Ինչպե ՞ս եւ ինչո ՞ւ է Նարեկ Հարթունյանը կալանավորվել
«Նարեկ Հարթունյանը երբեւէ չի խուսափել հարկեր վճարելուց: Ընդամենը չի վստահել ստուգման ակտին եւ փորձել է դատական կարգով վիճարկել վերստուգման ակտը: Նա լիարժեք կերպով օգտվել է իր իրավունքներից, եւ դա չի կարելի դիտել որպես հարկեր վճարելուց չարամտորեն խուսափում»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Երեւանի եւ Շուշիի «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարթունյանի` (Հարությունյանի) դեկտեմբերի 9-ին բերման ենթարկվելուն եւ կալանավորվելուն, ասաց Ն. Հարթունյանի քրեական գործերով պաշտպան, փաստաբան Անի Թորոսյանը:
Ընդգծենք, որ կալանավորումը կապված է ոչ թե «Նարեկացի» միության, այլ «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» ընկերության հետ:
Կարդացեք նաև
Մեկ օրվա ընթացքում «Նարեկացիի» հիմնադրին մեղադրել, հարցաքննել և մեղավոր էին ճանաչել՝ ըստ նրա պաշտպանի, առանց պատշաճ ընթացակարգերի:
Մեր զրուցակցի փոխանցմամբ, Նարեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով (Հարկերից չարամտորեն խուսափելու համար) եւ որպես մեղադրյալ են ներգրավվել նաեւ քր. օր.-ի 190 հոդվածի 2-րդ մասով (Գումարների լվացման համար):
«Դեկտեմբերի 9-ին Նարեկին ներգրավվել են որպես մեղադրյալ, եւ նույն օրը կալանքը որպես խափանման միջոց ընտրել: Դեկտեմբերի 8-ին համերգ պետք է կազմակերպվեր Նարեկացի արվեստի միության կողմից՝ Ղափլանյանի անվ. Դրամատիկական թատրոնի շենքում: Քաղաքում էլ գովազդները տեղադրված էին, այսինքն թաքնվելու ինչ-որ հանգամանք չկար: Քննիչ Ռ. Մկրտչյանը որոշում է կայացնում, որ հենց այդ օրը Նարեկը պետք է ներկայանա հարցաքննության, չնայած այն հանգամանքին, որ ինքս Մկրտչյանից խնդրել էի ցանկացած այլ օր՝ բացի ամսի 8-ից: Դրանից անմիջապես հետո բերման որոշում է կայացվում: Այդ որոշումը վերցնում են դիմակավորված անձինք եւ փորձում հարկադրաբար Նարեկին դուրս հանել «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզսի» տարածքից: Պատրաստ են եղել ամեն ձեւով՝ կոպիտ ասած, քարշ տալով տանել, բայց Նարեկն ասել է, որ հարկադրաբար տանելու առիթ չկա, եւ հանգիստ հետեւել է իրեն բերման ենթարկողներին»,- պատմում է փաստաբանը:
Զրուցակցիս հավաստմամբ, Նարեկի կալանավորումը եղել է ակնհայտ ոչ ճիշտ հիմքերով եւ դեռ հակասական ցուցմունքներ կան, որոնք շտկման եւ լուրջ առերեսումների կարիք ունեն. «Չի կարելի մի կողմի տված ցուցմունքները, ստուգման ակտը դնել հիմքում եւ մարդուն կալանավորել: Մանավանդ որ ստուգման ակտը մենք այսօր վարչական դատարանում վիճարկում ենք: Այդ ակտով առաջադրվել էր 111 մլն դրամի հարկային պարտավորություն: Բայց տեղեկանք վերցրինք Շենգավիթի հարկային տեսչությունից, ըստ որի, փաստացի հարկային պարտավորությունը այս պահի դրությամբ կազմում է 105 մլն դրամ»:
Ա. Թորոսյանն ասաց, որ կան իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ՝ «Իբրեւ Նարեկը փորձում է ազդեցություն գործել մյուս վկաների վրա, ինչն ակհայտ հերյուրանք է եւ սուտ: Պատրաստվում եմ պահանջել քրեական գործ հարուցել եւ պարզել, թե ինչ հիմքով են կարողանում այդ ցուցմունքները ստանալ»:
Որոշ անձանց պետք էր, որ Նարեկին մեկուսացնեին հասարակությունից. փաստաբան
Ա. Թորոսյանը նշեց, որ դատարանում ինքը միջնորդությամբ հանդես է եկել եւ խնդրել որպես խափանման այլընտրանքային միջոց կիրառել գրավը: Դատարանը մերժել է փաստաբանի միջնորդությունը: «Ըստ էության, որոշ անձանց պետք էր, որ Նարեկին մեկուսացնեին հասարակությունից»,- եզրակացնում է Ա. Թորոսյանը:
Այժմ Ն. Հարթունյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Ա. Թորոսյանն ասաց, որ կալանավայրում նրա վիճակի եւ պայմանների մասին տեղյակ չէ. առավոտյան պատրաստվում է ԱՄՆ դեսպանատան, Մարդու իրավուքների պաշտպանի որեւէ ներկայացուցչի հետ գնալ այնտեղ եւ անձամբ ծանոթանալ պայմաններին:
Մինչ «Նարեկացիի» հիմնադիրը բանտում է, մշակութասեր հանրությունը սոցցանցերում եւ մշակութային տարբեր օջախներում պատրաստվում է նրա ազատման համար ակցիաներին:
Facebook-ում ստեղծվել է Free Nareg էջը, որին այս պահին միացել է 1200-ից ավելի օգտատեր: Ամեն րոպե ավելանում է նաեւ նրա ազատման պահանջով ստեղծված օնլայն ստորագրահավաքի ներքո ստորագրողների թիվը:
Սովորական հանցագործի վերաբերմունք …

Ձախից` քանդակագործ Վիգեն Ավետիս, Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարար Նարինե Աղաբալյան, Նարեկ Հարթունյան: Շուշիի քանդակի 1-ին միջազգային սիմպոզիումի անցկացման որոշում կայացվեց:
«Նարեկացի» արվեստի միության ադմինիստրատիվ ղեկավար Րաֆֆի Մովսիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հսկայածավալ միջոցառումների շարք են սկսելու Ն. Հարթունյանի ազատման համար:
Ր. Մովսիսյանից հետաքրքրվեցինք, թե ՀՀ մշակույթի նախարարությունից որեւէ արձագանք եղե ՞լ է: Նա պատասխանեց, որ մշակույթի նախարարուհին այժմ երկրից դուրս է, սակայն վստահ է, որ վերադառնալուն պես կարձագանքի խնդրին:
«Մի մարդ, որ դեռեւս 1 ամիս առաջ մշակույթի նախարարության կողմից արժանացավ բարձրագույն ոսկե մեդալի եւ մեկ տարի առաջ՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերաբերյալ իր մեծ, հսկայածավալ գործունեության համար`վարչապետի պատվո շքանշանին՝ ոսկե մեդալին, այսօր այդ նույն իշխանության մեջ, իբրեւ սովորական հանցագործի վերաբերմունք ունի»,- ցավով նշում է «Նարեկացիի» աշխատակիցը:
Ր. Մովսիսյանի խոսքով, 6 տարի Երեւանում եւ 5 տարի Շուշիում գործող «Նարեկացի» արվեստի միությունը, որ ամբողջությամբ ֆինանսավորվում է հենց այդ ընտանիքի կողմից, արդեն 6-7 ամիս տեւող այս տհաճ պատմության պատճառով խաթարել է նաեւ միության գործունեությունը. «Եթե մենք պարբերաբար բավականին մեծ հրատարակություններ էինք ունենում՝ յուրաքանչյուր տարի՝ մոտ 4 ձայնասկավառակի կամ գրքերի տեսքով, ապա այս տարի մենք ունեցանք ընդամենը մեկը: Նարեկ Հարությունյանը պետք է այսօր ազատության մեջ լինի, եւ միությունը իր տարբեր միջոցառումներով, արվեստագետների հետ մեկտեղ փորձելու է այդ ձայնը բարձրացնել եւ պայքարել այն նույն առաքելությամբ, որը Նարեկ Հարությունյանը փորձել էր տեսնել հենց «Նարեկացի» արվեստի միության գործունեության մեջ»:
Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ



















































