Լրահոս
Օրվա լրահոսը

Աղանդավորական հավաքատեղի՝ Ճարտարապետների միությունո՞ւմ

Մարտ 06,2012 13:34

Մկրտիչ Մինասյանի եւ տեր Շմավոնի մեկնաբանությունները

«Առավոտի» տեղեկություններով, Հայաստանի ճարտարապետների միության շենքը կիրակի օրերին տրամադրվում է Հայ առաքելական եկեղեցու կողմից աղանդ համարվող «Божья обитель» (թարգմանաբար՝ Աստծո օթեւան) կրոնական մի կազմակերպությանը՝ քարոզչական հավաքների համար:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը մեզ հետ զրույցում չհերքեց, որ կիրակի օրերին իսկապես իրենց դահլիճը տրամադրում են կրոնական մի կազմակերպության: Նա, սակայն, վստահ չէ՝ աղանդավո՞ր են այդ հավաքների նախաձեռնողները, թե՞ ոչ. «Ինձ ասել են, որ ավետարանչականներն են, ի դեպ, մեր դիմացն են նստում՝ ԱՄՆ դեսպանության նախկին շենքում: Ուղղակի շաբաթը մեկ անգամ մեր միության դահլիճը վարձում են երկու ժամով»:

Հարցրինք՝ իսկ տարածք տրամադրելուց առաջ չե՞ն հետաքրքրվում, թե ում են տրամադրում: Պարոն Մինասյանը նշեց, որ գոյատեւելու համար Ճարտարապետների միությունը ստիպված է երբեմն իր տարածքները այլ կազմակերպությունների տրամադրել, նաեւ հավելեց. «Պահանջել եմ, որ հիմնավորեն՝ գրանցում ունե՞ն, թե՝ ոչ: Ասել են՝ պիտի բերեն: Ամեն դեպքում, կպարզենք՝ ովքեր են»:

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը «Առավոտին» ասաց, որ անթույլատրելի է համարում ստեղծագործական միությունների տարածքները կրոնական կազմակերպությունների տրամադրելը: Հոգեւորականի ձեւակերպմամբ, միությունների շենքերը մշակույթի օրրաններ են, էդտեղից միայն ստեղծագործ միտք պետք է դուրս գա:

«Ամեն մարդ պետք է հասկանա՝ ինչ է աղանդը: Չեմ կարծում, թե Ճարտարապետների միությունում այդքան անգրագետ եւ անտեղյակ մարդիկ են, որ չգիտեն՝ ով է, ինչ է, իրական Ավետարանական պաշտոնական եկեղեցի՞ է, թե Ավետարանականի տակ թաքնվող մանր-մունր աղանդավոր կազմակերպություն: Հայ առաքելական եկեղեցին չի համարում, որ Հայ ավետարանական եկեղեցին աղանդ է, բայց բոլորը գիտեն այդ եկեղեցու շատ ճյուղավորումների դիրքորոշման մասին: Ի դեպ, ավետարանչական բառը հաճախ սխալ են գործածում, Հայաստանում միայն մեկ Ավետարանչական կազմակերպություն կա, որը թեպետ կրոնական չէ, բայց միեւնույն ժամանակ ոչ կրոնական լինելով հանդերձ, ամբողջությամբ կրոնական գործունեություն է ծավալում: Բոլոր այդ տեսակ կազմակերպությունները իրենց հարիր վիճակի մեջ են: Ինչ մնում է «Божья обитель»-ին, դա բացահայտ աղանդավորական կազմակերպություններից է, որը կարողացել է ֆինանսների միջոցով համոզել, թե աղանդավոր չէ: Ցավոք, մի դարաշրջանում ենք ապրում, որտեղ գումարը լույս է տալիս գիշերները, շատ արարքներ քողարկում-դարձնում է անմեղ: Բազմաթիվ նման դեպքերի ենք հանդիպում առօրյայում, դատական պրոցեսների ժամանակ, պատահում է նաեւ, որ 10, 20, 90 տարով շենք է վարձակալվում, եւ հետո «հանկարծակի» պարզվում է՝ վա՜յ, իրենք աղանդավոր են: Եթե ցանկություն լինի, ի սկզբանե մարդը կհասկանա՝ ով է աղանդավոր, ով՝ ոչ: Ճարտարապետների միության շենքի դեպքում՝ ոչ էլ ցանկություն է եղել, պարզապես առիթը գումար վաստակելն է: Այսօր ցանկացած միության շենք՝ լինի գրողների, թե ճարտարապետների, հայերիս համար մնում է որպես մշակութային օջախ, օրրան, որտեղից պետք է գեղեցիկ եւ վսեմ մտքեր դուրս գան՝ հիմնավորելու մեր մշակութային արժեքները: Այդ տարածքները պետք է սրբության սրբոց լինեն եւ հանուն գումարի չդառնան հանրամատչելի ու հավաքատեղ՝ կրոնական կազմակերպության համար»,- ասում է տեր Շմավոնը:

Դառնալով կրոնական այլեւայլ կազմակերպություններին եւ կոնկրետ փաստին՝ հոգեւորականը նշում է. «Նրանք «ճիշտ» գործունեությամբ են զբաղված, լավագույնս իրենց գործն առաջ են տանում, այսինքն՝ քաղաքի սրտում ունեն օջախ, որտեղից իրենց սարդոստայնը կտարածեն ամենուրեք: Չի բացառվում, որ մի օր էլ եկեղեցիներից ինչ-որ մեկում, որը օծված չէ կամ պատմամշակութային արժեք ներկայացնող կոթող է, հավաքվեն ու սովորական մարդկանց էլ շփոթության մեջ գցեն: Չմերժել Հայ առաքելական եկեղեցին՝ դեռ չի նշանակում, որ մեր եկեղեցու կողքին ես կանգնած: Ավետարանական խոսք կա՝ ով ինձ հետ չի հավաքում, ցրում է: Հիմա իրենք ցրում են մեր հավաքածը: Ճարտարապետների միությունը պետք է վերանայի իր քայլը, չի՛ կարելի գումարի համար վաճառվել, եւ խոսքը զուտ տարածքի մասին չէ, այլ ընդհանուր մշակութային վիճակի: Մի՞թե Ճարտարապետների միությունն այնքան աղքատ էր, որ դրանց տված մի քանի կոպեկը պիտի հարստացներ իրենց: Հասկանալի է, որ ճգնաժամ կա, միջոցների կարիք, բայց այդ պատճառաբանությամբ չի կարելի արդարացնել ամեն բան: Նույն տրամաբանությամբ մարդասպանն էլ կարող է արդարացնել իր քայլը, գողն էլ՝ իրենը, ասելով, թե երեխաներս սոված էին, թալանեցի կամ սպանեցի: Նման քայլը ես որակում եմ դավաճանություն՝ սեփական ազգի, գաղափարի, Հայ առաքելական եկեղեցու հանդեպ: Կոչ եմ անում Ճարտարապետների միության նախագահին եւ մարդկանց, ովքեր դրանում դեր ունեն, վերանայել իրենց քայլը, քանի դեռ համընդհանուր պարսավանքի չեն արժանացել»,- հայտարարում է տեր Շմավոնը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031