«Հայաստան» համահայկական հիմնադրամն Արցախում իրագործում է խոշորածավալ ծրագիր` Ստեփանակերտում ծերերի եւ հաշմանդամների տուն-ինտերնատի վերակառուցումը: Նախաձեռնությունը մոսկվաբնակ հայ գործարար Արմեն Շախազիզյանինն է, ով այդ նպատակով նվիրաբերել է 400 հազար ԱՄՆ դոլար: «Հայաստան» հիմնադրամի տարածած տեղեկատվության համաձայն, Արցախի միակ տուն-ինտերնատում ներկայումս մշտապես բնակվում է շուրջ 100 ծեր ու հաշմանդամ, իսկ շուրջ 150 մարդ էլ խնամք է ստանում իրենց տներում: Ներկայումս ընթացքում են հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները: «Մեր մշտական բարերարների շարքը համալրվել է եւս մեկ արժանավոր հայորդով: Մոսկովյան գալա-ճաշկերույթին Արցախում ջրի խնդրին ուղղված հանգանակությանը 300 հազար ԱՄՆ դոլար նվիրաբերելուց բացի՝ «Լուդինգ» ընկերության հիմնադիր Արմեն Շախազիզյանը որոշել էր նաեւ նպատակային նվիրատվություն կատարել, որպեսզի արցախցին ծերությունը արժանապատիվ պայմաններում վայելելու հնարավորություն ունենա»,- այս առիթով նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Տուն-ինտերնատի երկու մասնաշենքերը վերջին անգամ նորոգվել են 1988 թվականին: Ծերանոցի տնօրեն Իրինա Սարգսյանի հավաստմամբ. «Ահավոր վիճակում են հատկապես սանհանգույցները, կոյուղու համակարգը, ճաշարանը: Ամեն կերպ ջանում ենք կենցաղային անհարմարությունների բացը լրացնել մեր ծերերի նկատմամբ խնամքով ու հոգատար վերաբերմունքով: Կարծում եմ, որ վաղը Ստեփանակերտի ծերանոցը կդառնա ոչ թե վերջին հանգրվան, այլ վաստակած հանգստի այլընտրանքային վայր»: