ԱԺ նախագահի ընտրության արդյունքները մեկնաբանում է Րաֆֆի Հովհաննիսյանը
ԱԺ նախագահի ընտրություններից հետո Լարիսա Ալավերդյանն ասաց,որ չնայած հավաքած 4 ձայնին՝ ինքն ուրախ է արդյունքներից: Այսօր «Գոլդեն թուլիփ» ակումբի հյուրը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն էր, եւ Aravot.am-ի հարցին ի՞նչ հասկացաք Դուք այդ ընտրություններից, որ ՀՅԴ-ն ընդդիմություն չէ՞՝ նա պատասխանեց. «Ես համարում եմ, որ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը ընդդիմություն են, ես համարում եմ, որ նաեւ շատ այլ կուսակցություններ եւ ժողովրդի մեծամասնությունը ընդդիմություն է եւ պետք է, որ այս ընդդիմությունները միանան ժողովրդավարական ազգային մի օրակարգի շուրջ՝ լիներ դա Մարտի 1, մարդու իրավունք, խոսքի ազատություն, Արցախի ճանաչում, այն ուժերը,որոնք իրենց համարում են ընդդիմություն, պետք է միասին կանգնեին միեւնույն օրակարգի շուրջ: Թե տիկին Լարիսան ի՞նչ էր ակնարկում ընտրությունների արդյունքների պահով, ես չեմ կարող ասել, ես պիտի ուզենայի, որ այլընտրանքային թեկնածուն ավելի քվեներ ունենար, ակնկալում էի, որ այդտեղ լինեին թե՛ ՀՅԴ մեր գործընկերները, թե՛ անկախ մտածող պատգամավորները: Ինչպես որ «Ժառանգությունը» կարող է ինքը չհավանի ՀՅԴ-ի կամ Կոնգրեսի կամ մեկ այլ ուժի ղեկավարի արտահայտությունը, համարի դրանք սխալ են, բայց, այնուամենայնիվ, քվեարկի ճշտի կողմը, քվեարկի խղճի մտոք: Բոլոր դեպքերում ես մեծ ուրախությամբ կքվեարկեի Դաշնակցության թեկնածուի օգտին, եթե իրենք այլընտրանքային ներկայացուցիչ առաջադրեին»:
Պարոն Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ Լարիսա Ալավերդյանի թեկնածությունն առաջադրել վերջին պահին են որոշել, նախապես մի քանի օր առաջ չի քննարկվել: Բայց նա վստահ չէր,որ նախօրոք պատրաստվելու դեպքում դա ինչ-որ բանով կփոխեր ընտրության արդյունքները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































