաթողիկոսի նշանակած հանդիպմանը Աբել քահանան չի ներկայացել: Այս ամենը տեր Աբել քահանային ներվել է՝ հույս ունենալով, որ ամեն ինչ ժամանակի ընթացքում կկարգավորվի՝ ի բարօրություն հայկական համայնքի: 1992-ից մինչ օրս թե՛ Գարեգին Առաջին կաթողիկոսի եւ թե՛ Գարեգին Երկրորդի կողմից պարբերաբար հիշեցումներ, հորդորներ, հրահանգներ են տրվել թեմական կառույցը կազմակերպելու ուղղությամբ, սակայն՝ անարդյունք»:
Կարգալույծ հռչակված տեր Աբելը, սակայն, չի ընդունում իր «պաշտոնանկությունը», ավելին՝  ապօրինի է համարում կաթողիկոսի՝ իրեն կարգալույծ հռչակելու որոշումը ու փորձում հոգեւորականին ոչ վայել պահվածքով կառչել «աթոռից»: Նա նույնիսկ սպառնացել է դատի տալ Վեհափառին:
Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նշում է, թե տեր Աբել Մանուկյանի կարգալույծ հռչակվելու փաստը չընդունելը նյութական շահագրգռություններից է գալիս. «Աբել քահանան իր ծառայության դիմաց ստանում է ամիսը  մոտ  8000 եվրո, եւ այդ գումարից չափազանց դժվար է հրաժարվելը»: Ինչ վերաբերում է Մայր աթոռին, այն թեմերից երբեք էլ գումար չի պահանջել ու ամեն թեմ այդ առումով ինքնուրույն է: 
Նշենք, որ տեր Աբելը վանական խորհրդին ներկայանալու՝ Վեհափառի պահանջը անպատվաբեր է համարել ու ասել, թե պատրաստ է բացատրություններ տալ միայն Վեհափառին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930