
-Պարոն Մուկուչյան, Ընտրական օրենսգիրքը որեւէ կերպ սահմանափակո՞ւմ է կուսակցական նախընտրական շտաբների գործունեությունը:
-ԸՕ-ն նախատեսում է, որ ընտրությունների օրը նշանակելուց հետո կարող են ստեղծվել նախընտրական շտաբներ: Այդ` նախընտրական ժամանակահատվածում շտաբներ ձեւավորելու փուլում, օրենքը սահմանում է որոշակի համընդհանուր սահմանափակումներ` բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու նկատառումով: Այս սահմանափակումները վերաբերում են հիմնականում քարոզչության տարածքներին ու ձեւերին:
Իսկ ընդհանրապես, առօրյա կյանքում կուսակցությունները առաջնորդվում են Կուսակցությունների մասին օրենքով, գործունեություն ծավալում սեփական հնարավորություններին, թվաքանակին ու գործելակերպին համապատասխան:
Հետեւաբար յուրաքանչյուր կուսակցություն իրավասու է օրենքով չարգելված ցանկացած եղանակով ազատորեն կազմակերպել իր գործունեությունը, աշխատել հանրության, իր համակիրների, շարքերի հետ, տարածել իր գաղափարները, ներկայացնել իր ծրագրերը: Բնականաբար այս աշխատանքը ծավալվում է նաեւ տվյալ կուսակցության տարածքային կառույցներում:
Առարկայորեն, եթե վերանանք անվանումներից, ապա ոչ ընտրական ժամանակահատվածում դրանք կուսակցության մշտական գործող շտաբներն են: Այս մարմինների գործունեությունը որեւէ օրենքով արգելված չէ, ոչ էլ սահմանափակումներ կան:
Անգամ ընտրական շրջանում կուսակցությունները պարտավոր չեն նախընտրական շտաբներ ձեւավորել, քանի որ դա իրավունք է, ոչ թե պարտականություն: Բայց երբ կուսակցությունը որոշում է ունենալ նախընտրական շտաբ, ապա օրենքը այդ շտաբի գործունեության համար նախատեսում է որոշակի, նախընտրական շրջանին բնորոշ սահմանափակումներ:
Հետեւաբար, երբ մինչ նախընտրական փուլը կուսակցություններն իրենց գործունեությունը կազմակերպելու, միջոցառումներ իրականացնելու համար որոշակի կառույցներ կամ շտաբներ են ձեւավորում, օրենքի խախտման մասին խոսք լինել չի կարող: Ակտիվ գործող կուսակցությունները նման կառույցներ ունենում են մշտապես, ամեն ընտրության հաջորդ իսկ օրվանից:
Գեւորգ Հարությունյան
«Հայոց աշխարհ»


















































