Լրահոս
Օրվա լրահոսը

«ՑԱՆ-ՑԱՆ-ՑԱՆ, ՄԵՐ ՀԱՎԵՐԸ ԶԱՐԳԱՑԱՆ»…

Հոկտեմբեր 08,2011 00:00

Հիմնականում նման երգերով են ողողված երեւանյան ռեստորանները

\"\"

Երեւանում գործող մոտ 400 ռեստորաններ միմյանցից շատ քիչ բանով են տարբերվում: Այդ տարբերություններն էլ հիմնականում պայմանավորված են գներով եւ այցելուների «որակով»: Իսկ, օրինակ, երաժշտական մասով գրեթե ամեն տեղ նույն տիպի երաժշտություն է հնչում. հայկական էստրադային, ժողովրդական, ռուսական էստրադա, շանսոն, արտասահմանյան տարբեր ոճերի հայտնի երգեր, բլյուզ, սական գերակշռում է ռաբիս երաժշտությունը: Գրեթե բոլոր ռեստորաններում էլ հնչում է կենդանի երաժշտություն ու բոլոր տեղերում էլ քեֆային տրամադրությունը ամրապնդվում է ռաբիսի շնորհիվ, անկախ այնտեղ հավաքված մասսայից: Նույնիսկ նրանք, ովքեր ռաբիսի հետ այնքան էլ սեր չունեն, խնջույքների ժամանակ իրենց երաժշտական նախասիրությունները ոչ ոք հաշվի չի առնում եւ ուզեն, թե չուզեն՝ պարում են (օրինակ՝ «Փարվանայում») Թաթուլի հանրահայտ «Ցան-ցան-ցան, մեր հավերը զարգացան» երգի տակ, Սպիտակցի Հայկոյի «Պառավ յարի» տակ, Արա Մարտիրոսյանի «Բալայի» եւ այլն:
Հարցումները ցույց տվեցին, որ ռաբիսն ամենից պահանջված երաժշտությունն է երեւանյան ռեստորաններում, ինչի վառ ապացույցը՝ քեֆերի ժամանակ այցելուների կողմից պատվիրված երգերն են:
5000-10 000 դրամի դիմաց ռաբիսի կատարողները երգում ու մարդկանց ուրախացնում են իրենց «զարգացած ու գրել-կարդալ իմացող հավերի», «my brother»-ների, «մինուճար բալեքի», «լվացք անողների», անգամ «քնքուշ երազների» մասին:
Զավեշտալի տեքստեր ունեցող երգերի շարանը լսելիս միայն ժպիտ է առաջանում, սակայն ժպտում ես ոչ թե լավ երգի համար, այլ անիմաստ շարադրված բառերի: Մեր ռեստորաններում ժողովրդական երգեր էլ են հաճախ հնչում, բայց դրանք հիմնականում պատվիրվում են արտասահմանից ժամանած հյուրերի համար. հաճախ հնչում է «Հորովելը», «Կաքավիկը», սակայն կոմիտասյան տրամադրությունը երկար չի պահպանվում, որովհետեւ այդ երգերին անմիջապես հաջորդում է, օրինակ, «Մուռկան»:
Հրազդանի կիրճում տեղակայված, Ջրվեժում, Պռոշյան փողոցում գտնվող եւ մնացած այլ ռեստորաններում որեւէ խնջույք կազմակերպելիս մեկ անձի համար հարկավոր է վճարել առնվազն 8000 դրամ (գները կախված են պատվիրված սննդից): Երաժշտական պատվերները սկսվում են 5000 դրամից: Դե, իսկ քեֆերի ժամանակ, խմիչքի ազդեցությունից ոգեւորված, «տաքացած» այցելուների կրակոցների համար վճարել պետք չէ, դրանք «օբյեկտի» հաշվին են, վերջում կմոտենան ներողություն կխնդրեն:
Երեւանյան ռեստորանները հիմնականում բոլորի համար էլ հասանելի են: Թեեւ մեկը մյուսից իր ոսկեզօծ ինտերիերով կամ դրանց տերերի անձի հանդեպ ունեցած հարգանքի չափով եւ հայտնի մարդկանց այցելությունների թվով է տարբերվում, բայց, այնուամենայնիվ, մատուցված երաժշտությունը ոչ ոքի մոտ էլ չի համապատասխանում ոչ անվանը, ոչ էլ շքեղությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել