Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՐՃ ԳՆԵԼԻՍ ՍՏՈՒԳԵՔ՝ ԱՅՆ ԻՍԿԱԿԱ՞Ն Է, ԹԵ՞ ՈՉ

Սեպտեմբեր 28,2011 00:00

Պարզվում է՝ հատիկավոր ու առանց փաթեթավորման սուրճ գնողներն էլ կարող են գնել սիսեռ կամ այլ օտար նյութեր՝ սուրճի տեսքով:

Այս տարվա հունվարին համաշխարհային շուկայում սուրճի գները բարձրացան: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ մեր երկրում նույնպես որոշ ժամանակ անց սուրճը պետք է թանկանար: Սակայն աղացած փաթեթավորված սուրճի շուկայում գները վերանայեցին ոչ բոլոր ընկերությունները: Սրանից բոլորովին էլ պետք չէ եզրակացնել, թե որոշ տնտեսվարողներ այնքան բարեհոգի են, որ նախընտրում են տուժել ու ինքնարժեքից ցածր գնով իրացնել իրենց ներկրած արտադրանքը: Ինչպես ընդունված է ասել՝ «հո էշ առնող՝ էշ ծախող չե՞ն»: Սուրճի շուկայի «հանելուկների» մասին «Առավոտի» հետ զրույցում իր տեսակետները ներկայացրեց Հայաստանի արտահանողների միության նախագահ, ինչպես նաեւ սուրճի շուկայում գործող «Ռիո գրանդեի» սեփականատեր Րաֆֆի Մխջյանը: Նրա խոսքերով՝ եթե մի ապրանքի գինը համաշխարհային շուկայում բարձրանում է, բայց ներկրողները այն չեն թանկացնում, դա կարող է նշանակել, որ կամ քաշն են նվազեցրել, կամ սուրճի տուփի մեջ այլ բաներ են աղացել, օրինակ՝ սիսեռ.«Ես այդ ժամանակ թանկացրի, եւ դարձա սպառողների աչքի փուշը: Ինչպես գիտեք, սուրճի տուփի վրա քաշը գրվում է, ասենք՝ 100 գրամ եւ +-3 գրամ, եթե տուփերի մեջ թեկուզ 1-2 գրամ էլ դրանից պակաս լցնեն, այսինքն՝ 96-95 գրամ լինի, դա արդեն մրցակցային շուկայում խնդիրներ կառաջացնի, որովհետեւ շատ քանակի դեպքում եկամուտներ կլինեն, այդ տնտեսվարողը դաշտում արդեն արտոնյալ կլինի»: Մեր հարցին՝ եթե գիտեք այդ շուկայում ապօրինությունների մասին կամ թե կոնկրետ որ ընկերությունն է պակաս քաշով արտադրանք լցնում շուկա՝ ինչո՞ւ չեք դիմում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, պարոն Մխջյանը պատասխանեց. «Ես դա չեմ անի, որովհետեւ դա այլ կերպ կընկալվի, գործ տվողի պես»:
Ինչպես գիտենք, մի քանի տարի առաջ ընկերություններից մեկի արտադրանքի հետ կապված լուրեր սկսեցին շրջանառվել, որ փաթեթավորված աղացած սուրճի մեջ վնասակար նյութեր են պարունակել: Պարոն Մխջյանի խոսքերով՝ «Հայաստանում հիմա բնակչության 50 տոկոսը նախընտրում է գնել հատիկավոր եւ առանց փաթեթավորման սուրճ, մնացած 50 տոկոսը օգտվում է փաթեթավորված տեսակից: Այսինքն, դեռ պահանջարկ կա՝ չնայած տարածված լուրերին: Վրաստանում նման հնարք կիրառվեց նաեւ մեր ընկերության նկատմամբ, մի օր հայտնի հեռուստաընկերություններից մեկով լուր հեռարձակվեց, թե մեր «Ռիո գրանդե» սուրճը պարունակում է արճիճ, վնասակար նյութեր եւ այլն: Վրաստանում դրանից մեծ աղմուկ բարձրացավ, ու ժողովուրդը կտրականապես հրաժարվեց գնել փաթեթավորված սուրճ: Գիտեք, որոշ վնասակար նյութեր սուրճերի մեջ կան եւ «Ռիո գրանդեի» մեջ էլ կա, բայց դրանք թույլատրելի նորմայի շրջանակներում են եւ հաղորդելով, որ դրանց մեջ վնասակար նյութեր են, փաստորեն սխալ չի, բայց ճիշտ էլ չի: Բայց ես մի բացահայտում անեմ՝ սպառողը հատիկավոր եւ առանց փաթեթավորման սուրճ գնելով՝ դարձյալ չի կարող վստահ լինել, որ իսկապես սուրճ է գնում, որովհետեւ հիմա այնպիսի՜ մախինացիաներ են անում՝ չեք պատկերացնի: Խորհուրդ եմ տալիս սուրճը գնելուց հետո աղալ տալուց առաջ սեղմել հատիկը, երբեմն դրանք սուրճի նման են լինում, բայց՝ փափուկ: Ինչպես խինկալիի ֆորմաներն են, այդկերպ սուրճի ֆորմաների մեջ լցնում են աղացած սիսեռ ու նման բաներ, հետո այն բովում են ու ձեզ մատուցում ոչ թե սուրճ, այլ՝ «սուրճի պաշտետ», դրա համար զգույշ եղեք, որ չխաբվեք»:
Նշենք, որ Ր. Մխջյանը որեւէ կուսակցության անդամ չէ: Հաշվի առնելով, որ այսօր մեր երկրում դժվար է առանց քաղաքական հովանավորչության բիզնես ծավալել՝ նրանից հետաքրքրվեցինք, թե չե՞ն նեղում իրեն՝ որպես գործարարի: Պարոն Մխջյանի խոսքերով՝ «Խիղճս մաքուր պահելու համար պիտի ասեմ, որ լինելով սփյուռքահայ եւ որոշակի դիրք զբաղեցնելով շուկայում, երբեւիցե չի եղել դեպք, որ ինձ ասեն՝ գնա էստեղից: Դա հենց նրանից է, որ ես քաղաքականության մեջ չեմ մտել եւ իմ բիզնեսի համար հովանավորներ չեմ փնտրել: Իմ պապը ինձ սովորեցրել է մի բան, ասում էր՝ տղա ջան, սիրի՛ր բոլորին, տուր նրանց ինչ ուզում են, բայց ոչ մեկի համար սանձով ձի մի՛ դառնար: Ես էսպես եմ մեծացել ու այս դաստիարակությունն եմ ստացել: Պարտադիր չէ, որ մարդ ինչ-որ կուսակցության պատկանի, որ հաջողակ բիզնեսմեն լինի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930