Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՄԻՐԸ ՆՅԱՐԴԱՅՆԱՑՆՈՒՄ Է ԽՈՀԱՐԱՐԻՆ

Հունիս 08,2011 00:00

Կանաչը՝ կանխում ինքնասպանությունները

\"\"Մարդու աչքը կարող է ընկալել յոթ միլիոն գույն: Կան գույներ, որոնք կարող են գրգռել աչքերը եւ գլխացավ առաջացնել. միայն գույների ճիշտ գործածման դեպքում կնվազի ակնային լարվածությունը, կմեծանա արտադրողականությունը եւ, ի վերջո, կթուլանա ամբողջ մարմինը:

Դեռեւս հին ժամանակներում թագավորների նախընտրած գույնը մանուշակագույնն է եղել: Իրենց թագավորական պալատներում գրեթե ամենուր կարելի էր գտնել կարմիր երանգներով հագեցած գորգեր կամ այլ իրեր: Իսկ որոշ քաղաքակրթություններում ընդունված էր հավատալ, որ կան գույներ, որոնք ունեն ակտիվացնող եւ բուժական հատկություն: Օրինակ՝ եգիպտացիները կանաչ գույնը համարում էին սրբություն՝ հույս եւ ուրախություն:

Գույները կարող են մեծ նշանակություն ունենալ նաեւ սենյակների ընտրության գործում՝ առաջացնելով համապատասխան հոգեվիճակ: Այսպես, օրինակ՝ «սառը» գույները մեծացնում են սենյակի ծավալը եւ տալիս հանգստության զգացողություն, իսկ «տաք» գույները՝ ջերմության եւ հարմարավետության զգացում: Կանաչ գույնը մեծացնում է կենսունակությունը՝ առաջացնելով աշխուժություն եւ կենսուրախություն, այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս երեխաների սենյակը ներկել հենց այդ երանգով: Կանաչը կարող է հանգստացնել երեխաների ատամնացավը: Նրանք, ովքեր աշխատում են կանաչ գույն ունեցող միջավայրում՝ ավելի քիչ են բողոքում ստամոքսի ցավից: Իսկ Անգլիայում ինքնասպանության դեպքերը վերջին տարիներին նվազել են 34%-ով: Հոգեբանները պնդում են, որ դա միայն այն բանի շնորհիվ է, որ Լոնդոնի Բլեքֆեր կոչվող կամուրջը կանաչ գույնով է ներկվել: Խոհանոցը կամ ռեստորանները չարժե ներկել կարմիր գույնով, քանի որ, շատերի կարծիքով՝ այդ գույնը խոհարարին կարող է նյարդայնացնել: Իսկ հիվանդանոցների սպասասրահում նախընտրելի է կիրառել կապույտն ու մանուշակագույնը՝ հիվանդներին հանգստություն պարգեւելու նպատակով:

Ուղեղում անհանգստության համապատասխան կենտրոնը ակտիվանում է դեղին գույնի ազդեցությամբ: Թեեւ այս գույնն առաջինն է, որ մարդու աչքը կարողանում է ընկալել՝ դեղին գույնով ներկված սենյակում փոքր երեխաներն ավելի շատ են լացում, իսկ ամուսնական զույգերը՝ ավելի հաճախ վիճում: Ուստի դեղինը համարվում է ամենահոգնեցնող գույնը, որովհետեւ ավելի մեծ քանակությամբ լույս է արտացոլում՝ աչքերին հաղորդելով չափազանց մեծ գրգիռներ:

Կապույտ գույնը կօգնի նվազեցնել սննդի չափից ավելի օգտագործումը: Իսկ անքնության դեպքում խորհուրդ է տրվում կիրառել բաց վարդագույնը, կանաչը, կապույտը եւ բաց կարմիրը:

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ յոթ տարեկանից ցածր երեխաները խաղալիքների ընտրության ժամանակ նախապատվությունը տալիս են մաքուր, առանց խառնուրդի գույներին: Իսկ որոշ բժիշկների կարծիքով՝ հավերի համար նախատեսված կարմիր կոնտակտային լինզաները ստիպում են, որպեսզի հավերն ավելի աշխույժ լինեն եւ շատ չուտեն: Հետեւաբար, համապատասխան ֆիրմաներն այդպիսի լինզաների կիրառումը համարում են ձվի արտադրության բարելավման միջոց, որի շնորհիվ վերջին ժամանակներում արտադրությունը բարելավվեց տարեկան $600 միլիոնով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել