Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ ուրախ օր, որպես նախարար, չեմ ապրել». Արմեն Աշոտյան

Նոյեմբեր 17,2011 22:10

Այսօր ուսանողների օրվա կապակցությամբ «Առավոտ երիտասարդականը» որոշեց ներկայացնել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուսանողական տարիները: Նրա հետ չժամադրվեցինք. նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով տեղեկացանք, որ այսօր Կառավարության նիստ կա, այնտեղ էլ կարող ենք հանդիպել նախարարին: Մոտեցանք՝ պարոն Աշոտյանն էլ առաջարկեց իր հետ գնալ նախարարություն՝ սուրճ խմելու եւ զրուցելու:

 

 

«Աշոտյանների ցեղում չկա բժիշկ, եւ Արմենը պետք է դառնա»,- այս խոսքերը  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լսել է իր ծնողներից դեռ դպրոցական տարիներին, հետագայում էլ ավանդական ընտանիքի

զավակ լինելով՝ կատարել է ծնողների ցանկությունը: «Հոգուս խորքում ուզում էի ընդունվել Միջազգային հարաբերությունների կամ Արեւելագիտության ֆակուլտետներ»,- ասում է Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ Բժշկական համալսարան ընդունվելիս սրտի թրթիռով է բուհ մտել. «Բժշկակականը դարձել էր ինձ համար կուռք-հաստատություն, խորհրդանիշ՝ որակի, ինտելեկտի, առաջխաղացման»,- ասում է նախարարը: Բուհում բավականին լավ է սովորել, հիշում է, որ շատ հաջող խումբ ունեին` «դաժան էր»: «Առողջ մրցակցություն կար, ես էլ, ամբիցիոզ անձնավորություն լինելով, չէի ուզում  զիջել, առավել եւս՝ աղջիկներին: Մենք բոլորս գերազանցիկներ էինք»,- պատմում է Արմեն Աշոտյանը:

Ուսանողական տարիներին՝ 3-րդ կուրսից հետո, երբ բազային գիտելիքներն արդեն ստացել էր, որոշում է զբաղվել հասարակական գործունեությամբ, ծանոթանում է ուսանողական կառույցներին, հետո դառնում Բժշկական համալսարանի ՈՒԽ նախագահ: Դպրոցում եւ համալսարանում գերազանց սովորելով հանդերձ` պարոն Աշոտյանը ունեցել է նաև չսիրած առարկաներ. դպրոցում գծագրությունն էր, իսկ համալսարանում, ասում է՝ ատել է հենաշարժիչ համակարգի մասին պատմող թեման եւ դրա հետ շաղկապված ամեն ինչ՝ վնասվածքաբանություն, օրթոպեդիա և այլն.  «Սրանք էլ սովորում էի՝ բայց սիրով, կայֆով չէի սովորում»: Բացի տհաճ առարկաներից նախարարը նաև չի սիրել մի քանի դասախոսների. «Մեզ դուր չէր գալիս այն դասախոսը, որին թվում էր, թե ինքը մեզնից լավն է:  Այդ դասախոսները մեր կողմից շատ յուրահատուկ կերպով պատժվում էին. նրանցից լավ էինք սկսում այդ առարկային տիրապետել ու դասի ժամանակ խայտառակ էինք անում` տալով հարցեր, որոնց պատասխանը անգամ ինքը չգիտեր: Բացի այդ, չսիրած դասախոսներին պատժում էինք նաեւ դասից փախչելով: Սովորող խումբ էինք եւ չէինք վախենում, որ  դասախոսը քննությանը քթներիցս կբերի»,- վերհիշում է նախարարը:

Ուսանողական սթրես, բայց և խանդավառություն է զգացել, երբ հնարավորություն է ստացել արդինատուրայի կրթության մի մասը Ֆրանսիայի Մարսել քաղաքում շարունակելու: Նախարարը կարեւոր է համարում օրվա մեջ սեփական հաճույքի համար առնվազն տասը էջ ընթերցանությունը: Որպես նախարար՝ պարոն Աշոտյանը կարծում է՝ուսանողության ամենամեծ խնդիրը, բացի սոցիալականից,  ապագայի նկատմամբ հավատի պակասն է: Ըստ նրա ՝ այն հոգեբանական բնույթի է, եւ միայն Կրթության եւ գիտության նախարությունը չէ, որ պետք է ուսանողության միջից վերացնի դա:

Արմեն Աշոտյանին որոշ մարդիկ համարում եմ ուսանողական ինքնակառավարման մարմինների քաղաքականցման գործընթացի ձեւավորող, ասում են՝ նրանից հետո շատ ուսանողներ ցանկանում են ընդգրկվել ուսանողական խորհուրդների կազմում՝ պատգամավոր, հետո նաեւ նախարար դառնալու ակնկալիքով: Մեզ հետ զրույցում նախարարն այդ «ամբիցիան» բացասական չհամարեց. «Եթե մարդը չունի ամբիցիա, չի ուզում աճել, հասնել ավելի բարձր արդյունքների, ուրեմն այդ մարդու համար թերևս դժվար կլինի ապրել»,- ասում է նախարարը՝ ավելացնելով. «Մեզ կոչում են կարիերիստներ, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում, եթե ես ուզում եմ ինքս ինձ վրա աշխատելով աշխատել նաեւ ուրիշների համար եւ առաջ գնալ: Ես ամբիցիոզ եմ եւ բավարարել եմ իմ կյանքի բոլոր ամբիցիաները»: Խոսելով նախարարի պաշտոնում նշանակվելու մասնրամասներից` պարոն Աշոտյանը կատակում է. «Ես չգիտեի, որ կրթության նախարար եմ դառնալու»,- ավելացնելով` «դաժան էր, մանթրաշ էի»: Երկուսուկես տարի է, ինչ Աշոտյանը նախարար է, անկեղծանում է. «Մեկ ուրախ օր, որպես նախարար, չեմ ապրել: Այսինքն՝ սխալ է այն կարծիքը, թե նախարարի կյանքը քաղցր է: Սա մի ծանր աշխատանք է, որ քեզ կտրում է  ընտանիքից, ընկերներից, հարազատներից` դարձնելով քննադատության թիրախ, տարբեր տրամաչափի տեսախցիկների նկարահանման հերոս»:

Այսօր էլ շնորհավորելով մեզ՝ ուսանողներիս, ԿԳ նախարարը ցանկանում է, որ իզուր չկորցնենք մեր կյանքի ոչ մի օր. «Այդ իզուր չկորցնելն ինձ համար մենակ սովորելը չէ, նաեւ՝ կյանքից հաճույք եւ դասեր ստանալն է՝ չմոռանալով անձնական կյանքի մասին: Ոչ ոք չի կարող լինել հաջողակ, եթե իր անձնական կյանքում երջանիկ չէ»,- եզրահանգում է նախարարը:

 

Հռիփսիմե Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930