Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է

Հոկտեմբեր 08,2011 00:00

\"\"Ասում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը

Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, գնահատելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ասաց, թե այն ընթանում է հերթական նախընտրական տրամաբանության շրջանակներում եւ մի կողմից՝ որոշակիորեն խառը, մյուս կողմից՝ հստակ իրավիճակում: «Խառը այն առումով, որ երեք նախագահներն էլ կարծես թե ընտրություններում ներգրավվելու հայտ են ներկայացրել: Առաջին եւ երրորդ նախագահների պարագայում դա հստակ է. նրանք ակտիվ քաղաքականության մեջ են եւ ակտիվորեն պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, իսկ երկրորդ նախագահի պարագայում՝ նախնական հայտը ներկայացված է, եւ մենք, ամենայն հավանականությամբ, դրա հետագա զարգացումների ականատեսը կլինենք»,- արձանագրեց պատգամավորը՝ հավելելով, թե ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանին այդ հարցում թիմային աջակցություն ցուցաբերող տարբեր քաղաքական ուժեր եւ գործիչներ կան: «Մյուս կողմից՝ իրավիճակը հստակ է այն առումով, որ երեք նախագահներն էլ փորձում են գործել ոչ թե ստվերային դաշտում, ինչը արել են նախկինում, այլ հրապարակային գործունեություն ծավալել: Դա լավ է, որովհետեւ երբ նրանց գործունեությունը հրապարակային է, նրանց գործունեության վերաբերյալ գնահատականներ տալն ավելի հեշտ է դառնում: Բայց, կարծում եմ, իրավիճակի խառնաշփոթությունն ու հստակությունը ոչ միայն այս երեքի հետ են կապված, այլեւ առաջիկա ընտրություններում չորրորդ ուղղության՝ որպես այլընտրանքի անհրաժեշտության հետ: Համենայնդեպս, «Ժառանգությունը» փորձելու է առաջիկա ընտրություններում այս երեք խաղացող թիմերին այլընտրանք լինել: Մինիմալ այդ խնդիրը լուծելը մենք պիտի ստանձնենք»,- հայտարարեց Մարտիրոսյանը: Նա նկատեց, թե այդ 4-րդ ուժը պետք է լինի ոչ թե անընդհատ ետ նայող, նախկին եւ ներկայիս կառավարման համակարգի, տիրող քաղաքական մթնոլորտի շարունակողը, այլ առաջ նայող ուժ, որը պիտի փորձի նոր լիցքով լուծել հասարակության, քաղաքացիների եւ պետության առջեւ ծառացած խնդիրները, «որովհետեւ նախկին նախագահների պարագայում այդ խնդիրները չեն լուծվել եւ չեն լուծվելու, հակառակը՝ առճակատումը քաղաքական դաշտում ավելի է խորանալու: Ես հասարակության առճակատման մասին չեմ ասում, որովհետեւ հասարակությունը, կարծեք, այդ երեք նախագահների համակարգից դուրս է: Նրանցից յուրաքանչյուրի իշխանության դեպքում նույն պատկերն ենք ստանալու, եւ ընդամենը երկրում կուտակված կապիտալը մի խմբի ձեռքից անցնելու է մեկ այլ խմբի ձեռքը: Ուստի այդ 4-րդ ուղղությունն է, որ պետք է փորձի իսկապես համակարգային փոփոխություններ իրականացնել եւ կարող է երեք նախագահներին համակրող ուժերի մեջ խառնաշփոթ ստեղծել, բայցեւ պարզեցում մտցնել, որովհետեւ այդ երեք նախագահներն էլ մինչ այս աշխատել են, եւ մենք տեսել ենք՝ ինչպես: Կարծում եմ, որ այդ 4-րդ հոսանքը այլընտրանք լինելով՝ կարող է հասարակությանը կողմնորոշել ճիշտ եւ արդյունավետ ընտրություն կատարելու հարցում»:
Ի պատասխան մեր հարցին՝ Ա. Մարտիրոսյանը հստակեցրեց, որ տվյալ դեպքում այլընտրանք ասելով, հաշվի առնելով, որ խոսքը դեռեւս առաջիկա ԱԺ ընտրությունների մասին է, ակնարկում է ոչ թե կոնկրետ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ քաղաքական ուժերին: Նա ասաց, թե ողջունելի կլինի, եթե ընդդիմադիր դաշտում որոշակի համախմբում լինի, եւ այդ այլընտրանքային ուժերը կարողանան ավելի մեծ բանաձեւումի շուրջ եւ երկարաժամկետ ծրագրով համագործակցել: «Ցանկացած պարագայում մենք կփորձենք ձեւավորել այդ այլընտրանքը: Դա կլինի միայն «Ժառանգությա՞ն», թե՞ ավելի լայն ընդգրկումով՝ կարծում եմ, մոտակա ամիսներին քաղաքական դաշտի զարգացումները ցույց կտան»:
Գնահատելով առաջիկա ընտրությունների համատեքստում ընդդիմադիր դաշտում նոր ալյանսների ձեւավորման հնարավորությունը՝ պատգամավորն ասաց. «Ես տեսնում եմ դրա հնարավորությունը, թեեւ դա դեռ հստակ ուրվագծված չէ, եւ բանակցություններ էլ, որպես այդպիսին, չկան: Դժբախտաբար, համաժողովրդական այն շարժումը, որ ձեւավորվել էր 2008-ին, հասարակության խնդիրները չլուծեց: Եթե կարողանանք վերադառնալ այդ ժամանակահատվածի մթնոլորտին ու համախմբվածությանը՝ դա, իհարկե, դրական կլինի, բայց դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է, որ մենք համակարգային փոփոխությունների խնդիր հետապնդենք եւ ոչ թե բացառապես նեղ քաղաքական շահերի սպասարկողը լինենք: Համենայնդեպս, կարծում եմ, քաղաքական դաշտում կան արտախորհրդարանական ուժեր, որոնք, ըստ իս, «Ժառանգության» հետ կարող են համագործակցել»: Այդ ասելով՝ Ա. Մարտիրոսյանը, որպես օրինակ, մատնանշեց «Ազատ դեմոկրատներին». «Մեր կուսակցությունում այդ հարցը չի քննարկվել, բայց ինձ համար՝ որպես քաղաքական գործչի եւ քաղաքացու, դա շատ բնական դաշինք կարող է լինել, առավել եւս, որ որքան հասկանում եմ՝ երկուսս էլ խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակիցներ ենք, բայց ոչ միայն այդ հարցում է, որ մենք նման ենք: Արժեքային համակարգի՝ ժողովրդավարության, ազատականության իմաստով էլ բավականին նմանություններ կան: Համենայնդեպս, այդ ուժի անդամների նախկին հրապարակային գործունեությունը նկատի ունենալով՝ մեզ համար ակնհայտ է արժեքային համակարգի նույնացումը: Իսկ ահա արտաքին հարցերի շուրջ այդ կուսակցության դիրքորոշումը, կարծես թե, միանշանակ դեռ պարզ չէ»: Ինչ վերաբերում է «Սարդարապատ» շարժման եւ Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությանը, ապա Ա. Մարտիրոսյանն ասաց, թե նրա հետ նույնպես կարելի էր համագործակցել, բայց քանի որ իրենք ընտրությունները մերժում են, նրանց հետ համագործակցությունը մի փոքր դժվար է. «Որպես ընդդիմադիր դաշտի գործընկեր՝ խնդիր չեմ տեսնում, բայց մարտավարական առումով որոշակի տարբերություններ կան»: Կուսակցության ներկայացուցիչը թվարկեց այն խնդիրները, որոնք «Ժառանգության» համար առանցքային են նաեւ համագործակցության իմաստով: Առաջին հերթին դա երկրում ժողովրդավարության հաստատումն է, իսկ որպես դրա գործնական քայլ՝ նոր Սահմանադրության ընդունումը, որի պարագայում ՀՀ-ն կդառնա խորհրդարանական հանրապետություն՝ իր իշխանության թեւերի տարանջատման եւ հավասարակշռման մեխանիզմներով, ընդդիմության ավելի լայն վերահսկողական լծակներով, հատկապես առաջին անհրաժեշտության մթերքների ներկրման մենաշնորհները բացառելու մեխանիզմով ու տնտեսական ազատ մրցակցության ապահովման հնարավորությամբ. «Այդ նոր Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե իշխող խմբի համար, այլ կոնկրետ քաղաքացու համար եւ ի շահ պետության: Մեզ համար էական են նաեւ արտաքին քաղաքական հարցերը՝ ԼՂ կարգավորում, հայ-թուրքական արձանագրություններից հրաժարում: Այս խնդիրները մեզ համար սկզբունքային հարցեր են եւ պետք է լինեն մեր հնարավոր գործընկերների հետ քննարկման առանցքում»:
Ինչ վերաբերում է նախկին նախագահ Ռ. Քոչարյանի ներկայացրած «նախնական հայտի» ազդեցությանը իշխանական ճամբարում ուժերի հնարավոր վերադասավորման համատեքստում, ապա Ա. Մարտիրոսյանն այդ ազդեցությունը մեծ համարեց ու վերադասավորումներն էլ՝ ավելի քան հավանական, «որովհետեւ այն համակարգը, որն այսօր գործում է, համալրված է Քոչարյանի կադրերով, նա ԱԺ-ում ուժերի հարաբերակցության առումով էլ շատ մեծ դերակատարում է ունեցել, որովհետեւ, ինչպես ինքն էր հայտարարել, իշխանական կուսակցությունների ընտրական ցուցակներն իր հետ են համաձայնեցվել, իսկ դրանից բխող հետեւանքները, կարծում եմ, ակնհայտ են բոլորի համար»: Այսուհանդերձ, Ա. Մարտիրոսյանը հավելեց, թե իր համար միեւնույն է, թե իշխանությունը նախկին նախագահներից որին է պատկանելու, քանի որ 90-ականների կեսերից ի վեր ձեւավորված կառավարման համակարգի արատավոր էությունը դրանից չի փոխվելու: «Թե այդ համակարգում որ մի խումբը դոմինանտ կդառնա՝ այնքան էլ էական չէ, որովհետեւ ցանկացած պարագայում շարունակվելու է այն քաղաքականությունը, որի հիմքը դրվել է 90-ականների կեսերին. առաջին հերթին՝ կեղծված ընտրություններ, որոնց արդյունքում ազատ մրցակցությունն իսպառ մեռնում է, որովհետեւ մրցակցությունը, որպես այդպիսին, քաղաքական դաշտից դուրս է գալիս, եւ ավելի շատ ներիշխանական ինտրիգներն են աշխատում, ինչը քաղաքական դաշտի, հասարակության ու պետության զարգացման հետ կապ չունի: Դրա համար թե ներիշխանական դաշտում ինչպիսի՞ վերադասավորումներ կլինեն՝ ինձ այնքան էլ չի հետաքրքրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել