
Ներկայումս երկար եղունգներ ունենալը ոչ երազանք է, ոչ էլ խնդիր: Եղունգների արհեստական երկարացման միջոցով մի քանի ժամվա ընթացքում կարելի է ունենալ երկար և գեղեցիկ եղունգներ: «Առաջին անգամ եղունգներս արհեստական երկարացնել եմ տվել դպրոցի ավարտական երեկոյի ժամանակ, ոչ մի խնդիր չեմ ունեցել և ժամանակ առ ժամանակ այդ նպատակով դիմում եմ մատնահարդարի»,,-ասում է 22-ամյա Մանեն:
Ինչպե՞ս է կատարվում եղունգների արհեստական երկարացումը: Այս հարցի պատասախանը պարզեցինք` խոսելով մատանահարդար Լուսինե Ավագյանի հետ: «Եղունգների արհեստական երկարացումը կատարում ենք առաջին հերթին հատուկ գործիքների միջոցով, կա երկարացման երկու եղանակ` ակրիլով և գելով»: Մատնահարդարի խոսքով՝ եղունգների արհեստական երկարացումը կատարվում է 2-3 ժամվա ընթացքում, իսկ գինը տատանվում է 5000-25000 դրամի սահմաններում: «Գինը պայմանավորված է օգտագործվող նյութերի որակից և արժեքից, բնականաբար այդ ամենը մենք բացատրում ենք հաճախորդին և ինքը ընտրություն է կատարում, թե ինչ գնի համապատասխան նյութերով անենք»,-ասում է մատնահարդարը:
Լուսինե Ավագյանը սովորել և որոշ ժամանակ աշխատել է Մոսկվայում: Նրա խոսքով` ինչպես այնտեղ, այնպես էլ Հայաստանում եղունգների արհեստական երկարացմանը դիմող կանանց թիվը մեծ է: Եղունգների երկար և գեղեցիկ լինելը, իհարկե, հաճելի է, բայց պետք է ուշադրություն դարձնել նաև առողջությանը: «Եղունգների արհեստական երկարացումը հակացուված է այն մարդկանց, ովքեր ընդունում են հակաբիոտիկներ և ունեն եղունգների սնկային հիվանդություն»,-ասաց մաշկաբան Սոնա Մարտիկյանը:
Այն հարցին, թե եղունգների արհեստական երկարացումը ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ, մատնահարդարը պատասախանեց. «Բացասական հետևանքներ կարող է առաջանալ այն դեպքում, երբ հաճախորդը դիմում է եղունգների արհեստական երկարացմանը և մի քանի ամիս մոռանում է, որ դրանք վերամշակման կարիք ունեն, անհրաժեշտ է 2-3 շաբաթը մեկ անգամ դիմել մասնագետի՝ վերամշակում (կորեկցիա) անելու նպատակով»: Իսկ մաշկաբան Սոնա Մարտիկյանի խոսքով՝ ինքը ունեցել է հիվանդ, ով եղունգների սնկային հիվանդություն էր ձեռք բերել, քանի որ տնային պայմաններում, ինքնուրույն կատարել էր եղունգների արհեստական երկարացում: «Ես խորհուրդ կտամ բոլոր կանանց բացասական հետևանքներից խուսափելու համար հրաժարվել ինքնուրույն քայլերի դիմելուց, նաև ուշադրություն դարձնել, թե մասնագետը հատուկ նյութերի միջոցով ախտահանում է գործիքները: Համոզվելու համար հաճախորդները կարող են քաղաքավարի կերպով խնդրել, որ հենց իրենց մոտ մաքրեն գործիքները և նոր օգտագործեն»,-ասում է մաշկաբանը:
22-ամյա Կարինե Այվազյանը մի անգամ կատարել է եղունգների արհեստական երկարացում, բայց արդյունքներից գոհ չէ. «Արհեստական երկարացում կատարելուց հետո եղունգներիս որակը փոխվեց` շերտավորվում էր: Երկար ժամանակ պահանջվեց մինչև եղունգներս ստացան իրենց նախկին հարթությունը և որակը»,:
Մաշկաբան Սոնա Մարտիկյանի խոսքով՝ նման խնդիրներ կարող են առաջանալ նաև, երբ հաճախորդները դիմում են պատահական մասնագետի, առանց համոզվելու, թե իրոք նա պրոֆեսիոնալ է: Այդ պատճառով էլ մաշկաբանը խորհուրդ է տալիս չդիմել պատահական մասնագետների և հիշել, որ եղունգների գեղեցկությունը արտահայտվում է ոչ միայն երկարությամբ, այլև դրանց առողջ լինելով:
Հ. Գ. Աշխարհում ամենաերկար եղունգներ ունեցող մարդը համարվում Էր ԱՄՆ-ի Սոլտ Լեյկ Սիթի քաղաքի բնակչուհի 68-ամյա Լի Ռադմոնդը: Նրա եղունգների ընդհանուր երկարությունը կազմել է 8մ 75սմ: Սակայն 2009թ. տեղի է ունեցել ավտովթար, որի պատճառով նա կորցրել է իր եղունգները:
Անի Ենոքյան


















































