Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները՝ երեխաների համար

Հուլիս 01,2011 00:00

Երեխաների իրավունքները Վանաձորում

Արդեն ձեւավորված ավանդույթին հավատարիմ, Վանաձորի քաղաքապետարանը հուլիսի 1-ից հայտարարել է երեխաների իրավունքների պաշտպանության եռամսյակ: Ընդառաջ գնալով եռամսյակին՝ «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպությունը նախաձեռնել է Վանաձորի թիվ 16, 27, 28 հանրակրթական եւ թիվ 1 հատուկ (օժանդակ) դպրոցներում անցկացնել «Երեխան երեխայի համար» մեթոդաբանությամբ երկամսյա դասընթացներ: Իսկ դրանից առաջ իրականացվել է երեխաների իրավունքների պաշտպանության թեմայով համապատասխան ծրագիր եւ դասընթաց, որի ավարտի մեկնարկին Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբարձուների հանձնաժողովի ջանքերով օրերս Տիկնիկային թատրոնի դահլիճում կայացավ տոնական միջոցառում: Միջոցառման նպատակն էր միավորել դասընթացներ անցած աշակերտների ուժերը, նրանց ստացած գիտելիքների փորձի փոխանակում կազմակերպել: Սրա համար էլ դպրոցականները հանդես եկան իրենց իսկ բեմադրություններով, ուր ներկայացնում էին երեխայի հանդեպ բռնության դեպքեր, եւ թե ինչպես պետք է դպրոցահասակները կարողանան դուրս գալ առաջացած իրավիճակներից: Միջոցառմանը նախապատրաստվելու նպատակով թիվ 27 դպրոցի աշակերտները ուսումնասիրել էին Վանաձորում գործող երեխաների իրավունքների պաշտպանության կառույցները եւ նրանց դերը երեխաներին բռնությունից պաշտպանելու գործում: Դպրոցականները հանդիպումներ են կազմակերպել եւ հարցազրույցներ անցկացրել «Օրրան», «Թռիչք» հ/կ-ներում, մարզպետարանում, քաղաքապետարանում, լրատվամիջոցներում եւ Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի գրողների հետ:

Վանաձորում գործող «Մանկական ֆոնդ» հ/կ-ի նախագահ Թամարա Գրիգորյանը նշում է դպրոցներում այսպիսի ծրագրերի անցկացման կարեւորությունը՝ հատկապես տեղեկատվական առումով: Նա ասում է, որ մեծ է տարբերությունը՝ Վանաձոր քաղաքի կենտրոնական հատվածի դպրոցների երեխաների տեղեկացվածության մակարդակի առումով, եւ այս կտրվածքով կարեւորում կոնկրետ այս դասընթացում ծայրամասային դպրոցների երեխաների ներգրավվածությունը: Նա կարծում է, որ պետք է աշխատանք տարվի ոչ միայն երեխաների, այլեւ նրանց ծնողների հետ: Ինչ վերաբերում է ծրագրի մասնակից երեխաներին, ապա Վանաձորի թիվ 28 դպրոցի 8-րդ դասարանի աշակերտուհի Աշխեն Քոչարյանն ասում է. «Այս ծրագրի ընթացքում մենք սովորեցինք մեր իրավունքները եւ պարտականությունները, իսկ դա արդեն կարեւոր է մեզ համար, քանի որ սովորեցինք շփվել մեծահասակների հետ, կարողացանք ինքնուրույն կարծիք արտահայտել, բացահայտեցինք, թե սոցիալական ծանր դեպքերում ինչպես պետք է վարվել եւ մենք էլ հանդես եկանք սոցիալական դեպքի ցուցադրությամբ»:

Միջոցառմանը հրավիրված այլ դպրոցների աշակերտներ էլ հանդես եկան գեղարվեստական ելույթներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել