Լրահոս
Օրվա լրահոսը

Խտրական վերաբերմունք գյումրեցի գործարարների նկատմամբ

Նոյեմբեր 25,2011 12:41

Անգամ վարկեր տրամադրելիս առաջնորդվում են «ռայոնցիներ» ու երեւանցիներ սկզբունքով

Երեկ այս մասին Գյումրիում կազմակերպված «Շիրակ էքսպո» ցուցահանդես-վաճառքի ժամանակ դժգոհեց Շիրակի մարզի գործարարների միության նախագահ, Գյումրիի «Տավրոս» կոշիկի գործարանի տնօրեն Կարապետ Մովսիսյանը: Նրան վրդովեցրել է այն, որ գործարար միջավայրի զարգացում քարոզողները խտրական վերաբերմունք են ցուցաբերում գյումրեցիների նկատմամբ, մասնավորապես՝ բանկերից վարկեր տրամադրելիս չափազանց էժան են գնահատում գյումրեցի գործարարների ունեցվածքը, այնպես, որ վերջիններս չկարողանան օգտվել վարկերից:

«Չնայած Գյումրիի համար էդքան բարիերներ են ստեղծում, բայց արտադրություն էլի կա ու լավ էլ կա, պարզապես պետք է մի քիչ ազատություն տալ Գյումրիի արտադրողներին, չպիտի մոռանան, որ էս քաղաքում կա ամենակարեւորը՝ թասիբը: Կոնկրետ մենք սպառման շուկայի կամ որակի հետ կապված խնդիր չունենք, մեր արտադրանքը լավն է, պարզապես, քանի որ մեր արտադրությունը գտնվում է Գյումրիում, բանկերի կողմից ուղարկված ընկերությունները շատ ցածր են գնահատում Գյումրիի ունեցվածքը, ըստ այդմ էլ՝ նորմալ գումարներ, վարկեր չենք կարողանում վերցնել: Հիմնական խնդիրը դա է, Երեւանում մի շենքը, ենթադրենք, արժե 1 մլն դրամ, էստեղ էդ նույն շենքը, դեռ մի բան էլ դրանից ավելի լավը գնահատողների կողմից կարժենա ընդամենը 100 հազար»,- ասում է գործարարը: Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներն էլ դժգոհ են թանկացումներից, ըստ նրանց՝ եթե այսպես շարունակվի, ապա իրենց բիզնեսը կկործանվի: Օրինակ՝ ցուցահանդեսին Ազատանի «Իգիթ» կաթնամթերքի գործարանը ներկայացնող Հովհաննես Պողոսյանն իրենց արտադրանքի թանկացումը մեկնաբանեց այսպես. «Մենք կաթը թանկ գնով ենք ձեռք բերում, գյուղացին էլ մեղք չունի, չորս կողմն ամեն ինչ թանկ է, բնական է, գյուղացին պիտի իր կաթը թանկացնի, մենք էլ ինքնըստինքյան կթանկացնենք մեր ապրանքը: Իսկ դրա պատճառով կրճատվում են մեր սպառման ծավալները. նախորդ տարիների համեմատությամբ նվազել է սպառումը, ու ինձ թվում է՝ տարեցտարի նվազում է: Նկատի ունենանք, որ կաթից բացի՝ ամեն ինչն է թանկացել՝ վառելիքը, ցելոֆանը, ժողովուրդը ձեռքին փող չունի, մանավանդ՝ շիրակցիները: Դուք գիտե՞ք շիրակցիներն ինչպես են ապրում, ու այս մարզում բիզնես ծավալել ինչ է նշանակում»:

Մեր այն հարցին՝ եթե այսպես շարունակվի, հնարավո՞ր է մարզում ձեռներեցներ չմնան, Հովհաննես Պողոսյանն ասաց. «Տարեցտարի որ էսպես գնաց, բոլորը գնան, ձեռներեցը մնա՝ ի՞նչ անի»:

Նկատենք, որ այս տարի Գյումրիում անցկացված «Շիրակ էքսպո» ցուցահանդեսը բավականին անշուք էր ու անկազմակերպ. որքան էլ կազմակերպիչները համոզեն, որ ընդլայնվել է մասնակցող գործարարների թիվը, սակայն ակնհայտ էր, որ շատերը ճիշտ հակառակ տպավորությունն ունեին, իսկ սա նշանակում է, որ Գյումրիում կամ գործարարներն են պակասել, կամ ցուցահանդեսի անցկացման վայրը ճիշտ չէր ընտրված: «Հոկտեմբեր» կինոդահլիճի սրահը նեղ էր, ու շատ գործարարներ չէին կարողանում ի ցույց դնել իրենց արտադրանքը: Միակ նորությունը թերեւս Հայաստանում գտնվող թուրք գործարարների պատվիրակության մասնակցությունն էր: Հարեւան պետության գործարարներն իրենց ելույթներում ակնարկում էին, որ անհարմար են զգում փակ սահմանների համար: Ի դեպ, Դիարբեքիրի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Դիաբին Գըզըրը, անդրադառնալով նախորդ օրը Թուրքիայի արտգործնախարարության տարածած այն հայտարարությանը, որ չի ընդունում Երեւանում հայ ու թուրք գործարարների միջեւ ստորագրված համաձայնագիրը, ասաց. «Մենք քաղաքական ոչ մի աստառ չենք տալիս համաձայնագրին, քաղաքականության հետ գործ չունենք, քանի որ մեր որոշ մասնակիցներ առեւտուրը կազմակերպում են Վրաստանի եւ Իրանի վրայով, որոշ հայ գործարարներ էլ իրենց արտադրանքը Թուրքիա են արտահանում, երբեմն ոչ դրական արդյունքներ էլ են ստացվում, ու մենք առեւտրատնտեսական գործարքները կայուն հիմքերի վրա դնելու համար ենք ստորագրել»:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930