Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՂ ԵՔ ՈՒԶՈՒՄ՝ ԼԱՎ ՉԵՔ ՈՒԶՈՒՄ

Հունիս 07,2011 00:00

\"\"«Օգնիր մանկապարտեզիդ» կայքում գրանցված որոշ մանկապարտեզների տնօրեններ մանկապարտեզի փոխարեն իրենց են ներկայացնում:

Այս օրերին շատ մանկապարտեզների տնօրեններ ծնողական ժողով են անում ու շնորհավորում երեխաների ծնողներին՝ ասելով, որ իրենք արդեն մանկապարտեզի աշխատակազմին որեւէ լավ բանի համար շնորհակալություն ասելու ցիվիլ հնարավորություն ունեն: Կարող են մտել www.ognirrmankapartezid.am կայքը, բացել տվյալ մանկապարտեզի էջն ու շնորհակալություն հայտնել հաշվեհամարների վրա: Իրականում կայքի իմաստն այն է, որ տարբեր բարերարներ, տեսնելով, թե ինչ խղճուկ պայմաններում են մեր երեխաները հաց ուտում, զվարճանում, լվացվում կամ քնում, որոշակի օգնություն ցուցաբերեն: Մի մանկապարտեզ ոռոգման համակարգ չունի, մեկ ուրիշը լվացարանի ու աթոռի կարոտ է, մյուսը երեխաների համար իսկի մահճակալ չունի, եւ այդ ամենը կարող է շարժել ինչ-որ մեծահարուստի գութը: Սակայն շատ տնօրեններ, գրանցելով իրենց մանկապարտեզն այդ կայքում, չեն հասկացել, թե ինչ գործ ունեն այնտեղ եւ ինչ է իրենց ուզածը: Տնօրեն կա, որ կայքը դարձրել է իր գովազդային հոլովակը. ընթերցողներին մանկապարտեզի պատմությանը ծանոթացնելու փոխարեն «համեստ» տեքստ է տեղադրել, թե ինչ բարի, ինչ ազնիվ ու հոգատար անձնավորություն է ինքը: Որոշ տնօրեններ քաղաքապետին ու թաղապետին հաճոյանալու համար նրանց են փառք ու պատիվ տվել, ավելի մեծ ախորժակ ունեցողները՝ նախագահ Սերժ Սարգսյանին: Թիվ 145 մանկապարտեզի տնօրեն Նոնա Աֆրիկյանը իր մասին գրել է. «Այսօր նախկին տնօրեն Ռիմա Նալբանդյանին փոխարինում է ոչ պակաս հմուտ մանկավարժ ու գործի նվիրյալ՝ տիկին Նոնա Աֆրիկյանը։ Նա էլ, իր հերթին օժտված լինելով մարդկային փոխհարաբերությունների վեհ գաղափարներով, գրագիտությամբ ու մանկավարժին հատուկ նրբանկատությամբ, կարողանում է պահպանել նախկին ավանդույթներն ու դեռ ավելին՝ նոր շունչ ու եռանդ հաղորդում կազմակերպվող յուրաքանչյուր գործունեության»։ Այս նոր շունչ ու եռանդ բերող տնօրենը, որը չի զլացել իր մասին քաղցր-մաղցր խոսքեր ասել, մանկապարտեզի տվյալները գրանցելիս նշել է, որ իրենց երեխաների քանակը 0 է, եւ եթե պարտեզում երեխա չկա, ստացվում է, որ բարերարները տնօրենին պիտի օգնեն: Ա 2 թաղամասում գտնվող թիվ 90 ՆՈՒՀ-ի տնօրենն էլ մանկապարտեզի պատմությունը ներկայացնելու փոխարեն նշել է, որ ինքը 2010-ի դեկտեմբերին ՀՀԿ նախագահ Ս. Սարգսյանի կողմից ՀՀԿ 20-ամյակի կապակցությամբ, կուսակցական ակտիվ գործունեության համար, պարգեւատրվել է շնորհակալագրով: ՆՈՒՀ-ի տնօրեն Նունե Առաքելյանը հավանաբար «օգնիր մանկապարտեզիդ» կայքը շփոթել է հանրապետականների կայքի հետ:
Ընդհանրապես, կայքում գրանցված 160 մանկապարտեզներից շատերի տնօրենները չեն հասկացել, թե ինչպես լրացնեն իրենց տվյալները, ուստի նշել են, որ կամ երեխա, կամ խումբ, կամ աշխատող չունեն (օրինակ՝ թիվ 49-ը, 64-ը, 65-ը, 78-ը, 87-ը, 116-ը, 140-ը, 148-ը, 159-ը): Թիվ 155 մանկապարտեզն էլ նշել է, թե ունեն 20 երեխա եւ 102 աշխատող, ինչն աբսուրդ է: Հովհաննես Հովհաննիսյան փողոցում գտնվող թիվ 140 ՆՈՒՀ-ը նշել է, որ ոչ երեխա ունեն, ոչ էլ աշխատող, փոխարենը՝ չեն մոռացել հաշվեհամարը տպեն ու մի հսկայական տեքստ, թե իրենց բակում մոշենիներ են աճում, ընկուզենիներ ու թթենիներ:
Հաղթանակ գյուղի թիվ 80 մանկապարտեզի էջում չեն կարողացել երկու գրագետ նախադասություն կազմել ու ներկայացնել, գրել են՝ «ՆՈՒՀ-ը 2010թ. հիմնովին ջեռուցվել է ջեռուցման համակարգով»։ N11 մանկապարտեզի էջում էլ ալարել են մի քանի տող գրել, գրվածն էլ՝ սխալներով: Մանկապարտեզի ողջ պատմությունն այս է՝ «գտնվում է Կոնդում, Ռուսթավելի 19 հասցեում։ ՆՈՒՀ-ը գործում է 1935թ-ից, երկհարկանի կառույց է ոչ տիպային, հարմարեցված։ Գործում է երեք խմբով։ ՆՈՒՀ-ը ունի գեղեցիկ բակ։ ՆՈՒՀ-ի է Սոֆիկ Կարապետյանը»:
Ինչ վերաբերում է խնդիրներին, Երեւանում մանկապարտեզներ կան, որ իսկապես ավերականոցի են նման: Քանաքեռի թիվ 148 մանկապարտեզի տնօրենը այնքան խնդիր է նշել, որ թվում է՝ զրոյից պետք է նոր մանկապարտեզ կառուցել՝ սեղան-աթոռից, թեյնիկից, խալաթից, սպիտակեղենից, դույլից ու մահճակալից սկսած մինչեւ տանիքի, առաստաղի, հատակի ու սանհանգույցի նորոգում: Երբ այս մանկապարտեզի լուսանկարները նայում ես՝ զարմանում ես, թե ինչպես է 87 երեխա հաճախում այդ խոնավ ու խղճուկ պայմաններ ունեցող մանկապարտեզ: Թիվ 104 մանկապարտեզի զուգարանում պարզապես անհամատեղելի են ժանգոտած ու իրարից քանդվող լվացարանը, բորբոսնած պատերը, հակահիգիենիկ միջավայրն ու երեխաների սրբիչները՝ այդ պատերից կախված, կամ գիշերանոթները՝ այդ գաղջ միջավայրում դրված: 155 մանկապարտեզը սառնարան չունի եւ բարերարներից խնդրում է մեծ ու փոքր սառնարան, հեռուստացույց ու համակարգիչ: 156 մանկապարտեզի տնօրենը, իր կոլեգաներից հետ չմնալու համար, որպես մանկապարտեզի խնդիր նշել է, թե ունեն բակի հիմնովին նորոգման խնդիր, մինչդեռ երբ լուսանկարները նայում ես՝ ընդամենը 1-2 քանդված եզրաքար կա, որոնք, փաստորեն, տնօրենի սրտով չեն: Իսկ թիվ 16 ՆՈՒՀ-ի տնօրեն Սվետլանա Պողոսյանը խնդրանք ունի ոչ թե բարերարներից, այլ՝ ավելի շատ քաղաքապետարանից. «Մեր փոքրիկները չունեն զբոսավայր եւ խաղահրապարակ, այ, եթե շենքի ետնամասում գտնվող հողակտորը հատկացվի մեզ, այնտեղ կստեղծենք հեքիաթային, խաղերով լի երջանկության փոքրիկ պարտեզ»։
Ուշագրավ է, որ տնօրենները բարերարներին «թասիբի գցելու» տարբեր միջոցների են դիմել: Ոմանք շեշտը դրել են մելամաղձոտ բառերի վրա, որ «եթե կա այս աշխարհում մի բարի մարդ, որն անտարբեր չի մատաղ սերնդի նկատմամբ, թող օգնության ձեռք մեկնի՝ իր սրտի չափով»: Իսկ թիվ 159 ՆՈՒՀ-ի տնօրեն Վարդուշ Շաշիկյանը հարկ է համարել նշել, որ իրենց մանկապարտեզի նախկին սաներից են եղել հեռուստալրագրող Հրածին Սաֆարյանը եւ ինչ-որ Գայանե Մելիքսեթյան, որը բիզնեսմեն է եւ ապրում է Արգենտինայում:
Նշենք, որ բոլոր 160 մանկապարտեզներին կայքի միջոցով երեկվա դրությամբ օգնել են ընդամենը 2500 դրամով, ընդ որում 2250 դրամ՝ մի մանկապարտեզի, 250 դրամ՝ մեկ ուրիշի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930