Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին «չէ»-ն ասաց Ադրբեջանը»

Սեպտեմբեր 21,2011 00:00

\"\"Ըստ Արտակ Զաքարյանի՝ սա կարեւոր է նրանով, որ հայկական պատվիրակությունը կարողացավ ապացուցել  իր սկզբունքայնությունն ու հետեւողականությունը, հիմնավորել  առաջարկների բովանդակությունը:

Սեպտեմբերի 14-15-ը Ստրասբուրգում կայացած նորաստեղծ Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում նախատեսված էր ընդունել քաղաքական հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը, որը ներկայացվելու էր սեպտեմբերի վերջին Վարշավայում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովին: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ Բյուրոյի նիստում փաստաթուղթն այդպես էլ չընդունվեց վրացական եւ ադրբեջանական պատվիրակությունների մեղքով:
Հիշեցնենք, որ լիագումար նիստի քննարկումների ժամանակ վերջիններս առաջարկել են փաստաթղթում ներառել «տարածքային ամբողջականություն» բառակապակցությունը: Հայկական կողմը հակընդդեմ առաջարկ է ներկայացրել՝ կամ թվարկել միջազգային իրավունքի բոլոր նորմերը, կամ պարզապես ամրագրել «միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համահունչ» ձեւակերպումը: Եվրոպական կողմն էլ առաջարկել է փաստաթղթից հանել նաեւ «տարածքային ամբողջականություն» ձեւակերպումը, ինչը չի գոհացրել վրացի եւ ադրբեջանցի պատվիրակներին: Ադրբեջանական  մամուլում այդ առիթով «արշավ» իրականացվեց հայկական պատվիրակության դեմ, որի իբրեւ ոչ կառուցողական պահվածքի արդյունքում տապալվեց նախագծի ընդունումը:
Երեկ «Առավոտի» հետ զրույցում ԱԺ պատգամավոր, Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովում Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ ադրբեջանական մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը: Ի դեպ, հետաքրքրականն այն է, որ խնդիրը չի վերաբերվել կոնֆլիկտների կարգավորմանը: Այդ առիթով հայկական պատվիրակության բոլոր առաջարկներն, ըստ պատվիրակության անդամ Արտակ Զաքարյանի, անցել են կամ ընդունվել են կոմպրոմիսային, հայկական կողմի համար ընդունելի տարբերակներով: Իսկ տեղի ունեցածի վերաբերյալ հայկական պատվիրակության շաբաթ օրը տարածած հայտարարության մեջ, մասնավորաբար, ասվում է, որ Հայաստանի   խորհրդարանական պատվիրակությունն ամեն ջանք գործադրեց դժվարին հարցերում համախոհության եզրեր գտնելու համար. «Ափսոսանքով արձանագրում ենք, որ իրականություն դարձան ՀՀ ԱԺ պատվիրակության կանխատեսումներն առ այն, որ Եվրանեսթի որոշ պատվիրակություններ չեն կարողանալու խուսափել այդ կազմակերպությունը անպտուղ բանավեճերի բեմահարթակ դարձնելու գայթակղությունից՝ շեղելով Եվրանեսթը իր հիմնական նպատակից՝ արեւելյան գործընկերների եվրոպական ինտեգրացիայից: Այդուհանդերձ, արձանագրենք նաեւ՝ բոլոր նրանք, ովքեր թյուրիմացաբար կարծում էին, թե հայկական պատվիրակությանը հնարավոր է պարտադրել մեր ազգային շահերին հակասող զիջումներ, ստիպված կլինեն հետայսու վերանայել «փոխզիջում» հասկացությունը միակողմանի զիջումով նենգափոխելու իրենց միտումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել