Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյան. Վստահ եմ, որ գալիք տարին կլինի ավելի արդյունավետ

Հունվար 01,2012 01:32

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը.

Սիրելի հայրենակիցներ,
Նոր տարին իսկապես ընտանեկան տոն է, յուրօրինակ մի տոն, որը միավորում է բոլորիս, հեռու և մոտ գտնվող հարազատներին ու բարեկամներին, տոն` լեցուն անհուն սիրով ու ջերմությամբ:
Հենց այս ոգով ամրացած, շնորհիվ մեր ժողովրդի միասնականության ու համախմբվածության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության` կարողանում ենք լուծել հանրապետության առջև ծառացած խնդիրները և այսօր արդեն ունենք ազատ, անկախ ու համաչափ զարգացող Արցախ:
Վստահ եմ, որ գալիք տարին կլինի ավելի արդյունավետ, և մենք կկարողանանք ապահովել մեր երկրի շարունակական զարգացումը: Դրա ամենահուսալի գրավականը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակն է, որի 20-ամյակը կտոնենք 2012 թվականին: Պաշտպանության բանակը եղել է, կա և կմնա մեր պարծանքն ու Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը:
Այս տոնական օրը ես ուզում եմ առաջին հերթին շնորհավորել մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին, վետերաններին, պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, նրանց, ովքեր այս պահին կանգնած են խրամատներում և պաշտպանում են հայրենիքի սահմանները:
Շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայությանը, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր քույրերին ու եղբայրներին:
Արցախի Հանրապետության թանկագին քաղաքացիներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երջանկություն: Թող 2012 թվականը լինի ավելի հաջող ու բարեբեր: Թող այն ուրախություն պարգևի մեր ժողովրդին, խաղաղություն ու բարեկեցություն՝ մեր երկրին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել