Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարարությունում մասնակցել է զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքին: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Հայաստանի տնտեսական քաղաքականությունը, պատասխանել բարձրաստիճան սպաներին հետաքրքրող հարցերին:
Նշելով, որ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարություն՝ վարչապետն ասել է, որ դրա նպատակն է լինելու պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ 11 ճյուրեղով իրականացնել ներդրումային ծրագրեր: «Արդյունաբերական նոր ճյուղային քաղաքականության թիրախն է լինելու աշխատատեղերի ստեղծումը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետի խոսքով՝ ծրագրային երկրորդ գերակա ուղղությունը գյուղատնտեսության ոլորտն է: Կառավարությունը շարունակելու է սերմերի, դիզվառելիքի, պարարտանյութի սուբսիդավորման ծրագրերը, որպեսզի գյուղացին ի վիճակի լինի նվազեցնել գյուղմթերքի ինքնարժեքը և կարողանա ստանալ եկամուտներ: Գյուղացիական տնտեսություններին հնարավորություն է ընձեռնվելու նաև ցածր տոկոսոդրույքներով վարկերի միջոցով կամ լիզինգային տարբերակով ձեռք բերել գյուղտեխնիկա, ինչը ևս նպաստելու է այս բնագավառի զարգացմանը:
Տիգրան Սսարգսյանն ասել է, որ այսուհետ պետությունը ֆինանսական միջոցներ է հատկացնելու նաև սոցիալապես անապահով ընտանիքների աշխատունակ քաղաքացիների համար աշխատատեղերի ստեղծման և կրթության հասանելիության ապահովման նպատակով:
Կարդացեք նաև
Պաշտպանության նախարարության հետ մշակվել է ծրագիր, որով պետությունն օգնելու է զինծառայողին կողմնորոշվել հետագա գործունեության հարցում: «Մշակվել են հաշվառման թերթիկներ, որոնցով պետք է բացահայտենք, թե զինծառայողն ինչ հմտություններ, կարողություններ և ցանկություններ ունի, ինչի հիման վրա էլ յուրաքանչյուր զինծառայողի հետ անհատական աշխատանք ենք իրականացնելու, որպեսզի օգնենք նրան ընդունվել բուհ և պետպատվերի միջոցով ստանալ կրթություն: Այսինքն, պետությունը կստանձնի պարտավորություն՝ ֆինանսավորել զորացրվող երիտասարդի կրթությունը»,- նշել է կառավարության ղեկավարը:
Անդրադառնալով տարածքային համաչափ զարգացմանը՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այսուհետ կապիտալ ներդրումներն ուղղվելու են մարզեր՝ ենթակառաուցվածքների զարգացման, որակյալ ծառայությունների մատուցման և աշխատատեղերի ստեղծման նպատակով:
Զինված ուժերի նկատմամբ մշտական ուշադրություն ցուցաբերելու համար ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Տիգրան Սարգսյանին պարգևատրել է ՀՀ ԶՈՒ-ի 20-ամյակի մեդալով:
ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրություն