Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք արժանի ենք մեծ ավտոբուսների

Սեպտեմբեր 28,2011 00:00

\"\"Համոզված է սպառողների պաշտպանը

Արդեն բավականին ժամանակ է, որ Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տրանսպորտի խիտ շրջանառությունը թեթեւացնելու համար երթուղագծերի սեփականատերերին հորդորում է միկրոավտոբուսները փոխարինել ավելի մեծ տարողունակությամբ ավտոբուսներով: Այդ նպատակով պետական միջոցներով արդեն ներկրվել է 230 միջին չափի ավտոբուս: Սակայն «Սպառողների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով, միջին տեղատարողությամբ ավտոբուսները մեզ վայել չեն. «Նախ մենք միջին մարդ չենք, լիարժեք մարդ ենք, եւ այդ ավտոբուսները շատ անհարմար են երթեւեկելու համար, որովհետեւ սրահներում երբ 2 մարդ էլ կանգնում են, արդեն անհարմար է դառնում շարժվելը, նեղվածք է լինում, անհարմար է: Ինչքան մեծ է ավտոբուսը, այնքան քիչ կլինեն վազող տարրերը փողոցներում: Այդ դեպքում ինչու ենք մենք միջին տարբերակը վերցնում, եթե կա ավելի մեծ տարբերակը, որի շնորհիվ եւ քանակը կպակասի, եւ խճողվածությունը»: Մեր այն դիտարկմանը, որ մեծ ավտոբուսներն ավելի թանկ են, նա պատասխանեց. «Բնականաբար՝ ավելի թանկ են, բայց եթե մենք հաշվենք, որ 3000 միկրոավտոբուսներ են հիմա վազում, եւ դրանց համար ինչքան գումարներ են ծախսվում, կստանանք ֆանտաստիկ թվեր, որի մի մասն էլ կարելի է տրամադրել մեծ ավտոբուսներ գնելու համար: Հետո, եթե ես լինեի քաղաքապետ՝ կարգելեի, որ այսուհետ միկրոավտոբուսներ ներկրվեին»: Այն դիտարկմանն էլ, որ քաղաքային իշխանությունները հայտարարում են, թե միկրոավտոբուսներ չեն ներկրվում, պարոն Պողոսյանը պատասխանեց. «Տո ո՞նց չի ներկրվում, է: Եթե արդեն չներկրվի, այն մարդիկ, որոնք «գծի տեր» են, արդեն իրենց ռեսուրսը՝ ունեցած գումարը, կծախսեն ավտոբուսներ ներկրելու համար»: Խոսելով էլեկտրատրանսպորտի մասին, նա ասաց, որ այն բավականին քչացել է եւ իսպառ վերանալու շեմին է հասել, այնինչ՝ այն պետք է զարգացնել: Մեր հարցին՝ իրենք առաջարկո՞ւմ են կրկին փողոցները քանդվեն ու տրամվայի գծեր անցկացվեն, Ա. Պողոսյանը պատասխանեց. «Ժամանակը կգա՝ կանենք, Ֆրանսիայում էլ այդպես արեցին: Հիմա էլեկտրատրանսպորտի տեսակներից ունենք միայն տրոլեյբուս եւ մետրո եւ դրանք պետք է զարգացնենք: Մենք առաջարկում ենք այդ տարբերակը, քանի որ այդ բարիքից՝ էլեկտրաէներգիայից, շատ ունենք, իսկ մնացած տեսակները, որոնք սպառում են բենզին, գազ եւ այլն, ավելի թանկ են արժենում, ներկրվում են ու օդն էլ աղտոտում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել