Լրահոս
Օրվա լրահոսը

Մազմանյանն ու «32 production»-ը «բանակային» ֆիլմ են նկարել

Հունվար 10,2012 14:33

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Ես եմ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Այն նվիրված է հայոց բանակի 20-ամյակին: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է «Գոյակ» մշակութային կենտրոնը, գաղափարը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, իրագործումն ու կատարումը՝ «32 production»-ինն է: Ֆիլմի ռեժիսորն է Վահագն Գրիգորյանը, պրոդյուսերներն են Արմեն Մազմանյանը եւ Կարեն Բաբաջանյանը: Ֆիլմում նկարահանվել են Սոս Սարգսյանը, Լեւս Դավթյանը, Եվա Ղազարյանը, Արման Նավասարդյանը, Լեւոն Մուրադյանը եւ ուրիշներ:

«Մոտ երկու ժամ տեւողությամբ ֆիլմը բանակ զորակոչվող տղայի մասին է: Իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում: Դժվարանում եմ առանձնացնել ժանրը, քանի որ ֆիլմը պարունակում է տարբեր տարրեր՝ կենտրոնում ունենալով պետականության, հայրենասիրության, սիրային պատմության շեշտադրումները… Բնականաբար, առկա է նաեւ հումորը: Նկարահանումներն անց են կացվել զորամասերից մեկում: Ֆիլմում նկարահանված դերասանները մեծ մասամբ երիտասարդ են, որոնք միեւնույն ժամանակ մասնագիտական կրթությամբ շնորհալի դերասաններ են, այնպես որ, շատերի համար այս ֆիլմը իսկապես դեբյուտ կլինի: Ֆիլմը կոմերցիոն նպատակներ չի հետապնդում»,- ասաց Կարեն Բաբաջանյանը:

Դերակատար Լեւս Դավթյանը, ավարտելով Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը, ծառայության է անցել Սյունիքի մարզի զորամասերից մեկում: 22-ամյա Լեւսը հպարտ է, որ ծառայում է հայոց բանակում, շրջապատված է հայրենանվեր զինծառայող ընկերներով ու նույնիսկ հասցրել է զինվորական կյանքի ընթացքում ֆիլմի հերոսի՝ Տիգրանի պես սիրահարվել հեռավոր շրջանի մի աղջկա, բայց այս դեպքում՝ ոչ թե գեներալի դստեր: «Իմ ստեղծած հերոսն օրինակ է ծառայելու ապագայում զինվոր դարձող եւ դարձած երիտասարդներիս: Ինձ համար մեծ պատասխանատվություն էր կինոյի վարպետ Սոս Սարգսյանի հետ նույն ֆիլմում խաղալը»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց նա:

Ֆիլմի պրոդյուսեր Արմեն Մազմանյանն էլ հավելեց, որ «Ճիշտ ժամանակն էր ստեղծել ֆիլմ՝ հայրենիքի, զինվորի, սիրո եւ բանակի մասին»:

ՄԱՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031