Երկու տարի, մի քանի փուլ, 1,5 միլիոն դոլար եւ ՀՀ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղն ունի նոր դպրոց. 4560 քմ, 30 դասարան, լաբորատորիա, մեդիա կենտրոն, բացօթյա դասարան, գրադարան, մարզադահլիճ՝ ցնցուղներով, հանդիսությունների սրահ: Եվ այս ամենը՝ կահավորված: Նոր դպրոցը, որ կառուցվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) «ՀՀ գյուղական վայրերի համապարփակ զարգացման» ծրագրի շրջանակներում, այսօր հանձնվեց մյասնիկյանցիներին: Դպրոցում աշխատելու է 44 մանկավարժ, ուսանելու մոտ 600 աշակերտ:
«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի հիմնադիր եւ ատենապետ Գարո Արմենը նկատեց, որ այսօր հայ երեխաների մտածելակերպը փոխվել է, բարեկեցիկ պայմաններն էլ ավելի կնպաստեն այդ առաջընթացին, մնում է մեծահասակներն ու մանկավարժները էլ փոխեն իրենց մտածելակերպը՝ ըստ ժամանակի պահանջների:
«ՀՀ գյուղական վայրերի համապարփակ զարգացման» ծրագրով Հայաստանի մանուկներ հիմնադրամը, բացի Մյասնիկյանից, բարեկարգ դպրոց է ապահովել նաեւ հարեւան Քարակերտ, Դալարիկ, Շենիկ ու Լեռնագոգ գյուղերի համար՝ ընդհանուր առմամբ1300 երեխա է օգտվում այս դպրոցներից:


















































