Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե այդքան դժվար է քննադատել առանց վիրավորանքների

Նոյեմբեր 11,2011 15:21 Share

Վերջապես կայքի աշխատանքը կանոնավորվեց գոնե այնքան, որ կարող եմ ինձ թույլ տալ հիշել, որ լրագրող եմ եւ ինչ-որ բան գրել իմ բլոգում: Վերջին շրջանում գերազանցապես զբաղված եմ այլոց նյութերով՝ մամուլի տեսություններ եմ պատրաստում, աչքի անցկացնում կայքի թղթակցությունները, հետեւում լրահոսին, որ ոչինչ բաց չթողնենք եւ այլն:

Սակայն բլոգիս այս երկրորդ գրառումն էլի առնչվելու է կայքին: Կարծես թե հստակ ձեւակերպել ու տեղադրել ենք կանոններ՝ կայքում մեկնաբանություններ հրապարակելու վերաբերյալ: Սակայն այսուհանդերձ՝ փորձում են այդ կանոնը խախտել անընդհատ:

Մինչ այժմ մենք հրապարակում էինք  ոչ հայատառ գրությունները, սակայն պատասխան մեկնաբանությամբ խնդրում էինք հարգել մեր կանոնները: Եվս մեկ անգամ ենք հիշեցնում, որ տրանսլիտով գրությունները դժվար է ընթերցել:

Ավելի հետաքրքիր է այն աժիոտաժը, որ ծավալվել է «ԴԱՀԿ-ն թակեց «Առավոտի» դուռը» հրապարակման շուրջ: Վստահեցնում ենք, որ դրա վերաբերյալ մեր չհրապարակած մեկնաբանությունները շատ ավելին են, քան այն, ինչ հրապարակվել է: Մենք ստացել ենք տասնյակ մեկնաբանություններ՝ նույն հասցեներից, բայց տարբեր անուններով, ու նույն տեքստով, որը պարունակում էր վիրավորանքներ, ուստի մեր կանոնների խախտում էր:

Չհրապարակելուց հետո ստացանք էլի լատինատառ մի արձագանք, թե մենք խուսափում ենք ճշմարտությունը գրելուց: Ցանկանում ենք մեր ընթերցողներին եւս մեկ անգամ վստահեցնել՝ պատրաստ ենք հրապարակել ցանկացած կարծիք, տեսակետ, սակայն այն պիտի զերծ լինի պիտակավորումներից, անձնական վիրավորանքներից եւ ընդհանրապես՝ համապատասխանի այն չափանիշներին, որոնք շարադրված են այստեղ: Եվ կարծում եմ, այնքան էլ դժվար չէ կարծիք հայտնել, քննադատել, բայց պահպանելով քաղաքակիրթ բանավեճի կանոնները

Հետգրություն. Բլոգիս այս գրառումն արդեն հրապարակված էր, երբ հեռախոսով զանգահարեց մի կին, որը ներկայացավ իբրեւ Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն: Նա զայրացել էր մեկնաբանություններից մեկից, եւ սպառնաց դատի տալ «Առավոտին» ու անձամբ ինձ, եւ այնպիսի տուգանքի տակ գցել, որ ողջ կյանքումս տակից դուրս չգամ: Տնօրեն ներկայացած կնոջը, որ ոչ մի բացատրություն չլսեց ու իր ասելիքն ասելուց հետո կախեց ընկալուչը՝ զայրացրել էր մեկնաբանություններից մեկում պարունակվող առաջարկը՝ խոսել իր մեդալի մասին: Խիստ կասկածում ենք, որ անգամ մեր դատական համակարգը սա կհամարի վիրավորանք ու զրպարտություն, համենայնդեպս՝ պահպանել ենք այդ մեկնաբանությունը դատարանին ներկայացնելու համար: Պահպանում ենք եւ անհրաժեշտության դեպքում պատկան մարմիններին կներկայացնենք նաեւ վիրավորանքներով լեցուն բոլոր այն մեկնաբանությունները, որոնց մեծ մասը, ինչպես պարզվեց տնօրենի ասածից՝ իրենց աշխատակիցներն էին գրել, եւ մենք դրանք չէինք հրապարակել: Իրենց վիրավորանքները նա անվանեց «անմեղ բան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930