Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակցությունը կառաջարկի քննարկել հրատապ կարգով

Նոյեմբեր 11,2011 13:13 Share

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում երեկ պատգամավորները քննարկեցին ՀՅԴ խմբակցության հեղինակած՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Արա Նռանյանը: Այս օրինագծով առաջարկվում է երկրում նվազագույն աշխատավարձի չափը սահմանելիս հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսապահովման նվազագույն բյուջեն կամ սպառողական նվազագույն զամբյուղի արժեքը, ինչպես նաեւ միջին աշխատավարձը: Ըստ Արա Նռանյանի՝ պետական եւ ոչ պետական հատվածում առկա միջին աշխատավարձերի մակարդակների միջեւ զգալի տարբերությունը արտահոսքի բարձր ռիսկ է ստեղծում դեպի մասնավոր հատված, եւ այս տեսանկյունից անհրաժեշտ է կապ ապահովել երկրում առկա միջին աշխատավարձի եւ հանրային ծառայության վարձատրության միջեւ: Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրեց կառավարության բացասական կարծիքը այս օրինագծերի փաթեթի վերաբերյալ: Ըստ փոխնախարարի՝ առաջարկվող փոփոխությունները տանելու են պետական բյուջեում ծախսերի կտրուկ ավելացման, եւ եկամուտների կրճատման տեսանկյունից լարվածություն են առաջացնելու, ինչի արդյունքում աճելու են ՀՀ պետական բյուջեի պակասուրդը եւ պարտքը: Օրինագծերի հեղինակ, դաշնակցական պատգամավոր Արա Նռանյանը ավելի ուշ «Առավոտին» ասաց. «Մենք առաջարկել ենք ամրագրել, որ ամեն տարի պետական բյուջեի նախագծում ամրագրվի եկող տարվա նվազագույն աշխատավարձը, որը պետք է պակաս չլինի նախորդ տարվա առաջին եռամսյակի միջին աշխատավարձից, պակաս չլինի կենսապահովման նվազագույն բյուջեից եւ հաշվի առնի տարեկան գնաճի ցուցանիշը: Իսկ քաղծառայության համակարգում աշխատավարձի բազային դրույքաչափը պետք է կազմի նվազագույն աշխատավարձի 120 տոկոսը: Միաժամանակ մենք առաջարկել ենք փոփոխություններ կատարել «Եկամտահարկի մասին» օրենքում, որտեղ ամրագրել ենք, որ նվազագույն աշխատավարձը չի կարող հաշվվել եկամտահարկով: Կառավարությունը տվել է բացասական եզրակացություն՝ նշելով, նախ, բյուջետային միջոցների պակասը եւ գնաճային ռիսկը: Մենք ներկայացրեցինք մեր անհամաձայնությունը այս հիմնավորմանը եւ ասացինք, որ առկա է մեր առաջարկության խեղաթյուրումը, որովհետեւ մենք առաջարկում ենք բարձրացնել ամենաքիչ աշխատավարձ ստացողների աշխատավարձը եւ ոչ թե համամասնորեն բարձրացնել նաեւ բարձր ստացողներինը»: Ըստ Արա Նռանյանի՝ նախկինում գնաճի պայմաններում քաղաքացիները կարողանում էին ապրել, որովհետեւ զուգահեռ, պարբերաբար բարձրացվում էին նաեւ աշխատավարձերը, իսկ այսօր, ըստ պատգամավորի. «Կառավարությունը չի բարձրացնում աշխատավարձերը, քաղծառայության բազային դրույքաչափը եւ, որքան հասկացանք, առաջիկա տարիներին ոչ էլ պատրաստվում է վարել բարձր եկամտի քաղաքականություն»: Ըստ պատգամավորի՝ «Կառավարությունը ցանկանում է շահագործել քաղաքացիներին ցածր աշխատավարձեր վճարելով, եւ քաղաքացիները, չցանկանալով շահագործվել, լքում-գնում են, նույնիսկ նրանք, ովքեր բավական զուսպ են իրենց քաղաքական դիրքորոշումներում»:

ԱԺ եկող շաբաթ սկսվող քառօրյայում ՀՅԴ խմբակցությունը կառաջարկի հարցը քննարկել հրատապ կարգով:

Մ. Ե.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930