
«Առավոտին» են դիմել Գյումրիի օդանավակայանի տարածքի մի խումբ բնակիչներ՝ դժգոհելով, որ ՊՆ Շիրակի կայազորի ավիացիոն զորամասի ինքնաթիռներով իրականացվող թռիչք-վարժանքները «տանջամահ են անում» իրենց ընտանիքներին: Նրանցից մեկի՝ Վարուժան Տերտերյանի պատմելով, ինքնաթիռներն այնքան ցածր են թռչում շենքերի վրայով ու այնպես են «ոռնում», որ անընդհատ թվում է, թե երկրաշարժ է կամ պատերազմի դաշտում ես: «Բացարձակ հաշվի չեն առնում, որ կան մարդիկ, որոնք սարսափահար են լինում, հնարավոր է հիվանդություններ ձեռք բերեն, կան մարդիկ, որոնք այդ ժամերին խուսափում են տուն գալուց, ցանկացած պահի վտանգի ռիսկը շատ մեծ է: Շաբաթը 2-3 օր կիսամարդ ես դառնում: Շենքերի վրայով պտտվելիս 10 մետր բարձրություն են պահում: Ու էնպիսի աղմուկ է բարձրանում, որ քեզ թվում է՝ կամ շենքի տանիքն է տանելու, կամ եթե մանրեւներ չանի, պիտի գա, ուղղակի շենքին հարվածի: Մի խոսքով, երաշխիք չունենք, որ օդանավը օրերից մի օր շենքի վրա չի գա, չափերը, մեծությունը տնից տեսնում ես, այստեղ մեր առողջության, անվտանգության հարցն է»,- ասում է Վարուժան Տերտերյանը: Ըստ նրա, փորձարկումների ժամանակ հարեւանի երեխան վախից հիստերիայի մեջ է ընկնում, շենքում նաեւ քաղցկեղով հիվանդ կա, որն իր տառապանքները թողած, ավելորդ անհանգստության մեջ է ընկնում: «Ամեն ինչ մեր առողջության, նյարդերի հաշվին է արվում: Դուք ինքներդ երեւակայեք, եթե օդանավը գլխիս վերեւում է, կարո՞ղ եմ պառկել, բնականաբար չեմ կարող, կամ ճաշի սեղանին եմ, հացը քթիցս է գալիս, էսպես ապրել այլեւս չի լինում, մեր խնդրանքն այն է, որ փորձարկումներն այդքան մոտ չլինեն: Եթե հրամանատար Իգոր Մարտիրոսյանի ընտանիքը բնակվեր մեր շենքում, ինքն այդպես կանե՞ր»,- ասում է մեր զրուցակիցը: Նրա հարեւանների ներկայացմամբ, թռիչքները պարբերաբար են եւ ոչ կանոնավոր, իսկ սեպտեմբերի 21-ը ոչ թե անկախության տոն էր իրենց համար, այլ՝ ահուսարսափի. անկախության տոնին նախորդած վարժանքները իսկական դիվահար էին արել իրենց: Բնակիչների մեջ եղել են մարդիկ, որոնք զորամասի հրամանատար, գնդապետ Իգոր Մարտիրոսյանին զգուշացրել, խնդրել, աղաչել են՝ շենքերին այդքան մոտ չվարել, սակայն՝ ապարդյուն: Նրանք ստորագրահավաք են կազմակերպել ու այս տարվա ապրիլին բողոք են ներկայացրել Շիրակի մարզպետարան, որպեսզի իրենց անվտանգության հարցերով զբաղվի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի՝ Արեւելյան թաղամասի բնակիչներին ուղղված գրության մեջ գրված է. «ՀՀ ՊՆ Շիրակի կայազորի ավիացիոն զորամասի ինքնաթիռների կողմից իրականացվող թռիչք-վարժանքների վերաբերյալ ՀՀ Շիրակի մարզպետին հասցեագրված ձեր դիմումի կապակցությամբ կրկին հայտնում ենք, որ նրանում բարձրացված հարցը քննարկվել է զորամասի հրամանատարության հետ: Վերջիններիս կողմից պարզաբանվել է, որ զորամասի ինքնաթիռների թռիչքները իրականացվում են սահմանված կարգին ու ժամանակացույցին համապատասխան: Տեղեկացվել է նաեւ, որ ձեր կողմից բարձրացված հարցի առնչությամբ դուք զորամասի հրամանատարությանը երբեք չեք դիմել»: Մենք եւս փորձեցինք պարզաբանումներ ստանալ հրամանատարությունից: Հրամանատար Իգոր Մարտիրոսյանի հետ զրուցել մեզ չհաջողվեց. փոխանցեցին, որ տեղում չէ, սակայն մեր հեռախոսազանգերին ի պատասխան, խորհուրդ տվեցին չզբաղվել այդ թեմայով, որովհետեւ ոչինչ չի փոխվի, նաեւ ասացին, որ իրենք կատարում են մարտական պարտականությունները, շենքերը անօրինական են կառուցված, եւ բնակիչների քմահաճույքների պատճառով չեն կարող գցել բանակի մարտունակությունը: «Եթե վաղը մյուս օր պատերազմ եղավ, էդ նույն բողոքող բնակիչը առաջինը կփախչի»,- այսպես պատասխանեցին հրամանատարությունից: Բնակիչների պնդմամբ, այդ շենքերը, որոնք հատուկ կառուցվել են օդանավակայանի աշխատակիցների համար, շատ ավելի հին են, քան զորամասը, եւ 3 բազմաբնակարան շենքերից բացի, Արեւելյան թաղամասում կան նաեւ սեփական տներ:
Այս թեմայի շուրջ ակնկալում ենք նաեւ պաշտպանության նախարարության պարզաբանումները, ստացվում է, որ իրենց տեսակետների մեջ ճիշտ են ինչպես բնակիչները, այնպես էլ հրամանատարությունը: Մինչդեռ բնակիչներն առաջարկում են այլ ելք չգտնելու դեպքում, զորավարժանքների մասին գոնե նախապես իրենց տեղյակ պահել՝ շենքից այդ պահին դուրս գալու համար:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ


















































