Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Արեշում Տեր-Պետրոսյանի ժամանակներն են»

Նոյեմբեր 04,2011 00:00

\"\"Նոր Արեշի 19-րդ փողոցում նորածիններին սառը ջրով են լողացնում: Բանն այն է, որ էլեկտրաէներգիայի պարբերաբար անջատումների պատճառով՝ բնակիչները չեն կարողանում ջրատաքացուցիչները միացնել: «Առավոտին» դիմած Սոֆիկ Սիմոնյանի խոսքերով՝ «Ոչինչ չենք կարողանում ծրագրել, երեխային լողացնելու ժամանակ հոսանքն անջատում են ու կաթսայից սառը ջուր է գալիս: Էլ չենք ասում, որ անջատումների պատճառով որքան էլեկտրական սարքավորումներ են փչացել: Արդեն 3 ամիս է՝ շաբաթը 3-4 անգամ ժամերով անջատում են: Երբ զանգում ենք «թեժ գիծ», ցրում են մեզ. մեկ պատճառաբանում են՝ վթար է եղել, գիծ ենք փոխել, մեկ էլ ասում են՝ կստուգենք՝ կասենք: Բայց այդպես էլ ոչինչ չեն ասում»:
Ընդամենը մի քանի օր առաջ էլ Նոր Արեշի 19-րդ փողոցում կրկին «հովհարային անջատումներ են» կատարել, ընդ որում, բնակիչներին վստահեցրել են, որ ընդամենը մեկ ամիս առաջ փոխած մալուխը շոգեխաշ է եղել. «Տեր-Պետրոսյանի ժամանակներն են եկել մեր թաղեր: Էս դարում լույս չունենա՞լ, եղածն էլ այնքան թույլ է, որ միաժամանակ չենք կարող մի քանի սարքավորում միացնել: Էդ էլ իրենց փոխած գիծն է, հա՞: Մենք մեր իրավունքները լավ գիտենք, եթե Լեւոնի ժամանակ չէինք կարող բողոքել, որովհետեւ ամբողջ երկիրն էր էդ վիճակում, հիմա բողոքելու ենք: Էլեկտրաէներգիայի վարձն էլ լրիվ չենք մուծելու»:
Այս առնչությամբ «Հայէլցանցերի» գլխավոր ճարտարապետի տեղակալ Ժիրայր Փափազյանն «Առավոտին» պարզաբանեց, որ ըստ իրենց գրանցամատյանի, այդ հասցեում վերջին 3 ամիսների ընթացքում ընդամենը 6 անջատում է եղել: Պարոն Փափազյանը հատ-հատ նշեց, թե որ օրը, ինչ պատճառով եւ որքան ժամանակով են եղել անջատումները: Դրանք կամ ձմռան նախապատրաստման աշխատանքներ են եղել, կամ էլ՝ վթարի հետեւանք: Մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք անջատում լինի, բայց էլցանցի աշխատակիցները մատյանում չգրանցեն, պարոն Փափազյանն ասաց. «Ես հիմք չունեմ չվստահելու մեր աշխատակիցներին»: Ճարտարապետի տեղակալը բնակիչներին առաջարկեց հանդիպել եւ խնդրին լուծում տալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել