Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հունիս 08,2011 00:00

Երեքշաբթի օրը Ժնեւում տեղի է ունեցել ռուս-վրացական բանակցությունների հերթական ռաունդը: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Ալեքսանդր Լուկաշեւիչը ճեպազրույցում հաղորդել է, որ Ժնեւում ռուսաստանյան պատվիրակությունը ղեկավարելու է փոխնախարար, պետքարտուղար Գրիգորի Կարասինը, որ Ժնեւում քննարկվելու են Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության հարցերը: «Վերջին ամիսներին Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահմաններին տեղի են ունեցել մտահոգիչ միջադեպեր, մարդիկ են զոհվել»,- «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ՝ ասել է Ալեքսանդր Լուկաշեւիչը, հավելելով, թե նկատելիորեն ակտիվացել են Վրաստանի հատուկ ծառայությունները եւ դիվեսիոն խմբերը, որոնք գործողություններ են իրականացրել «հարեւան երկրների տարածքում» (խոսքը Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի մասին է):

Ժնեւում քննարկվելու էր նաեւ հումանիտար, մասնավորապես՝ փախստականների եւ տեղահանվածների վերադարձի հարցը:

Վրաստանի պատվիրակությունը Ժնեւում ղեկավարելու է Անվտանգության խորհրդի քարտուղար Գիա Բոկերիան (նկարում): Ավելի վաղ Վրաստանի ԱԳ փոխնախարար Նինո Քալանդաձեն էր հայտարարել, թե վրացական պատվիրակության համար բանակցություններում ամենահրատապը «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում» մարդու իրավունքների ոտնահարման եւ բնակիչների անվտանգության խնդիրն է: «Վրացական կողմը արծարծելու է մայիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի հարցը, երբ երկու երիտասարդ վրացի Սաչխերի շրջանում հարձակման են ենթարկվել Ցխինվալիի խամաճիկային ռեժիմի զինյալների կողմից եւ վնասվածքներ ստացել»,- ասել էր Քալանդաձեն:

Ժնեւյան հանդիպումներին մասնակցում են Ռուսաստանի, Վրաստանի, Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Միացյալ Նահանգների, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել