
Գյուղապետի խոսքերով, գյուղն ունի 770 բնակիչ, որից մոտ 180-ը «Վալեքս» ընկերությունում է աշխատում. «Մինչեւ Վալեքսի Թեղուտ գալը, ամեն տարի Թեղուտից 184 մարդ Ռուսաստան արտագնա աշխատանքի էր գնում, էսօր ընդամենը 3 հոգի է մեկնում: 60.000-350.000 դրամի չափով աշխատավարձ են ստանում, մարդիկ գոյատեւում են, ի՞նչ եք ուզում»:
Պարոն Մելիքսեթյանը համոզված է, որ իրենց գյուղում նույնիսկ հանքի շահագործման դեպքում խնդիրն այնքան մեծ չի լինի, ինչպես ներկայացնում են . «Անընդհատ խնդիրներն ուռճացնում են, խոսում են, թե Թեղուտ գետը աճուրդի է հանվել: Նախ ասեմ, որ Թեղուտ գետ ընդհանրապես չկա, Թեղուտով հոսում է Շնող գետը, գետը համարվում է ջրային տարածք, այն չի կարող օտարվել, ոչ մեկ չի կարող սեփականաշնորհել, հետո էլ՝ այն ոչ ոք չի գնահատել, այնպես որ այսպես հիմար բաներով մարդկանց ապակողմնորոշում են: Վերջին երկու տարվա ընթացքում ընդամենը երկու գետի հուն է փոխվել , մեկը՝ 2,5 կմ-ով, մյուսինը՝ մի քիչ ավելի : Լուրջ մտահոգությունների կարիք չկա»:
Գյուղապետի խոսքերով, բնապահպանների մեջ կան մի քանի հոգի, որոնք, իսկապես անհանգստացած են Թեղուտի բնապահպանական խնդիրներով, մնացածը. «Չգիտեմ ով ում գրանտներն է ուտում, բայց դրամաշնորհներով Թեղուտի շահագործման դեմ պայքարող բնապահպանների մեծ մասն աշխատում է պատվերով ու ֆինանսավորվում են կամ Հայաստանի ինչ-որ օլիգարխի կամ չի բացառվում՝ ադրբեջանական, թուրքական աղբյուրներից»:
Կարդացեք նաև
Բնապահպան Հակոբ Սանասարյանն էլ հակադարձեց գյուղապետին. «Թեղուտի խնդիրը թեղուտցիներինը չէ, Թեղուտի հանքավայրը Հայաստանի քաղաքացիների խնդիրն է: Ինչ վերաբերում է՝ բնապահպանների դրամաշնորհ ստանալու կամ դրսից թելադրված լինելուն, դա կարող է ասել մի մարդ, որն ընդհանրապես պատկերացում չունի՝ ինչ է ներկայացնում Թեղուտի ծրագիրը, ինչպիսի կորուստներ է ունենալու Հայաստանը, եթե շահագործի այդ հանքը: Ծրագիրը 28 տարվա համար է, ըստ նախագծի, շինարարության ընթացքում պետք է 1100 մարդ աշխատի, իսկ 25 տարի շահագործման ընթացքում՝ 500: Բայց 28 տարվանից հետո,1000-ավոր աշխատատեղեր վերանալու են, որովհետեւ այդ տարածքն արդեն որպես գյուղատնտեսական օբյեկտ վերանալու է: Սա էլ ի գիտություն՝ աշխատատեղերի համար պայքարող գյուղացիների»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































