Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը սպառել է նոր «մարտի 1» տեսնելու ռեսուրսը

Փետրվար 20,2012 14:49 Share

«Հաջորդ խորհրդարանում չի լինելու մեծամասնական, բայց մտածում եմ, որ այսօր միայն համամասնականով խորհրդարան ձեւավորելը արդյունավետ չէ, որովհետեւ մեծամասնականներից շատերը, որքան էլ խորհրդարանի հետ կապ չունեն, ամեն դեպքում իրենց ընտրատարածքներում ինչ-որ խնդիրներ են լուծում»,- այսօր «Սլաք» ակումբում նման տեսակետ ներկայացրեց ՀՀԿ անդամ Մենուա Հարությունյանը: Նա այն կարծիքին է, որ միայն 100 տոկոսով համամասնականին անցնելով, խորհրդարանի հետ կապ չունեցող պատգամավորների դեմն առնել չի լինի.« Նրանք ձեւը կգտնեն ու այլ կուսակցության ընտրացուցակներով կգան: Այստեղ քաղաքացու դերն էլ է մեծ, իմ անցկացրած հարցումների արդյունքում ընտրատարածքներում պատգամավորին ոչ մեկ չի ճանաչում, բայց նա նույն ընտրատարածքում 6 անգամ ընտրվում է»:

Ապա , դիմելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին, հարցրեց.«Դուք համաձայն չե՞ք, որ ոչ թե մեծամասնականները վերացնենք, այլ մեծամասնականով ընտրվողների որակը փոխենք, որ նրանք աշխատեն»: Պարոն Մարտիրոսյանն էլ առաջարկեց չաշխատող պատգամավորների մուտքը ԱԺ չպայմանավորել միայն ընտրողների գործոնով. «Պետք է քաղաքացուն թույլ տալ արտահայտել իր քաղաքական կամքը, եթե սոցիալական այս իրավիճակում նրան ահաբեկում են, վախեցնում աշխատանքից հանելու առումով, էլ ընտրողն ի՞նչ անի»: Պարոն Հարությունյանն էլ կարեւորեց խորհրդարանում սերնդափոխության անհրաժեշտությունը՝շեշտելով, որ ձեւական փոփոխությունը ոչինչ չի փոխի. «Եթե ուրիշի փոխարեն կոճակ սեղմող կամ ոչինչ չասող ու չանող պատգամավորի փոխարեն գալու է ավելի երիտասարդ ու ուրիշի տեղը կոճակ սեղմող պատգամավոր ու ոչինչ չանի, դրանից ոչ մի բան չի փոխվի: Եթե պոտենցիալ ավազակ նախարարին պետք է փոխարինի պոտենցիալ ավազակ երիտասարդ նախարարը, դրանից կրկին ոչ մի բան չի փոխվի»: Պարոն Մարտիրոսյանն էլ հավելեց, որ այս հարցում համամիտ է ՀՀԿ-ական գործընկերոջ հետ:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրակաշառքների բաժանման մասին պարոն Մարտիրոսյանի փաստարկներին, պարոն Հարությունյանը հակադարձեց. «Եթե Հրազդանում կեղծիքներ լինեին, Սասուն Միքայելյանն իրեն կճղեր: Եթե կեղծիքներ են եղել, ինչո՞ւ է Սասուն Միքայելյանը լռում: Հանրապետականը կեղծիքներ աներ՝ Իջեւանում էլ կաներ, բայց մենք այնտեղ պարտվեցինք, չէ՞»:

Վերջում էլ հավելեց, «Գնալու ենք ազատ, անկախ ընտրությունների ճանապարհով: Հայաստանը սպառել է նոր մարտի մեկ տեսնելու ռեսուրսը , այլեւս ընտրությունը կեղծելու ռեսուրս չունի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829