Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզկենտրոնի տեսքը խաթարված է

Հունվար 28,2012 13:13

Կապանում շատերը չգիտեն ապօրինի շինարարության համար նախատեսված պատիժների մասին

Կապանի քաղաքապետարանի եւ մարզպետարանի շենքերի տեսքը ակնահաճո է, ինչը չես ասի քաղաքի բնակելի շենքերի մասին:

 

Սյունիքի մարզկենտրոն Կապանում ավելի շատ գործում է հայկական մենտալիտետը, քան օրենքը: Քաղաքի ճարտարապետական տեսքը, ըստ մասնագետների, խաթարվել ու դեռ շարունակում է խաթարվել: Բանն այն է, որ Կապանի թե՛ կենտրոնական եւ թե՛ ծայրամասային թաղամասերում քաղաքացիներն ինքնակամ իրենց բնակարաններին կից պատշգամբ են կառուցում կամ նոր լուսամուտ ու դուռ բացում՝ քանդելով, քարուքանդ անելով, վտանգի տակ դնելով ե՛ւ իրենց բնակելի շենքը, ե՛ւ շենքի մյուս բնակիչներին: Կապանում այս տարբերակն արդեն մեծ տարածում է գտել, նույնիսկ պատասխանատուներն ի զորու չեն այս անօրինական գործունեության դեմն առնել: «Աշխատանքներ տանում ենք, որ քաղաքի տեսքը գոնե կենտրոնական հատվածում կարողանանք պահպանել, բայց մեր քաղաքացիները, ցավոք, չեն ցանկանում դա անել: Համայնքի ղեկավարությունը եւ մարզպետարանն ի վիճակի չեն այդ ամենի առաջը կանգնեցնել: Մենք կցակառույց պատշգամբները տեսնում ենք միայն այն ժամանակ, երբ այդ աշխատանքներն արդեն մեծամասամբ արված են լինում: Իսկ քաղաքացիներին դիմելիս պարզվում է, որ նրանք այդ աշխատանքներն արել են առանց համապատասխան թույլտվության: Կանխարգելող մեխանիզմը գործում է, բայց ավելի շատ ու ավելի արագ հայկական մենտալիտետն է գործում, մեր քաղաքի փոքր լինելն ու բնակիչների իրար ճանաչելը: Ոչ մեկն այդ բարբարոսություն անող մարդու ձեռքից չի բռնում ու չի կանխում: Կապան քաղաքն ունի գլխավոր հատակագիծ, եւ այդ հատակագծով պարտավոր է առաջնորդվելու համայնքի ղեկավարությունը, իսկ ինչ վերաբերում է կառուցապատմանը, ապա այն պետք է իրականացվի՝ խստագույնս պահպանելով գլխավոր հատակագծով նախատեսված նորմերը»,- նշում է Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը:

Նման անօրինական շինարարություն պատասխանատուների կողմից վերջերս արձանագրվել է Կապանի Երկաթուղայինների թիվ 1 հասցեի բազմաբնակարան շենքում, որտեղ բնակիչն ինքնուրույն 5-րդ հարկում պատշգամբ է բացել՝ քանդել շենքի կրող պատի մի հատված՝ վտանգելով շենքի ամրությունը: Կառավարության անցած տարեվերջին ընդունած նոր կարգի համաձայն, անօրինական շինարարության համար տուգանքի ավելի մեծ չափ է սահմանվել: «Բնակիչների հետ ապօրինի շինությունների հարցերով բախվելիս, զգում ենք, որ նրանք հիմնականում տեղյակ չեն օրենսդրությանը, թե ապօրինի շինարարության դեպքում ինչ է սպասվում իրենց, ինչ տուգանքներ են նախատեսվում: Քաղաքացիներին խորհուրդ կտանք, որ ցանկացած քաղաքաշինական գործունեություն ծավալելուց առաջ դիմեն մարզպետարանի կամ քաղաքապետարանի համապատասխան բաժիններ, ծանոթանան կանոններին, որ հետագայում խնդիրների տեղիք չտան»,- նշում է Կապանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Արմեն Ստեփանյանը:

ՄԵՐԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031